Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաեւ հարակից համայնքներում: Փոքր եւ Մեծ Մանթաշ, Արեւշատ եւ Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս:

«Մենք ջրմուղի համակարգում չենք եւ կեղտաջուր ենք խմում: Առվից եկող ջուրն ենք խմում: Գյուղի հիմնադրման օրվանից այդ ջուրն ենք խմում: Ջրամբարից այդ ջուրը 10 կիլոմետր է գալիս մինչեւ մեզ է հասնում: Այդ ձորում անասնահոտեր են լինում: Անասուններն էդ ջրից խմում են, հետո՝ մենք»,– «Փաստի» թղթակցի հետ զրույցում բողոքեց Մեծ Մանթաշի բնակիչ Ստյոպա Չոբանյանը:

Այստեղ խմելու ջուրը ստանում են Մանթաշի ջրամբարից: Ջուրը չի քլորացվում եւ հենց այդպես էլ բնակիչներն օգտվում են այդ ջրից` քայքայելով իրենց առողջությունը: Մանթաշ գետի հովտում գտնվող գյուղի մոտ 2000 բնակիչ պղտոր ջուր է օգտագործում:

«Ձմռանը ոչինչ, ջուրը մաքուր է լինում, իսկ ամռանն ահավոր է: Վիճակը չի կարգավորվում, ու մինչեւ օրս այդ ջուրն ենք խմում: Չորս գյուղ այդ կեղտոտ ջրից է օգտվում»,– դժգոհեցին նրանք:

Ստյոպա Չոբանյանը Մեծ Մանթաշի համայնքապետն է եղել: Աշխատանքի ընթացքում խմելու ջրի ներքին ցանց կառուցելու համար որոշակի քայլեր կատարել է: Ջրի ներքին ցանցը կառուցված է, մնում է ջուրը տներ հասցնել:

«Այն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանագիր ենք կնքել, ջրագիծը բերել ենք, վերջը ես ուզեցի համայնքին փրկել էդ ջրից, բայց չենք փրկվել: 2,5 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, մնում է այն միացնել, բայց դեռ 4 համայնք շարունակում է կեղտաջուր խմել»,– փոխանցեց Մեծ Մանթաշի նախկին համայնքապետը:

Այս տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնվել է, ընդհուպ մինչեւ վարչապետ, բայց անընդհատ նույն պատասխանն են ստացել՝ խնդիրը կլուծվի: Տարբեր տեղեր ուղարկված գրությունների մի մասն էլ անպատասխան է մնացել: Կեղտաջուրն այդպես էլ մաքուրով չի փոխարինվում:

Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանի փոխանցմամբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Այս տարվա ընթացքում նրանք մաքուր ջուր կունենան:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս