ՀՅԴ-Ն ՍԿՍԵԼ Է ՄԵԾ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. ապրիլին ընդառաջ՝ վարչապետի պաշտոնի շուրջ ներիշխանական պայքարը հետաքրքիր երանգներ է ստանում: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ անդրադարձել է այդ թեմային՝ բացահայտ հակադրվելով Սերժ Սարգսյանին:

Եւ այսպես՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշել է. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակով ու մակարդակով իրականացվի: Խորհրդարանական համակարգը ենթադրում է այդ առումով թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը, եւ համարում եմ, որ նոր ձեւավորվող արտաքին քաղաքականության ուղղությունները եւ այն թիմը, որը դրանով պետք է աշխատի, պետք է ավելացնի այն ձեռքբերումները, որոնք դաշտում գոյություն ունեն եւ պիտի նոր շնչառություն հաղորդի դրանց»: Իսկ հարցին, թե կկարողանա՞ վարչապետ Կարեն Կարապետյանն արտաքին քաղաքականություն ոլորտում փոխարինել Ս. Սարգսյանին, նա պնդել է. «Ես նորից եմ կրկնում՝ անփոխարինելի անձինք չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել»: Եւ վերջապես, «Գելափ» անվան տակ գործող սոցիոլոգիական կազմակերպությունը հրապարակել է իր անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել: Երեկ Ռուստամյանն էլ այդ հարցին անդրադառնալիս ասել է. «Ես միշտ թերահավատությամբ եմ ընդհանրապես վերաբերվել ցանկացած հարցման, որովհետեւ, դժբախտաբար, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցումները շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս, երբ որ ընտրությունների ժամանակ են անցկացվում, դրա համար ես լուրջ հետեւություններ չեմ անում այդ հարցումներից»:
Փաստորեն, իշխող կոալիցիայի ներկայացուցիչն իր այս հայտարարություններով կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին պնդումները, այլապես Ռուստամյանն իր խոսքերն այլ կերպ կձեւակերպեր: Բայց ՀՅԴ ներկայացուցչի դեպքում սա միանգամայն նորմալ երեւույթ է. եթե հիշում եք՝ կոալիցիոն հուշագրի ստորագրումից առաջ էլ Ռուստամյանը հայտարարել էր, թե իշխանությունները հեղինակազրկված են, եւ նրանց հետ համագործակցելով՝ ՀՅԴ վարկանիշն էլ է ընկնելու, սակայն հանուն համազգային խնդիրների լուծման՝ իրենք պատրաստ են նման զոհողությունների:
Բացի այդ՝ Ռուստամյանը, երեկ հայտարարելով նոր որակով եւ մակարդակով արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության մասին, անուղղակի կասկածի տակ է դնում մինչեւ հիմա արվածը: Սա այն դեպքում, երբ այսօր արտաքին քաղաքականության իրականացումը հենց նախագահի պատասխանատվության ոլորտում է: Ու ստացվում է` Ռուստամյանն իր հայտարարություններով կասկածի տակ է դնում հենց Սերժ Սարգսյանի աշխատանքը՝ միաժամանակ շեշտելով, որ անփոխարինելի անձինք չկան, դեռ ավելին` գովելով Կարեն Կարապետյանին:
Եւ վերջապես, ինչպես հայտնի է` վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, տվյալ դեպքում` ՀՀԿ-ին: Սա Սահմանադրության պահանջ է: Վարչապետ առաջադրելու ՀՀԿ իրավունքը սահմանված է նաեւ կոալիցիոն հուշագրով:
ՀՀԿ-ն էլ թեեւ դեռ չի ներկայացրել իր թեկնածուին, մյուս կողմից կուսակցական գործիչներն անընդհատ շեշտում են, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ՀՀ-ում նրանից բացի՝ չկա քաղաքական այլ գործիչ, որ կարող է երկրի ազգային անվտանգությանը եւ այլ քաղաքական մարտահրավերների դիմակայումն ավելի լավ կազմակերպել, եւ այսպես շարունակ:
Եւ այս պարագայում ՀՅԴ-ի կողմից նման հայտարարությունները մի տեսակ անհասկանալի են: Առավել եւս, երբ նախկինում այդ թեմայով հարցերին պատասխանելիս՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ռուստամյանը միանգայն այլ տեսակետ է հայտնել: Այս տարվա հունիսին Ռուստամյանը հայտարարել էր. «2018 թվականը կգա, կտեսնենք, թե ով կլինի վարչապետը: Մենք վաղվա եղանակի կանխատեսումը չենք կարող տալ, իսկ դուք ուզում եք, որ ես առաջիկա 5 տարվա կանխատեսում անե՞մ»: Իսկ արդեն սեպտեմբերին նույն այդ թեմայով խոսելիս Ռուստամյանը նշել էր. «Օրը կգա, դրա մասին կխոսեք, չգիտեմ՝ հանրապետականները ներկայացնում են Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ոչ»:
Թե ինչո՞ւ է Ռուստամյանը հիմա այս կերպ վարվում, դժվար չէ ենթադրել: ՀՅԴ-ականները սովորաբար պատահական հարցազրույցներ չեն տալիս, պարզապես խոսելու համար հայտարարություններ չեն անում, իսկ հնչեցրած տեսակետները համաձայնեցնում են կուսակցության ներսում: Այնպես որ, եթե Ռուստամյանը ներքաղաքական կարեւոր հարցերի մասին թեկուզ «ոտքի վրա» նման ակնարկներ է հնչեցնում, նշանակում է` ՀՅԴ-ն փորձում է այդկերպ ինչ-որ խնդիրներ լուծել: Թե ինչ խնդիր, դժվար չէ կռահել: ՀՅԴ-ն փորձում է առաջիկա կառավարության կազմում հնարավորինս լայն ներգրավվածություն ունենալ: Ու հիմա՝ 2018թ. զարգացումներին ընդառաջ, ՀՅԴ-ն սկսել է մեծ առեւտուրը՝ իշխանությունից փորձելով պոկել հնարավորինս մեծ կտոր` նախարարական եւս մեկ-երկու պորտֆել, փոխվարչապետի պաշտոն /նոր Սահմանադրությամբ՝ փոխվարչապետների թիվը լինելու է երեքը/, մարզպետի կամ փոխմարզպետների, փոխնախարարների պաշտոններ եւ այսպես շարունակ: Ու Սերժ Սարգսյանի հասցեին անուղղակի ակնարկները պաշտոնների համար մեկնարկող աճուրդի հայտն էր՝ միաժամանակ հստակ ակնարկելով, որ հակառակ դեպքում կաջակցեն Կարեն Կարապետյանին (եթե, իհարկե, վերջինս ավելի մեծ կտոր խոստանա):

