«Ժողովուրդ» օրաթերթը հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ դժգոհություններով բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից: Բանն այն է, որ նրանք այս տարվա մեջ արդեն դիմել են բժշկասոցիալական փորձաքննության, ստացել հաշմանդամության կարգ, բայց մինչեւ տարեվերջ նրանց բոլորին կրկին կանչում են, այսպես ասած, վերաքննության եւ մեծ մասին զրկում կարգից անհիմն պատճառներով:
«ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը, ով սուր ինֆարկտ է տարել, ունի սրտանոթային, երիկամների եւ ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ. հինգ տարի է, ինչ հաշմանդամության կարգ ունի: Բժշկասոցիալական փորձաքննության ներկայացել է սեպտեմբերին, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: Սակայն օրեր առաջ կրկին կանչվել է բժշկասոցիալական փորձաքննության եւ զրկվել է կարգից՝ պատճառաբանությամբ, թե դեղեր խմեք, լավ կլինի: Նրա նման նաեւ հարյուրավոր քաղաքացիներ կան:
«Ասացին` Ձեր չափանիշները չեն բավարարում` կարգ ստանալու համար: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց` ես չեմ ասում` Դուք առողջ եք, հիվանդ եք, բայց հաշմանդամության երրորդ կարգի համար չափանիշները չեն բավարարում: Ես էլ ասացի` եթե գտնում եք, որ հաշմանդամին կարգից, գումարից զրկելով` պետբյուջեն կլցնեք, զրկեք, ինձ հաճելի չէ հաշմանդամ լինել, բայց անարդարությունն ավելի տհաճ է»,- հուսահատված նկատեց քաղաքացին:
Ստացվում է` ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տիրապետության տակ գտնվող ԲՍՓ մասնագետների որակմամբ` տվյալ քաղաքացու սրտանոթային, երիկամների կամ ողնաշարի հետ կապված խնդիրները հինգ տարիների ընթացքում լուծվել են: Ինչու չէ` կարելի է նաեւ կարգից զրկել: Ահա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «բարեփոխումները»: