ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ովքե՞ր կարող են դիմել` ընտանեկան նպաստ ստանալու համար: Ուզում եմ մանրամասն տեղեկանալ` ո՞ւր պետք է դիմի քաղաքացին:
Ալինա Մովսիսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի` պետական նպաստ տրամադրելու ՀՀ կառավարության լիազորած մարմին:
Տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դիմողը պետք է ներկայանա տարածքային սոցիալական բաժին, որտեղ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու դիմումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի ընտանեկան նպաստի տրամադրման կամ մերժման վերաբերյալ: Նշենք նաեւ, որ ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է` ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: