Beeline-ը գործարկել է առցանց վճարումների pay.beeline.am հարթակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը Ամերիաբանկի հետ համատեղ գործարկել է pay.beeline.am հարթակը, որով օգտատերերը կարող են բանկային քարտի առցանց օգտագործմամբ վճարել Beeline-ի և այլ ծառայությունների դիմաց:

pay.beeline.am-ի օգնությամբ օգտատերը կարող է բոլոր ծառայությունները ներառել ընդհանուր զամբյուղում և վճարել մեկ գործարքով։ Համակարգը թույլ է տալիս նաև ստեղծել և պահպանել ծառայությունների խմբեր՝ հետագայում դրանց համար արագ վճարումներ կատարելու նպատակով։ Բացի այդ, առաջինը հայաստանյան օպերատորներից Beeline-ը տրամադրում է բաժանորդներին «Ինքնաշխատ վճարումներ» ծառայությունը, որի շնորհիվ պարտքի առկայության դեպքում ամեն ամիս տվյալ ծառայության կամ ծառայությունների խմբի վճարումը կկատարվի ավտոմատ, իսկ օգտատերը նախապես կստանա SMS ծանուցում։

Օգտատերը կարող է վճարային քարտը կցել իր անձնական էջին և վճարումներ կատարել առանց քարտային տվյալների մուտքագրման։

Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռել անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում նաև` կոմունալ վճարումներ: Քարտերով առցանց գործարքները կատարվում են Ամերիաբանկի կողմից մշակված vPOS վճարային գործիքի միջոցով, և VbV (Verified by VISA) և 3DSecure բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ ապահովվում է գործարքների բարձր անվտանգություն:

«Մեզ համար առաջնային նշանակություն ունի մեր բաժանորդների հարմարավետությունը և մենք առաջարկում ենք պարզ և հարմար առցանց լուծումների լայն ընտրություն։ Մեր բաժանորդները առցանց կարող են ծառայություններ ակտիվացնել, հեռախոսներ կամ SIM քարտեր պատվիրել և վճարել Beeline կապի ծառայությունների համար։ Իսկ այժմ «Ամերիաբանկ»-ի հետ միասին գործարկած մեր համակարգի շնորհիվ օգտատերերը կարող են առցանց վճարել ոչ միայն Beeline-ի, այլ նաև այլ ծառայությությունների դիմաց՝ առանց ժամանակի կորստի և որևէ միջնորդավճարի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևորելով առցանց ծառայությունների զարգացումը` մենք շարունակում ենք հանդես գալ նորամուծություններով և միաժամանակ ողջունում ենք այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները` մեր մասնակցությունն ունենալով նման գործընթացներում: Beeline-ի հետ Ամերիաբանկի հերթական համագործակցությունը միտված է հաճախորդների համար վճարումների կատարման առավելագույն հարմարավետության ապահովմանը, ցանկացած բանկի ԱրՔա,Visa և MasterCard համակարգերի շրջանակներում թողարկված վճարային քարտերով առցանց վճարումների նոր հնարավորությունների ստեղծմանը»,- նշել է Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը:
pay.beeline.am կայքից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել քաղաքային հեռախոսահամարը կամ տվյալ կոմունալ ծառայության անհատական կոդը, բանկային քարտի տվյալները և վճարվող գումարի չափը: Համակարգում հնարավոր է տեսնել նախորդ ամիսների վճարային կտրոնները և անհրաժեշտության դեպքում տպել դրանք, կամ ուղարկել էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://pay.beeline.am կայք, գրեք Beeline-ի Facebook-յան պաշտոնական էջին, կամ կապվեք մեզ հետ՝ 0611 անվճար հեռախոսահամարով։




Լրահոս