ՍԴ նախագահն ու խորհրդականը. ովքեր կնշանակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի անդամների կազմի շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 70-ամյակը լրանալուց հետո, երբ վայր դնի լիազորությունները, նշանակվելու է բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Եւ, ահա, բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու 10 անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի նշանակումը իրականացնելու է ոչ թե դատավորների ընդհանուր ժողովը, այլ խորհրդարանը:

Ինչեւէ, անդրադարձել էինք դատավորների շրջանում խոսակցություններին, որ դատավորները մեկ այլ դատարանից մեկ այլ դատարան են տեղափոխվում` բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

Մասնավորապես նման քայլի էին դիմել ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներ Կարեն Ավետիսյանը եւ Կարինե Բաղդասարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը հայտնել է, որ նման ցանկություն չունի, եթե անգամ նման առաջարկ էլ ունենա, ապա չի ցանկանա, քանի որ սիրում է դատավորի կենդանի աշխատանքը:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Դուք ՀՀ վարչական դատարանից տեղափոխվեցիք վարչական վերաքննիչ դատարան, որպեսզի հետագայում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվեք:

-Չէ՛, նման մտադրություն չի էլ եղել, առաջխաղացման ցուցակում եմ ընդգրկվել խորհուրդը թեկնածությանս օգտին է քվեարկել, եւ ես տեղափոխվել եմ վարչական վերաքննիչ դատարան:

-Իսկ Դուք առաջարկ չե՞ք ստացել` բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

-Այդ մասին չեմ էլ մտածել, առավելեւս նշեմ, որ բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար պետք է 10 տարվա աշխատանքային փորձ, իսկ ես այդքանը չունեմ:

Նշենք, որ Կարեն Ավետիսյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ ահա ավելի ուշ հրաժարվել է այդ պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Ասել է, թե նա ունի դատավորի` ընդամենը 8 տարվա աշխատանքային փորձ:

Քնար Մանուկյան




Լրահոս