Ինչպե՞ս է Արթուր Հակոբյանը կտրել իր դասարանցի աղջկա հյուսքը, և ինչո՞ւ է տնօրենը նրան «դուրս արել» դպրոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 1-ն է` ուսումնական տարվա առաջին օրը: Ոմանք հենց առաջին անգամ են շտապում դպրոց, ոմանք էլ վաղուց արդեն հրաժեշտ են տվել դրան` իրենց հուշերում՝ սակայն պահելով դպրոցական տարիների վառ ու թեժ դրվագները, հետաքրքիր պատմությունները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր հուշերով կիսվեց դերասան Արթուր Հակոբյանը, ով դպրոցն ավարտել է գրեթե 40 տարի առաջ եւ ով, ի դեպ, բավական չարաճճի աշակերտ է եղել:

«Դպրոցում ինչ արտառոց դեպք լիներ, ես մասնակից էի: Իմ սիրելի առարկաներն էին հայոց լեզուն եւ գրականությունը: Ես գիտեի` ինչ առարկաներ են ինձ հարկավոր ընդունելության քննությունների համար, դրանք լավ սովորում էի, իսկ մյուս առարկաներին մոտ չէի գնում: Քիմիայիս գիրքն, օրինակ, թարմ էր մնում ողջ տարվա ընթացքում»,-խոստովանեց նա: Դերասանը հիշեց զվարճալի դեպքեր` կապված դպրոցական տարիների հետ:

«Դիմացս նստում էր մի աղջիկ, որի հյուսքն ինձ խանգարում էր, նա դիտմամբ այն խփում էր երեսիս: Մի օր ասացի` մկրատը բերելու եմ, հյուսքդ կտրեմ: Մյուս օրն այդպես էլ արեցի ու հիշում եմ, որ դրանից հետո շատ խառը պատմությունների մեջ ընկա»,-ծիծաղելով նշեց նա: Ա.Հակոբյանի խոսքով, երբ ինքն ավելի մեծ էր` 10-րդ դասարանում էր սովորում, սովորաբար դիտավորյալ ուշանում էր դասից. «Հենց դասարանի դուռը բացում էի, ուսուցչիս եւ իմ միջեւ շատ զվարճալի դիալոգ էր սկսվում, որին սպասում էր ողջ դասարանը.

-Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան:

-Բարեւ Ձե՜զ, բարեւ Ձե՜զ:

-Համեցե՜ք, նստե՜ք:

Եվ այդպես` ամեն օր: Մի անգամ էլ երբ հերթական անգամ ուշացած մտա դասարան, ուսուցիչս ոչինչ չասաց, ես էլ հարցրի, ասացի. «Բա ինչո՞ւ չեք ասում` իյա՜, բարեւ Ձեզ, պարոն Հակոբյան»: Որ չպատասխանեց, ներս նայեցի, տեսա, որ տնօրենը եկել էր դասալսման, կապտեցի: Հենց վերջինս իմ դեմքը տեսավ, ասաց. «Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան»: Էդպես տնօրենս պահանջեց օրագիրս, բայց օրագիր չկար պայուսակիս մեջ, ստիպված ասացի, որ մայրս մոռացել է դնել: Ասաց. «Ա՛յ տղա, 10-րդ դասրան ես, մա՞յրդ է պայուսակդ դասավորում (իհարկե, դա այդպես չէր)»: Հետո պահանջեց, որ գրքերս ցույց տամ, գիրք էլ չէի տարել:

Պայուսակս թափ տվեց, միջից պիեսներ ընկան, վերցրեց, դրեց տեղն ու ասաց. «Դե ռա՛դ եղի դպրոցից»: Իհարկե, ինձ չհանեցին: Անցան տարիներ, դպրոցը վաղուց արդեն ավարտել էի, 1988-ի երկրաշարժից հետո մեր տուն այցելեց տնօրենը, ասաց, որ դպրոցի նոր շենք են կառուցել, ուզում են, որ ես` որպես պատվավոր հյուր, ներկա լինեմ դրա բացմանը: Էդ ժամանակ ես ինձ չկորցրի, ասացի. «Բա տարիներ առաջ, երբ ինձ դպրոցից դուրս էիք անում, հեչ մտքներովդ չէր անցնո՞ւմ, որ ես մի օր Ձեր պատվավոր հյուրն եմ լինելու: Բոլորս ծիծաղեցինք»,- վերհիշեց դերասանը` հավելելով, որ դպրոցական տարիների հետ կապված ամեն մի դրվագ յուրահատուկ տեղ ունի իր կյանքում եւ երբեք չի մոռացվում:

Աննա Բաբաջանյան

01.09.2016թ.




Լրահոս