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԳԾՈՒԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
«Արփա-Սեւան» ԲԲԸ սեփականատեր, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջերս հաճախ է փայլատակում մտքի իր գլուխգործոցներով: Հիշում եք` նա հայտարարել էր, թե Հայաստանում աղքատներ չկան, նախօրեին էլ ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չի տարածվում, որովհետեւ գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ: Միայն թե այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է նկատենք` գնաճը բավական շատ կարող է տարածվել հենց Հակոբ Հակոբյանի վրա, քանի որ ինքը բավական մեծահարուստ է: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ պատգամավորն ունի 9 հատ հողամաս,, երեք հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողին ամրակցված անշարժ գույք: Բացի այս՝ ՀՀԿ-ական պատգամավորը չորս ընկերություններում ունի 29 մլն 668 հազար դրամի եւ 1500 ռուսական ռուբլու չափով բաժնետոմս: Փոխառությունները կազմել են 120 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 57 մլն 920 հազար դրամ, 15 հազար 150 դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 676 հազար դրամ եւ երկու ընկերությունից ստացած 215 մլն 881 հազար դրամի չափով շահաբաժինը: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ գծուծ պատգամավորի համբավ ունեցող օրենսդիրը այդքան անհոգությամբ է խոսում աղքատների մասին:

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ չէ, որ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը (ԿՌՈՒ)-ն իրենց մոտ ստուգումների արդյունքում խնդիրներ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր այն մասին, որ ստուգման արդյունքում ֆեդերացիաների մոտ կառավարության որոշումների հետեւանքով խնդիրներ են հայտնաբերվել, որոնք պետք է վերացվեն: Սակայն պարզվում է, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտնաբերված խնդիրների մասին տեղյակ չէ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ֆինանսների նախարարին հարցրեք», եւ շտապեց լքել տարածքը:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ
Կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել Վանաձորի ավագանու լիազորությունների դադարեցման եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի շուրջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը նշեց, որ նախատեսված երկու շաբաթը վաղուց անցել է, սակայն կառավարությունից գրավոր պատասխան այդպես էլ չեն ստացել: Ընդգծենք սակայն, որ նախօրեին այս հարցին խորհրդարանում անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում: Չնայած բանավոր հայտարարություններին՝ «Լուսավոր Հայաստանը» սպասում է կառավարության գրավոր պատասխանին:

 

 

 

ՄԻԵԴ-Ը ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին կհրապարակի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումները: Երկու գործերն էլ նախադեպային են, ՄԻԵԴ-ը դրանք քննարկում է մի քանի տարի: ՄԻԵԴ-ում կարծում են, որ գործերը պետք չէ քննարկել Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ավարտից շուտ, այդ պատճառով Եվրադատարանը չէր շտապում վճիռ հրապարակել: Հայաստանն ու Ադրբեջանը չէին շտապեցնում իրադարձությունները, սակայն որոշ ժամանակ առաջ Բաքուն փոխեց դիրքորոշումը: Արդյունքում ՄԻԵԴ-ը 2015թ. հունիսի 16-ին երկու հայցերն էլ բավարարել է: Արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր, եւ ՄԻԵԴ-ը հետաձգել է դրա հրապարակումը: Դատարանը հարցը կուսումնասիրի 2017թ. դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգի ժամանակով 11:00-ին (Երեւանի ժամանակով՝ 14:00):

 

 

 

ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը: «Ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների առկայության փաստով: Լարվածության եւ թշնամանքի աճը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է»,-հայտարարել է Ծերեթելին: ԵԱՀԿ-ն երբեք չպետք է նորմալ եւ հանդուրժող լինի նման գործողությունների նկատմամբ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն յուրահատուկ հարթակ է, որը ծառայում է մեր հավաքական անվտանգությանը:

 

 

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵՐԺԵԼ Է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացրել են, որ Լիբանանի նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ Արամ Ա. Կաթողիկոսը անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը: Նա մերժել է այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը: Միաժամանակ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, եւ հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում: Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն, ներկայացնելով Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ, նշել է, որ նույնպես մերժում է այդ մոտեցումը:




Լրահոս