ԱՂՄՈՒԿ ՀԱՆԱԾ ՕՐԵՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած օրենքի նախագիծը: Դեմ ձայների մեջ ամենաարտառոցը թերեւս ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի քվեարկությունն է, ով չնայած առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել, բայց երեկ դեմ էր: Թե ինչն էր նրան ստիպել մտափոխվել, մեզ չհաջողվեց պարզել: Արդյոք պատճառը աղքատների մասին նրա աղմկահարույց հայտարարությանը հետեւած հանրային արձագանքն էր, դժվար է ասել:

Եվ եթե մյուս խմբակցությունները կողմ են քվեարկել նախագծին, ապա «Ծառուկյան» խմբակցության պարագայում քվեարկությունն ազատ էր թողնված, որի պատճառով էլ գրանցվեց այդքան քանակությամբ դեմ եւ ձեռնպահ ձայներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության մի քանի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դեմ քվեարկել նախագծին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյան
-Պարո՛ն Ազիզյան, ինչո՞ւ եք դեմ քվեարկել ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց օրենքին:
-Ասեմ Ձեզ՝ ովքեր դեմ են քվեարկել, նրանք այն մարդիկ են, որ ամենաշատն իրենք չեն ուզում, որ ընտանեկան բռնություն լինի: Հիմա տեսեք, դրա մեջ հստակեցրած չէ՝ ինչ է կատարվում: Պատկերացրեք, որ ընտանիքում մի անչափահաս՝ 13-14 տարեկան, կամ դիտում է մի բան, որը չի կարելի, կամ զբաղվում է մի բանով, որը չի կարելի, զգուշացնեն ծնողները մեկ անգամ, երկու անգամ: Եթե չի անցնում, բնականաբար ծնողը կարող է ականջը ձգել, չէ՞, կամ մի հատ թեկուզ թեթեւ ապտակի, ասի՝ էլ չտեսնեմ նման բան: Եթե մեկը զանգահարի, ասի` նման դեպք է եղել, տանեն, այդ երեխան էլ պատմի, ուրեմն նրա հայրն ու մայրն ընկան մեծ պրոբլեմների մեջ:
-Օրե՞նքն է վատը, թե՞ պարզապես հայերին համահունչ չէ:
-Մենք ո՛չ ամերիկացի ենք, ո՛չ եվրոպացի, մենք հայ ենք: Մենք դարերով մեր ապրելու ձեւն ենք ունեցել: Այդ օրենքը կբերի նրան, որ, օրինակ, երկու հատ բռնություն կանխելու համար 200 հատ ընտանիք կքայքայվի, կվերանա, կգնա: Դա պարտադրված օրենք է եվրոպացիների կողմից, այդ գրանտ ստացողները եւ իշխանությունը, որին պարտադրված է այդ օրենքն ընդունել, իրենք էլ չեն ուզում: Ես առանձին մարդկանց հետ շփվել եմ, իրենք էլ չեն ուզում, բայց ճար չունեն, ինչ պետքա անեն: Ոչ մեկը չի կարող տենց օրենքին դեմ լինել, որը վերաբերում է բռնությունների կանխմանը, սակայն սա շինծու բան է, մեր քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը կանխելու համար բոլոր օրենքները մենք ունենք: Եթե հսկողություն իրականացնեն, նման բաներ չի լինի, էնքան մինիմալի կհասնի: Եթե մեկը գիտի, որ իրեն չեն հետեւում, չեն պատժում, իրենց այդպես լկտի են պահում: Այդ օրենքը Հայաստանին այսօր պետք չէ, միգուցե գան ժամանակներ, որ մենք սկսենք եվրոպական արժեքներով ապրել, սակայն մենք տարբեր մենթալիտետների տեր մարդիկ ենք:
-Դուք ասում եք, թե դեմ եք ընտանեկան բռնություններին: Սակայն կարծիքներ կան, որ դեմ քվեարկողները բռնությանը կողմ են:
-Եթե նայեք` քանի հոգի է դեմ քվեարկել, ու իմանաք նրանց ընտանիքների վիճակը, նրանց հարաբերությունները, կտեսնեք, որ բոլորն օրինավոր ընտանիքներ են, եւ բոլորից շատ իրենք չեն ուզում, որ ընտանեկան բռնություններ տեղի ունենան: Բայց այդ օրենքն ընտանեկան բռնության հետ ինչ կապ ունի: Մեր քրեական օրենսգրքում բոլոր տեսակի օրենքները կան, որոնցով կարող են պատժել այն տիպի «պադոնկներին»: Տենց մարդ կա՞, որի երեխային ուրիշն ավելի շատ սիրի, քան ինքը: Մնում է` այդ մարդն ինչ գիտակցություն ունի, իրենից ինչ է ներկայացնում: Այդ օրենքի կողքին այնքան բաներ կարող են լինել, որոնք ոչ թե ընտանեկան բռնությունները կկանխեն, այլ այդ ընտանիքներին լրիվ կքայքայեն: Պատկերացրեք` մի տեղ մեկը բռնություն է կիրառել, կինը վախից գնացել, մի կացարանում է ապրում: Այնտեղ ով է այդ հսկողությունն իրականացնելու, ովքեր են դրա տերերը, որպեսզի այնտեղ չդառնա պոռնկանոց կամ հարբեցողների տեղ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյան


-Պարո՛ն Բոստանջյան, Դուք դեմ եք քվեարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն օրենքի նախագծին: Ո՞րն է պատճառը:
-Ես ամենատարբեր, հայ իրականությանը համապատասխանող, դարերով ձեւավորված արժեքային համակարգի կրող եմ: Եվ բոլոր պարագաներում շատ անձնական եւ սուբյեկտիվ բնույթ է կրում: Ելնելով իրողությունից` գալիս եմ այն համոզման, որ ընդհանրապես հայ իրականությունում ընտանիքում որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու ընտանիքի հարցերին կամ հակասություններին: Դրանք, ինչպես կյանքը ցույց է տալիս, խաղաղ են ավարտվում: Մնացած, արտառոց դեպքերի կտրվածքով մեր օրենսդրությունը կա՛մ պարզապես մթնոլորտը չի հանդուրժում ոչ մի բռնություն, կա՛մ նման տիպի բաներ: Այդ կտրվածքով ուզում եմ ասել, որ իմ համոզմամբ մեր ունեցած իրավական ակտերը, ըստ էության, եթե ընտանիքներում ինչ-որ բան պատահի, վատագույն դեպքում ունենք միջամտելու միջոց, եւ լրացուցիչ անգամ օրենքի անհրաժեշտություն պարզապես միտք չունի ունենալ, որի համար էլ դեմ եմ քվեարկել:
-Կարծիքներ կան, թե օրենքին դեմ քվեարկողները կողմ են ընտանեկան բռնությանը:
-Ես այդպիսի տեսակետից ո՛չ անհանգստանում եմ, ո՛չ հուզվում, թող այդպես մեկնաբանեն: Բացարձակապես ես այդ առումով չունեմ որեւէ մտահոգություն եւ անհանգստություն: Իսկ կան բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք գրանտներ են շահել կամ օտար տեղերից պայմանավորված, նրանք այլընտրանք չունեն կողմ չլինելու: Թող կողմ լինեն, եւ այդպիսիները կարող են նման բացատրություն կամ մեկնաբանություն տալու: Այդպիսիներին ես խորհուրդ եմ տալիս` եթե ուզում եք ընդհանրապես իմանալ՝ ընտանիքն ինչ բան է, եւ ինչ արժեքներ են դարերով պահպանվում, գնացե՛ք, Բոստանջյանենց ընտանիքն ուսումնասիրե՛ք:

 

 

 

ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՄՏԱՓՈԽՎԵԼ

Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի դեմ կրկին քարոզչական արշավ է սկսվել, որի պատճառը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նրա արտահայտած միտքն է: Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պետք է պատվաստել հենց 13 տարեկանից, առողջապահության նախարարը հղում էր արել հարցումների արդյունքներին, որոնց համաձայն` Հայաստանում «մինչեւ 15 տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունի»: Ընդ որում, լրագրողի ճշտող հարցին՝ խոսքը մինչեւ 15 տարեկանների՞ մասին է, Ալթունյանը կրկին տվել էր դրական պատասխան:

