Հանցագործությունները շատացել են. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 16 հազար 62 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 461 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 601 դեպքով, կամ նույնն է, թե չորս տոկոսով:
Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 7 հազար 590 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 8 հազար 752:

Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 155՝ անցած տարվա 162-ի դիմաց:
Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտուկ աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 53 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 132-ի: Իհարկե, հաշվի առնելով հայկական իրականությունը եւ մեր երկրում կոռուպցիայի տարածվածության աստիճանը՝ հիսուն կամ երկու հարյուր դեպքերով իրավիճակը հնարավոր չէ շտկել: Բայց փաստը մնում է փաստ, որ իրավապահները սկսել են կաշառք ստանալու մեջ ավելի շատ մարդկանց մեղադրել:

Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 2 հազար 311 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է 2 հազար 776 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճն հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

Վ. Հ.




Լրահոս