ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում: Մեզ համար կարեւորագույն խնդրում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեեւ վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են): Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»: Արդյունքում վարչապետը կարող է նույն ԼՂ բանակցություններում ՀՀ-ի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը պետք է կնքի նախագահը` դրա համար կրելով պատասխանատվություն: Այստեղ թերեւս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի՝ դեռ 2015 թվականի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը, երբ անդրադառնալով նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ քաղաքական առճակատման հնարավորությանը, ասել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Գարնանից ստեղծվելիք վիճակն էլ նման է այդ «անտրամաբանականին»:

 

 

Իշխանություններն իրենց գործողություններով հիմնավորում են տեսակետը, որ այս տարիներին պետությունը հայտնվել է վատթար վիճակում: Հիմա էլ բանը հասել է պետական պահուստները վաճառելուն: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է առաջիկա չորս տարիներին վաճառքի հանել թանկարժեք մետաղների եւ քարերի պետական գանձարանի պահուստները՝ բյուջեի համար ապահովելով 1,5 միլիարդ դրամ եկամուտ: ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` տարիների ընթացքում այդ արժեքները կորցնում են իրենց արդիականությունը, ապրանքային տեսքը եւ արժեքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ պահուստների վաճառքը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում: Փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բռնել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին. նա էլ «լուրջ հիմնավորումներ բերելով»` վաճառեց պետական պահուստային ոսկին, այն էլ աննկարագրելի էժան գնով: Կարճ ժամանակ անց միջազգային շուկայում էապես բարձրացավ ոսկու գինը, եւ Հայաստանը տուժեց կրկնակի:

 

 

 

Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվածների ցանկում էր նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հատկապես ո՞ր ծառայության դիմաց է նա ստացել մեդալը, Կճոյանն ասել է. «Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո չեն բացատրելու»: Վերջին տարիներին Հայաստանում կարծես մոդա լինի՝ Սուրբ Ծննդյան օրը` ջրօրհնեքի արարողության ժամանակ, խաչքավոր են դառնում պաշտոնյաները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին խաչը վստահում պաշտոնյաներին, որոնք հաճախ են ստում եւ խախտում աստվածաշնչյան պատվիրանները, պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Հիշեցնենք, որ Գրիգորյանցը դեռ 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար էր վճարել ամերիկյան «Burson-Marsteller» ընկերությանը` Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Ու հիմա նա այս հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ երբեմնի օլիգարխ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին, ում պատկանում էր այս գործարանը:

 

 

 

ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔՈՎ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բռնել է քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհը: Այս առումով սոցիալական ցանցում նախարարի մասնակցությամբ գրանցված սկանդալը լրջագույն հարված էր նրա անձի հեղինակությանը: Հիշեցնենք՝ նախարարն իր էջում հերթական զինվորի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար դրամահավաքի կոչ էր արել: Իհարկե, կոչը ունի խիստ անձնական տվյալներ պարունակող անհրաժեշտություն եւ հրապարակման ենթակա չէ, եւ գումարը պարտավոր ենք յուրաքանչյուրս փոխանցել, բայց բարձրաձայնման ձեւն ու պաշտոնյային ոչ հարիր տաքարյունությունը, որը դրսեւորեց նախարար Սարգսյանը, փչացրեց ողջ գործընթացը: ՀՀ քաղաքացիներից մեկի հակադարձմանը «էս բոշայության նոր ձե՞ւ է», Վիգեն Սարգսյանը գրել էր «բոշան դու ես»: Այսպիսի արտահայտություն իրեն թույլ է տալիս մի պաշտոնյա, որին վերապահված է լրջագույն ոլորտ՝ կիսապատերազմական երկրի զինված ուժերը: Համաձայնեք, անլուրջ է, առավել եւս, երբ կատարվածը դիտարկում ես պաշտպանության նախկին նախարարների ֆոնին, որոնք փորձել են մնալ խիստ կերպարի մեջ` թույլ չտալով նման բացթողումներ: Կմտածեք՝ «պաշտպանության նախարարն էլ է մեզ նման մարդ, որի նյարդերը կարող են տեղի տալ, եւ նա էլ կարող է պոռթկալ», եւ հետո ֆեյսբուքյան մեկ գրառումը դեռ ոչինչ չի նշանակում, հետո ջնջեց այն:
Բայց տեղի ունեցածը եկավ համալրելու մինչ այդ նրա սխալների շարքը, ինչը հասարակության դժգոհությունն էր հարուցել: Նախ՝ ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակներում նա հանդես եկավ հազարական դրամների նախաձեռնությամբ` այդպես ի ցույց դնելով պետության խղճուկ վիճակը, երբ ստիպված է համազգային մուրացկանությամբ լուծել իր խնդիրները: Հետո` ԱԺ վերջին ընտրություններում գլխավորելով ՀՀԿ ցուցակը` Վիգեն Սարգսյանն իրեն դրեց խոցելի դրության մեջ. այդպես նա համաձայնեց ստանձնել պատասխանատվություն մի քաղաքական ուժի համար, որն իշխանավարման մոտ 20 տարիների ընթացքում լրջագույն ձախողումներ է գրանցել /թեեւ ինքն էլ այդ ուժի մեջ է եղել, պարզապես ոչ առաջին պլանում/: Վիգեն Սարգսյանի դեմ քննադատության հերթական ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ նա հանդես եկավ տարկետման իրավունքի սահմանափակումներ նախատեսող օրենսդրական առաջարկով: Ընդ որում՝ Սարգսյանը փորձեց վերացնել տարկետման այն իրավունքը, որից ժամանակին ինքն էր օգտվել: Հընթացս լրագրողներին որոշեց «դաստիարակել» բարձրից նայել քաղաքական ու հասարակական գործիչներին եւ այլն:
Մի խոսքով, որքան էլ Վ. Սարգսյանի թիմակիցները պնդեն, թե նրա դեմ դավեր են նյութում «անհայտ ուժերը», Սարգսյանն օրինակելի պաշտոնյա է, այնուամենայնիվ, իրականությունից հեռու չես փախչի: Ի վերջո, աղմուկի առիթը հենց նախարարը տվեց իր շաբաթ երեկոյի ընթացքում:




Լրահոս