Սակայն, ինչպես եւ սպասելի էր, նախարարի դեմ սկսած արշավից հետո ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն տարածեց՝ սրբագրելով նախարարի ասածները, թե իբր նախարարն այլ բան է նկատի ունեցել: Իբր նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ։ Ծառայությունը վկայակոչել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքները, որոնց համաձայն` անանուն հարցման ժամանակ 15 տարեկան տղաների 21 եւ աղջիկների 1 տոկոսը նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: Իսկ 2010թ. կատարված հետազոտության համաձայն` 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` 2 տոկոսը։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս երկու հետազոտություններում տղաներին վերաբերող 25 տոկոսի մասին որեւէ տվյալ չկա։
Սակայն սա առաջին անգամը չէ, երբ Լեւոն Ալթունյանն իր արտահայտած մտքերի ձեռքը կրակն է ընկնում: Մասնավորապես նա ամիսներ առաջ էլ ասել էր, թե. «Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, եւ սա անհաջողակ լինելու փաստ է»: Այս խոսքերից հետո բարձրացած աղմուկից հետո նախարարը ստիպված էր իր խոսքերից հրաժարվել: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Ալթունյանին հասցեագրված քննադատություններն ուղղակի հասցեագրված են նաեւ նրա ընկերոջը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այլ կերպ ասած` իրականում նախարարի դեմ սկսված արշավը ապագա վարչապետի «ընտրություններին» ընդառաջ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ընտրապայքարի դրսեւորումներից է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՀՀ ԿԳ
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն ու աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը տեւական ժամանակ է՝ չունեն ծառայողական ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված պաշտոնյաներին ավտոմեքենայով ապահովելու պահանջով ԿԳՆ-ն դիմել է կառավարությանը եւ խնդրել հատկացնել 20 մլն դրամ` դրանք ձեռք բերելու նպատակով: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ԿԳՆ-ի ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 9-ն է, սակայն ներկայիս ծառայողական ավտոմեքենաների թիվը 7-ն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող «Ֆոլկսվագեն Տուարեգ, մակնիշի ավտոմեքենան անցած տարվա մարտ ամսից մինչեւ հունիս սպասարկել է աշխատակազմի ղեկավարին: Բայց հունիսին ավտոմեքենան վերադարձվել է «Կրթության ազգային ինստիտուտ, ՓԲԸ-ին, ինչն էլ հետագայում աճուրդային կարգով վաճառվել է: Արդյունքում այսօր ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ աշխատակազմի ղեկավարը ծառայողական ավտոմքենա չունեն:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիս ամսին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հրազդանի քաղաքային համայնքի` պահանջելով վճարել 3 միլիոն դրամի հասնող պարտքը: Հավելենք, որ միայն Հրազդանի քաղաքապետարանը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ մի շարք մարզային դպրոցներ, բժշկական հաստատություններ եւս չեն վճարել սպառած գազի վարձը, ինչի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գումարները փորձում է վերադարձնել դատական ճանապարհով:

 

 

ԷԼԻ ՊԱՐՏՔ
Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել պետական պարտքի չափը: ՀՀ ֆինանսների նախարարության, Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի միջեւ նախատեսվում է ստորագրել «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18 մլն 500 հազար 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագիրը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված գումարով նախատեսվում է ավարտել Ախուրյան գետի վրա 25 մլն մա ծավալով Կապսի ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքները, ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը: Տեղեկացնենք, որ վարկը տրամադրվում է մինչեւ 15 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 5-ը` արտոնյալ, իսկ մայր գումարը մարվելու է` սկսած 2023 թվականից: Հիշեցնենք, որ կառավարությունն ԱԺ արտահերթի նիստի օրակարգում ներկայացրել էր պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ նախատեսելով հանել պարտքի չափի սահմանափակումները:




Լրահոս