ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին կառավարության նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարեց հետեւել շուկային՝ կանխելու ամանորյա գնաճը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վարչապետի հայտարարությունից ժամեր անց ներքին շուկայում տավարի մսի գինը բարձրացել է 100 դրամով:
Երեկ տավարի ոսկորոտ մսի մեկ կիլոգրամը երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում էր 3000 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն արժեր 2700-2900 դրամ, իսկ փափուկ միսը նախկին` 3300-3500 դրամի փոխարեն վաճառվում էր 3700 դրամով:
Ամանորի սեղանին կարեւոր աքսեսուար համարվող խոզի բդի մեկ կիլոգրամը վաճառվում է 3300 դրամով: Սրան զուգահեռ` Ամանորի նախաշեմին թանկացել է նաեւ ընդեղենը. հնդկական ընկույզի մեկ կիլոգրամն արժի 8000 դրամ, տեղական ընկույզը՝ 8000-10000 դրամ, կաղինը` 3600-5000 դրամ, նուշը` 7500 դրամ, չամիչը` 1500 դրամ: Ի դեպ, մրգի շուկայում եւս թանկացումներ են գրանցվել: