ԱՂՈԹՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՐՍՏԱՆԱՆ, ԻՍԿ Ո՞ՒՐ Է ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մեր ձեռքի տակ հայտնվեց մի հայտարարություն, որով մարդկանց հրավիրում էին աղոթքի ծառայության: Որոշեցինք գնալ հայտարարության հետքերով: Աղոթքի ծառայությունը տեղի է ունենում խուլ ու համրերի մշակույթի պալատի դահլիճում:

Մոտենալով դահլիճի դռանը՝ այնտեղ կանգնած երկու հսկող կանայք, նկատելով մեր հեռախոսը, նախ հրահանգեցին անջատել այն, նոր միայն ներս թողեցին: Դահլիճում ներկա էր մոտ 3 տասնյակի հասնող մարդ՝ կանայք, տղամարդիկ, մանկահասակ երեխաներ: Բեմում էին քարոզիչը եւ երեխաների երգչախումբը, որը գովերգում էր Հիսուս Քրիստոսին:
Փորձեցինք գոնե մի քանի կադր որսալ, սակայն անմիջապես նկատելով հեռախոսը՝ բավական կոպիտ տոնայնությամբ բեմից հրահանգվեց անջատել այն՝ նշելով, որ բոլորի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տեսանկարահանում տեղի չի ունենալու: Տեսանկարահանում իրականացնել չհաջողվեց, սակայն կարողացանք ձայնագրել այդ արարողությունից մեկ հատված, որի ժամանակ քարոզիչը գովերգում է Հիսուս Քրիստոսին, փառաբանում նրան: Այս ողջ ընթացքում, ներկաներն իրենց ձեռքերը վեր պարզած, Հիսուսի անունն էին վանկարկում եւ փառք տալիս նրան: Քարոզիչը, սակայն, սաստում էր յուրաքանչյուրին, ում ձայնն իր ձայնից բարձր էր:
Դահլիճում ներկա տղամարդկանցից մեկը տեսանկարահում էր երգչախմբի եւ քարոզչի ամբողջ ելույթը:
Արարողության ողջ ընթացքում ակնհայտ էր տոտալ հսկողություն կոնկրետ մեր նկատմամբ: Պատճառը ենթադրվում է՝ այն էր, որ նախ՝ անծանոթ էինք ներկաներին, բացի այդ՝ վախ կար, որ որեւէ ինֆորմացիա դուրս կգա դահլիճի սահմաններից: Ընդ որում, հսկում էր ոչ միայն քարոզիչը, այլեւ աղոթքին ներկաները: Նրանցից մեկը, նկատելով պայուսակի վրա դրված հեռախոսը, ասաց, որ եթե այն միացված է, ապա պարտավոր ենք անջատել: Ստանալով պատասխան, որ հեռախոսն անջատված է, այլեւս հարցեր չուղղեց, սակայն նույնիսկ լռության պարագայում զգում էինք մեզ ուղղված նրա ակնդետ հայացքը:
Մեզ համար մտահոգիչ է այն փաստը, որ այս ողջ արարողությանը ներկա էին ամենատարբեր տարիքի երեխաներ: Նրանց տարիքը տատանվում էր մի քանի ամսականից մինչեւ 15-16 տարեկանների շրջանում: Թե ինչ կազմակերպություն էր, ինչու էին աղոթում, այդպես էլ չկարողացանք հասկանալ:
Այն, որ ներկայումս Հայաստանում գործում են ամենատարբեր կրոնական կազմակերպություններ, անհերքելի փաստ է:
Անդրադառնալով կոնկրետ մեր մատնանշած դեպքին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է: Վերջինիս խոսքով՝ աղոթքի ծառայություն եզրույթի տակ, որքան էլ որ հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է:
«Ե՛վ այդ անվճար բառը, ե՛ւ աղոթքի ծառայություն ձեւակերպումը, ե՛ւ հատուկ ընդգծումն ու շեշտադրումը, որ մենք աղոթում ենք, եւ դուք կբուժվեք կոնկրետ այս կամ այն հիվանդություններից, սա արդեն առաքելահաստատ եկեղեցիների համար խորթ ձեւակերպում է: Սա վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք հոգեորսության ամենադասական օրինակներից մեկի հետ», – նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչից ելնելով են մարդիկ մաս կազմում տարբեր կրոնական կազմակերպությունների, Տեր Եսային ընդգծեց՝ նայած, թե որ կազմակերպության մասին է խոսքը:
«Կան կրոնական կազմակերպություններ, որտեղ կոնկրետ ասվում է, որ դուք կգաք մեզ մոտ, մենք կաղոթենք, եւ դուք կհարստանաք, կան կրոնական կազմակերպություններ, որտեղ առաջարկվում է առողջություն եւ բժշկություն՝ մենք ձեզ համար կաղոթենք, եւ դուք կբժշկվեք անգամ անբուժելի հիվանդություններից: Առհասարակ մարդկանց գայթակղում է այն հանգամանքը, որ կարծես թե ամեն ինչ շատ հեշտ է. մասնակցել կրոնական կազմակերպության այս կամ այն հավաքին, եւ կլինի հարուստ, եւ կառողջանա: Իրականում գայթակղիչ առաջարկ է, բայց անկեղծորեն միամիտ հոգիների համար», – կարեւորեց քահանան:
Տեր Եսային համաձայն չէ տարածված տեսակետի հետ, որ գնալով կրոնական կազմակերպությունների թիվն աճում է: Վերջինիս խոսքով՝ սա չափազանցված տեղեկատվություն է, եւ իրականում կրոնական կազմակերպությունները ոչ թե ավելանում են, այլ պակասում են:
«Բացառությամբ խարիզմատ ուղղության կրոնական կազմակերպությունների, որտեղ անդամների թվի աճ են գրանցում, մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները կորցնում են հավատացյալներ, որովհետեւ մարդիկ այդպես էլ չեն հարստանում միայն աղոթելով, եւ չեն բժշկվում միայն պաշտամունքներին մասնակցելով», – կարծում է Տեր Եսային:
Վերջինս նշեց, թե որքան ավելանում է հոգեւորականների թիվը, այնքան քարոզն է ավելանում, իսկ քարոզչության միջոցով մարդիկ կարողանում են հետ մնալ այս կամ այն կրոնական կազմակերպությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ:
«Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության, մեր հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է», – ասաց քահանան՝ եզրափակելով, որ եթե նույնիսկ մեկ կամ երկու աղանդավորական կա մեր իրականության մեջ, դա մտահոգիչ է:
Չենք կարող ասել, թե, ի վերջո, մարդկանց ինչն է ստիպում մաս կազմել կրոնական տարբեր արարողությունների, որտեղ ակնհայտորեն հոգեորսությամբ են զբաղվում: Սա նման չէր հավատի, նման չէր կրոնական արարողության: Գուցե մարդկանց այստեղ է բերում ֆինանսական շահը, գուցե նրանք այստեղ են գալիս հոգեւոր ինչ-որ պահանջմունքներ բավարարելու: Ամեն դեպքում կարեւոր է, որ վերջնական արդյունքում ցանկացած մարդ իրեն խաբված չզգա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՑԱՆ-ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ Է ԳՆԵԼ

Արթիկի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար պետական միջոցներով հետաքրքիր գնումներ է կատարել: Քաղաքապետարանը գնել է նստարաններ` «Հայաստան» անվանումով, 16 հատ, իսկ յուրաքանչյուրի համար վճարել է 93 հազար դրամ: Այսինքն՝ 16 հատ նստարանի համար Արթիկի քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 488 հազար դրամ: Քաղաքապետարանը պահանջել է, որ նստարանները լինեն չուգունե ձուլվածքով: Այն գնվել է «Ույուտ Սենթր» ընկերությունից, որի պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 8-ին:

Հայաստանի քաղաքային համայնքների ղեկավարները աթոռների գնման հարցում հետեւում են Երեւանի քաղաքապետարանի օրինակին: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակից ավելի միլիոններ է ծախսում` նստարաններ եւ աթոռներ գնելու համար: «Ժողովուրդ»-ի հարցին` հնարավոր չէ արդյո՞ք ավելի էժան գնով ձեռք բերել քաղաքի նստարան, Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն ասաց. «Մենք ավելի մատչելի գնով ենք նստարան ձեռք բերել, քան Երեւանի քաղաքապետարանը: Ճիշտ է՝ տարբերությունը չնչին է, բայց մեզ հաջողվել է էժան գնել»:
