Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվությունը շարունակվում է: Ու որքան էլ արտաքուստ տպավորություն ստեղծվի, թե բանակցային գործընթացն առանձնապես առաջ չի շարժվում, իրականությունը միանգամայն այլ բան է վկայում: Պարզապես ամեն ինչ չէ, որ տեսանելի է առաջին հայացքից: Այս առումով պատահական չէ, որ տարեսզկբին տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հիմա փետրվարին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ինչպես հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, իրենք այցելելու են` «ակնկալելով հստակեցնել կողմերի դիրքորոշումները»: Միաժամանակ նա որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ տարեսկզբին Կրակովում տեղի ունեցած հանդիպումից: Ըստ այդմ, երկու երկրների նախարարները քննարկել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման թեման:
«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: Մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչեւ ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել»,- ընդգծել է Պոպովը: Նա նաեւ նշել է, թե բանակցություններում շարունակվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին խոչընդոտող առավել բարդ ասպեկտների քննարկումները: «Առաջարկները նոր չեն, կողմերը դրանք բազմիցս հնչեցրել են. դրանք վերաբերում են կարգավիճակի հետ կապված հարցերի լուծմանը եւ տարածքային խնդրի կարգավորմանը: Մենք ակնկալում ենք ճշտել կողմերի դիրքորոշումը փետրվար ամսվա առաջին տասնօրյակում կայանալիք մեր «եռյակի» այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում»:
Մեծ հաշվով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը որեւէ նորություն չի հայտնել ու որեւէ արտառոց փաստ չի բացահայտել: Նա խոսել է վաղուց հայտնի սկզբունքների մասին, խոսել գործընթացի ներկա վիճակից, որ որոշ դետալներ շարունակում են խոչընդոտել վերջնական համաձայնության հասնելուն: Բայց համանախագահները եւ, ընդհանրապես, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով շահագրգռված անձինք ամեն անգամ այս մասին խոսում են խնդիրը քաղաքական օրակարգում պահելու, նաեւ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում հասարակական տրամադրությունները շոշափելու նպատակով` իհարկե, ամեն անգամ չմոռանալով բանակցային սեղանի շուրջ գտնվողներին հիշեցնել խնդրի լուծման ուղղությամբ քայլեր կատարելու, փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին: