Իրադարձություններ և գործիչներ, որոնք կարող էն «փչացնել» եվրոպացիների կյանքը 2017-ին. Politico

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Politico հրատարակությունը հրապարակել է այն մարդկանց ցանկը, որոնք կարող են «փչացնել» եվրոպացիների կյանքը 2017թ.-ին:

Հոդվածի հեղինակ Տունկու Վարադարայանի խոսքով` այդ ցուցակը կարդալուց հետո «մարդիկ կցանկանան պարզապես անկողնում մինչև գլուխը ծածկված ապրել»:

Ցուցակը կազմված է գլխավորապես քաղաքական դեմքերից, սակայն այդտեղ կարելի է գտնել նաև չինական ֆուտբոլային ակումբների ղեկավարների, բրիտանական տաբլոիդներ հրատարակողների և ռուսաստանցի հաքերների:

Բրիտանական The Sun, Daily Mail, Daily Express տաբլոիդներն այս ցուցակում իրենց տեղն են գտել Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի վրա ազդեցության համար, այդ թվում` Եվրամիությունից դուրս գալու հարցում: Հեղինակի կարծիքով` հենց նրանց մեղքով Brexit-ը կարող է բավականին հիվանդագին լինել կողմերից յուրաքանչյուրի համար:

Իսկ ահա չինական ֆուտբոլի «բոսսերը» պետք է լուրջ անհանգստություն առաջացնեն եվրոպացիների շրջանում, քանի որ նրանք սկսել են աստղաբաշխական գումարներ վատնել եվրոպական առաջատար ակումբներից մարզիկներ գնելու վրա:

Ռուսաստանցի հաքերների խմբին հեղինակն անվանել է «կործանարար ուժ» միջազգային հարաբերություններում: Վարադարայանը կրկնել է այն պնդումը, որ ռուսաստանցի հաքերներն իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, և վախեցրել է ընթերցողներին՝ նշելով, որ այս տարի կիբեռհանցագործների այս խումբը կարող էր իր ուշադրությունը կենտրոնացնել Եվրոպայի վրա:

Ցուցակում տեղ է գտել նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակված Մայքլ Ֆլինը: Նա, ըստ Վարադարայանի, քաղաքական առումով այնքան ոչ կոռեկտ անձ է, որ էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնող Դոնալդ Թրամփը նրա կողքին կարող է շատ ավելի համեստ կերպար համարվել:

Իսկ ահա Ուիլբուր Ռոսը, որը կարող է զբաղեցնել ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնը, Վարադարայանի կարծիքով, կարող է վերջնականապես կործանել Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության համաձայնագիրը և թուլացնել Եվրոպայի ձեռքը Brexit-ի հետ բանակցություններում:

Ցուցակում նաև տեղ են գտել եվրոպական մի շարք կուսակցությունների առաջնորդներ:




Լրահոս