Բացի այս՝ պարզվում է, որ Արթիկի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար մի քանի անգամ գնել է հրացան-հուշանվերներ: Օրինակ՝ քաղաքապետարանը գնել է նաեւ 5 հատ երկկողմանի ժամացույց, 4 հատ հուշանվեր-հրացան` շրջանակի մեջ, փատյա, պլաստմասսե խողովակով, 5 հատ էլ ոսկեգույն կրծքանշան: Այս հուշանվերների համար քաղաքապետարանը վճարել է ընդամենը 56 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթիկի քաղաքապետարանը օգոստոսի 10-ին պայմանագիր է կնքել «Ույուտ Սենթր» ընկերության հետ: Ըստ որի` քաղաքապետարանը գնել է արծաթից պատրաստված 4 հատ պարագաներ: Մասնավորապես քաղաքային բյուջեի հաշվին գնվել է արծաթյա սպասք, որի մեկ կոմպլեկտը պարունակում է արծաթյա, նախշազարդ սափոր, 4-ից 6 հատ փոքր բաժակներ` 50-60 գրամանոց, եւ սկուտեղ: Արծաթից պատրաստված իրերի համար Արթիկի քաղաքապետարանը ծախսել է 225 հազար դրամ:
Փոխքաղաքապետի խոսքերով՝ այս ամենը նախատեսված է նվիրելու համար. «Հրացան-հուշանվերները Հաղթանակի օրվա հետ կապված մարդկանց ենք նվիրել, Լեհաստանի Վոդզիսլավ-Սլյոնսկիից պատվիրակության համար»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՔԱՇՔՇՈՒԿ ՀԱՂԱՐԾԻՆՈՒՄ
Սեպտեմբերի 23-ի երեկոյան՝ ժամը 20.30-ից 21.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում Իջեւանից ժամանած 20-30 ավտոմեքենաների տերերը փորձել են փակել Հաղարծին գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Ճանապարհը փակելու փորձ կատարածները Իջեւանի տարածաշրջանում վառելափայտի բիզնեսով զբաղվողներն են: Սակայն Հաղարծինի բնակիչները չեն թողել, որ իջեւանցիներն իրենց գյուղում փակեն միջպետական ավտոճանապարհը, նրանց միջեւ քաշքշուկ էր եղել: Հաղարծինի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ փայտի բիզնեսով զբաղվողները Հաղարծնում վերջին անգամ միջպետական ավտոճանապարհը փակել են սեպտեմբերի 17-ին, երբ շուրջ 4 ժամ միջպետական ավտոճանապարհով երթեւեկը կաթվածահար էր: Սեպտեմբերի 22-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում, Հաղարծնում միջպետական ավտոճանապարհը փակածների, Տավուշի մարզում փայտի բիզնեսով զբաղվողների մասնակցությամբ քննարկում է եղել, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, Իջեւանի, Սեւքարի, Արծվաբերդի, Նոյեմբերյանի անտառտնտեսությունների տնօրենները: Այդ ընթացքում որոշվել է, որ Դիլիջանի ազգային պարկին հարակից գյուղերի բնակիչները անվճար 8 խորանարդ մետր անտառի թափուկ ստանան: Այդ խորհրդակցության ժամանակ որոշվել է նաեւ, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններից եւ Դիլիջանի ազգային պարկից հատկացվող վառելափայտի սակագները հավասարեցվեն: Քննարկվել է նաեւ այն հարցը, թե ինչու է Արցախից օրինական կերպով ՀՀ ներկրվող վառելափայտի գինն ավելի էժան, քան Տավուշի մարզի անտառներից տրվող վառելափայտինը: Գեւորգ Թամրազյանի վկայությամբ՝ Հաղարծին գյուղում սեպտեմբերի 17-ին միջպետական ավտոճանապարհը փակողների թվում Հաղարծինի բնակիչներից ավելի շատ են եղել Հաղարծնին հարակից Թեղուտ գյուղի, Դիլիջան քաղաքի, Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ: Տավուշի մարզպետարանում սեպտեմբերի 22-ին արդյունավետ քննարկումից հետո Հաղարծնում ճանապարհ փակելու փորձը ցույց է տալիս, որ Տավուշի մարզում կան ուժեր, որոնց ձեռնտու չէ վառելափայտի հետ կապված իրավիճակի հանդարտեցումը: Հաղարծին գյուղից տեղեկացանք, որ ճանապարհ փակելու գործողությունները ոչ թե ինքնաբուխ են, այլ լավ կազմակերպված: Ճանապարհ փակելու գործողությունների կազմակերպմանը մասնակից են վառելափայտի բիզնեսով զբաղվողներ, ովքեր ցանկանում են վառելափայտի մի փաստաթղթով մի քանի անգամ անտառից փայտ բերել: Ճանապարհ փակելու գործը նախաձեռնողների մեջ են նաեւ Իջեւանի անտառտնտեսության մի քանի նախկին անտառապետեր, ովքեր այդ կերպ իրենց դժգոհություն են հայտնում, որ իրենց աշխատանքից ազատել են: Մի խոսքով` շիլա-շփոթ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս