ՀՀ Սահմանադրության 135 հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Սակայն հիմա ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Ներման մասին» օրինագիծ՝ համաձայն որի ՀՀ նախագահը ներում է շնորհելու միայն վարչապետի առաջարկությամբ:
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ՀՀ Սահմանադրության հետ հակասության գնով այս օրինագիծը ընդունել տալիս:
ArmLur.am-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանի հետ:
-Ըստ ձեզ ի՞նչ նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանը՝ այս նախագծով:
-Սերժ Սարգսյանը կարևորագույն հարցերը իր ձեռքում է վերցնում: Գոնե այս փուլում, քանի դեռ պատկերացնում է, թե կարող է մնալ իշխանության գլուխ: Բարդ բաներ պետք չէ փնտրել: Բոլոր կարևորագույն պաշտոնները, որոնք նախկինում կային կամ ավելացվում են հատուկ Սերժ Սարգսյանի համար: Սա բացառապես Սերժ Սարգսյանի չափսերով կարված սահմանադրություն է:
-Արդյոք Սերժ Սարգսյանը ցանկանում է քաղաքական թեմաներով բանտարկյալների ճակատագիրն իր ձեռքում պահել:
-Նրա համար խնդիրը մեկն է` կարողանալ վերահսկել ամբողջ իշխանությունը: Լծակը իր ձեռքում պահել:
-Իսկ այս պարագայում, ո՞րն է նախագահի դերակատարումը:
-Այդ դերը բավականին թույլ հիմքերի վրա է դրված: Ամբողջ համակարգը կախված է լինելու Սերժ Սարգսյանից: Այս համակարգի անունը Սերժ Սարգսյան է:
Հասմիկ Սարգսյան