Սերժ Սարգսյանի խոստումները լուրջ չեն ընկալվում. ցուցանիշները չենք գերազանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն օրերս հերթական խոստումներն է հնչեցրել. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: .

..2025 թվականի դրությամբ, առանձին վերցրած, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը, եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելին, քան 30%-ը. խնդիրը հետեւյալում է, որ այնպես պետք է անենք, որ եկամուտները բաշխվեն հնարավորինս համաչափ, եւ մարդիկ առանց այդ էլ մեր փոքր ՀՆԱ ունենալու պարագայում չլինեն մեկը հատակին մոտ, մյուսը` գագաթին»:

Նախանշված թվերը շատ գրավիչ են հնչում, բայց միաժամանակ շատ անիրատեսական: Պատճառները, թերեւս, դժվար չէ կռահել. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հատկապես սկզբի տարիներին սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ անկում ապրեց, ու մինչեւ հիմա մի շարք ցուցանիշներով, այդ թվում` ՀՆԱ-ի հաշվարկով, մոտ տասը տարիների ընթացքում իրավիճակը դեռեւս չի մոտեցել 2008թ. մակարդակին:

Ճիշտ է՝ նույն Սերժ Սարգսյանը դեռ 2013թ. հունիսին ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսությունը հասել է նախաճգնաժամային վիճակին. «Այո՛, ՀՀ տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարեւան բոլոր երկրներին:

…Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր: Սա թույլ տվեց, ի վերջո, վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում, տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին»:

Բայց իրականությունը միանգամայն այլ էր. ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ առավել եւս այսօր նախաճգնաժամային վիճակը վերականգնված չէ:

Դատեք ինքներդ. 2008թ. Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 11 մլրդ 662 մլն դոլար էր: 2009թ. սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հակառակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումներին, այդպես էլ չշրջանցեց Հայաստանը, եւ արդյունքը եղավ այն, որ 2009թ. ՀՆԱ-ն կտրուկ նվազեց՝ դառնալով 8 մլրդ 648 մլն դոլար: Հետագա տարիներին արդեն այս ցուցանիշը տարբեր վայրիվերումներ է ունեցել, անվանական ՀՆԱ-ն որոշակի աճել է, բայց մինչեւ հիմա չի գերազանցել նախաճգնաժամային վիճակը: 2016թ. անվանական ՀՆԱ-ն կազմել է 10 մլրդ 572 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այսօր ՀՀ անվանական ՀՆԱ-ն ավելի քան 1 մլրդ դոլարով պակաս է 2008թ. ցուցանիշից:

Ինչ վերաբերում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին, որ Սերժ Սարգսյանը խոստացել է հասցնել 10 հազար դոլարի, ապա այս ցուցանիշը եւս չի հասել նախաճգնաժամային վիճակին: 2008թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 778 ԱՄՆ դոլար էր: 2009 թվականին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել էր 2 հազար 821 դոլար: 2016 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3 հազար 512 դոլար, այսինքն` 266 դոլարով պակաս, քան Ս. Սարգսյանի պաշտոնավարման սկզբում էր:

2008թ. -Անվանական ՀՆԱ/դոլար/՝ 11 մլրդ 662 մլն,   մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/` 3 հազար 778

2009թ.-Անվանական ՀՆԱ/դոլար/՝  8 մլրդ 648 մլն,  մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/` 2 հազար 821

2010թ. -Անվանական ՀՆԱ/դոլար/՝ 9 մլրդ 372 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝ 2 հազար 844

2011թ. -Անվանական ՀՆԱ/դոլար/՝  10 մլրդ 137 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝ 3 հազար 363

2012թ. -Անվանական ՀՆԱ/դոլար/՝  9 մլրդ 949 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝  3 հազար 290

2013թ.- Անվանական ՀՆԱ/դոլար/՝  11 մլրդ 121 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝  3 հազար 680

2014թ.- Անվանական ՀՆԱ/դոլար/  11 մլրդ 609.5 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝  3 հազար 864

2015թ.- Անվանական ՀՆԱ/դոլար/  10 մլրդ 553 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝  3 հազար 515

2016թ.- Անվանական ՀՆԱ/դոլար/ 10 մլրդ 572 մլն, մեկ շնչին բաժին
հասնող ՀՆԱ /դոլար/՝  3 հազար 512

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մոտ տասը տարիներն ամփոփելիս (2018թ. ապրիլին կլրանա նրա նախագահության տասնամյա ժամկետը) պետք է արձանագրենք տխուր իրողություն. Հայաստանը լուրջ ետընթաց է գրանցել ամենատարբեր ոլորտներում: Ու հիմա առաջիկա 25 տարիների կտրվածքով Սերժ Սարգսյանի խոստումները մի տեսակ լուրջ չեն ընկալվում: Առավել եւս, երբ նա նման խոստումներ է հնչեցրել նաեւ նախկինում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս