ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԱՐՑՈՒՄ TIME OUT ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ: «Ինչպես հայտնի է՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում վերջերս բանակցություններում տեղաշարժ չկար: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», – նշել է նա:

Սակայն ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները տեղեկատվական պատերազմի հետեւանք են: Ռուս քաղաքագետի խոսքով՝ կապված 2018 թվականին ՀՀ-ում սպասվող փոփոխությունների հետ՝ առաջիկայում ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում առաջխաղացում սպասել պետք չէ:
-Պարո՛ն Տարասով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում նրա այս հայտարարությունը:
-Սա բանակցությունների ներկուլիսային խոսկացություններ են: Ալիեւը խաղում է տեղեկատվական պատերազմ եւ փորձում է գործընկերոջը պատին դեմ տալ: Այդպիսի բանակցություններ չեն լինում, եւ դրանք միշտ ինչ-որ նախապայմանների հիման վրա են լինում: Դուք գիտեք, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն առաջ էր քաշել երեք նախապայման, ապա եղան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանը չէր ստորագրել: Ապա բանակցություններն ընթացան, որպեսզի այդ պայմանավորվածությունները բազա դառնան: Հիմա Ալիեւը հայտարարում է, թե Հայաստանի վրա ճնշում են գործադրում: Ընդ որում, եթե նախկինում նա ասում էր, թե դա մշտապես Մոսկվայի կողմից է լինում, հիմա էլ ասում են, թե Հայաստանի վրա Եվրոպան է ճնշում գործադրում, եւ Հայաստանը համաձայնել է բանակցությունների:
-Այսինքն՝ նման բան չի եղե՞լ: Բանակցությունների վերսկսման հիմքեր չե՞ք տեսնում:
-Ես կարող եմ ասել, որ եթե ամեն դեպքում բանակցությունների համար հիմքեր կան, ապա դրանք փոխադարձ պայմանավորվածություններ են: Չպետք է մոռանալ Էլմար Մամեդյարով-Էդվարդ Նալբանդյան հանդիպման մասին, որի ժամանակ միգուցե փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Խոսքը նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին է, սակայն այստեղ ինտրիգ կա, քանի որ ամսաթիվ չի նշվում, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի եւ Եվրոպայի վրա: Մոսկվայի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել նրանց չհաջողվեց, չեմ կարծում, թե Եվրոպայի միջոցով կհաջողվի: Ես կարծում եմ, որ Ալիեւն իր համար հող է նախապատրաստում, քանի որ բանակցությունները լինելու են ոչնչի մասին: Երկրորդ պահն այն է, որ հաջորդ տարի Հայաստանում իշխանության կառուցվածք է փոխվելու, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ եւ ամեն ինչ իր ձեռքում կլինի: Այս առումով Ադրբեջանին քիչ ժամանակ է մնացել, քանի որ այդ շրջանում ակտիվ բանակցություններ տեղի չեն ունենա: Եթե Ալիեւը մինչեւ այս տարվա վերջ չկարողանա հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ապա ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցություններ կարող ենք սպասել միայն հաջորդ տարվա երկրորդ կեսին:
-Այս տարի Սարգսյան-Ալիեւ հանդիպման հավանականություն չե՞ք տեսնում: Նշվում է, որ երկու կողմերն էլ համաձայնել են այդ հանդիպմանը:
-Ես բանակցությունների վերսկսման հիմքեր չեմ տեսնում, քանի որ այդպիսի հարցերին մանրամասը պատրաստվում են: Հիմա այդպիսի աշխատանքներ չեն ընթանում, այլ միայն հայտարարություններ են հնչում: Ես կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել միայն հաջորդ տարի. քիչ հավանական է, որ այս տարի նրանց կհաջողվի հանդիպել: Իհարկե, կարող է՝ ինչ-որ բան փոխվի, սակայն հիմա ամեն ինչ տանում է նրան, որ բարձր մակարդակով բանակցությունների հիմքեր չկան: Իհարկե, միգուցե նրանք ցանկանում են կոնյակ խմել, նարդի խաղալ, թեյ խմել, դա ուրիշ:
-Ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխություններն ազդեցություն կունենա՞ն:
-Իհարկե, դա Հայաստանի ներքին հարցն է: Կարծում եմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա: Բայց բոլոր կանխատեսումներով, ինչպես էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով, ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն կունենա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կհեռանա թատերաբեմից, նա կշարունակի պաշտոնավարել, սակայն ամեն դեպքում time out կլինի, քանի որ ղարաբաղյան հարցում բանակցությունների ժամանակը չի լինի: Այ, եթե Արցախը լիներ բանակցային կողմ, ինչ-որ բան կարելի կլիներ անել: Սակայն հիմա բանակցությունները դրված են միայն Բաքվի եւ Երեւանի վրա: Եթե Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել:

 

 

 

 

ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ

Բուռն քննարկման արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» եւ հարակից օրենքների փաթեթն առաջիկայում կհայտնվի խորհրդարանի օրակարգում։ Այն հանրային քննարկման եւ բուռն քննադատությունների առիթ է դարձել:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին եւ ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ եւ մշակել համապատասխան առաջարկություններ։
Այս խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով՝ վերանշանակման իրավունքով: Խորհուրդը նախագահ է ընտրելու իր կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից՝ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ 2 տարի ժակետով, առանց վերընտրման իրավունքի: Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար առաջարկվում է հիմնադրել նաեւ ժամանակավոր ապաստարան։
Նախագծի ընդդիմախոսները նշում են, որ սա հայկական ավանդական ընտանիքի հենքերը խարխլող նախագիծ է, իսկ նախաձեռնության համակիրներն էլ պնդում են, որ այն նույնիսկ ուշացած է: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս նախագծում կանխարգելում չի տեսնում:
«Դե, օրենքը ընդունում են նրա համար, որ նպաստի ընտանեկան բռնության կանխարգելմանը, եթե չի նպաստում, դառնալու է մեռյալ տարր: Եթե չգործի, մեծ դժբախտություն չկա դրա մեջ: Ավելի լավ է ընտանեկան բռնության դեպքեր չլինեն, եւ օրենքն էլ թող չգործի», – նշեց նա:
Աջապահյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է ոչինչ էլ չտալ: «Բայց քաղաքակիրթ երկրներն ունեն նման օրենքներ, ապա պատշաճ է, որ Հայաստանն էլ՝ որպես քաղաքակիրթ երկիր, ունենա: Ունենալուց հետո կծառայի նպատակին, թող ծառայի, չի ծառայի, մեծ ողբերգություն չկա: Եթե մենք կարողանանք ապրել առանց ընտանեկան բռնության, կարող ենք ապրել նաեւ առանց օրենքի», – հավելեց նա:
Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից, այստեղ անելիք ունի առաջին հերթին կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետեւ արդեն միայն սոցիալական հարցերի եւ աշխատանքի ու առողջապահության նախարարությունները:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ազգային դիմադրության ճակատ ստեղծելու շուրջ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են: Օրեր առաջ տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը, որի մասնակիցների ցանկում աննշան փոփոխություններ են եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին հանդիպումից հետո այս անգամ չեն մասնակցել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Արմինե Առաքելյանը: Վերջինս հայտարարել է, թե կմասնակցի միայն ուղիղ եթերի ապահովման դեպքում, իսկ Փաշինյանն էլ ասել է, թե քաղաքական ուժ ունի, առանձին չի կարող որոշումներ կայացնել եւ այլեւս չի մասնակցի: Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, մասնակցում էր Դավիթ Սանասարյանը, իսկ Ստյոպա Սաֆարյանը կրկին հարգելի պատճառներով բացակայում էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ հանդիպմանը մասնակցելու համաձայնություն է տվել նաեւ Վահան Բադասյանը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ ըստ էության կարելի է կազմը համալրված հանդիպել, իսկ հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու: Վերջինս, սակայն, դեռեւս կապի դուրս չի եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

 

 

ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵՊՀ-Ի
Երեւանի պետական համալսարանի դասախոսները ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԵՊՀ դասախոսներից Գագիկ Հակոբյանը 2017 թվականին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի: Բանն այն է, որ Գագիկ Հակոբյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԵՊՀ-ին՝ իրեն վերականգնեն նախկին աշխատանքին եւ հարկադիր պարապուրդի համար վճարեն: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ԵՊՀ-ն դատարան է ուղարկել պարզաբանում, թե Գագիկ Հակոբյանը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել համալսարանից, սակայն որեւէ նման ապացույց չկա, որ դասախոսը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել: Ինչով կավարտվի այս դատական պրոցեսը, ցույց կտան զարգացումները:

 

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՄԵՔԵՆԱ ԿԳՆԻ
Հայաստանի կառավարությունը առաջիկա նիստում որոշում է կայացնելու՝ ՀՀ քննչական կոմիտեին 39 մլն 820 հազար դրամ հատկացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն հատկացված գումարից 9 մլն 820 հազար դրամով պատրաստվում է գրասենյակային գույք գնել: Իսկ ահա 30 մլն դրամով ՔԿ-ն մտադիր է ձեռք բերել երեք հատ ավտոմեքենա: Ավտոմեքենա գնելը քննչական կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում՝ բնականոն աշխատանքն ապահովելու համար:

 




Լրահոս