Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը դիտել է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը ներկայացնող արխիվային փաստաթղթերն ու լուսանկարները:
Այնուհետև Նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային նվիրված նամականիշներով գեղաթերթիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները ու ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել ՀՀ և ՌԴ նախագահները:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցադրության խորագիրն արտահայտում է մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության իրական բնույթը: Անցած քառորդ դարի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները: Ձևավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա: Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20-ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, և 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ: Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում: Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգացնում ենք արդյունավետ համագործակցություն առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում: Տարեցտարի ամրապնդվում և խորանում են միջտարածաշրջանային կապերը, ընդլայնվում է փոխգործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում:

Կարևոր է, որ այսօր հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ, գործարար ու գիտական համայնքներ, երիտասարդական և հասարակական կառույցներ: Դա նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում, տրամադրում է դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հարուստ և հետաքրքիր ցուցադրության կազմակերպման գործում:




Լրահոս