Կոտայքի մարզի դատախազը դիմել է մարզպետին. Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ վրաերթի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի հետ:

-2017թ. հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի որդին` 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը, վերցրել էր քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով` մահացել էր: Ամանորի նախաշեմին այդ գործը կարճվեց: Հրահանգ ունեի՞ք քաղաքապետի անչափահաս որդուն չպատժելու մասին:

-Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում տեղի ունեցած վրաերթի այդ դեպքի առթիվ, ինչպես գիտեք, 2017թ. հունիսի 8-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քանի որ լրատվամիջոցներում պարբերաբար անդրադարձ է կատարվում այս դեպքին, հարկ եմ համարում տալ ավելի համապարփակ ու մանրամասն տեղեկատվություն գործի քննության վերաբերյալ:

Դեպքի օրը որպես վարորդ էր ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ռաֆայել Օհանյանը: Սակայն իրավապահ մարմինների հետեւողականության արդյունքում այդ փաստը հերքվեց, նույն օրը անմիջապես ներկայացավ Ռազմիկ Դանիելյանը եւ տվեց խոստովանական ցուցմունք:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գործով անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները, այդ թվում դեպքի վայրում աշխատանքներ կատարող, տուժողի գործընկերների ցուցմունքները ձեռք բերելուց հետո` 2017թ. հուլիսի 6-ին, նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին` նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը:

Օգոստոսի 29-ին ստացված եզրակացությամբ փորձագետը նշել էր, որ տրամադրված ելակետային տվյալներով` հնարավոր չէ պատասխանել որոշմամբ առաջադրված հարցերին, մասնավորապես որոշել, թե վարորդը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, այլ խոսքով ասած` վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության այնպիսի կանոն խախտվե՞լ էր, որը տուժողի մահվան պառճառ էր հանդիսացել:

2017թ. օգոստոսի 30-ին նշանակվել է կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներին: Սեպտեմբերի 20-ին ստացվել է կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որը փաստացի տվել էր նույն պատասխանը, այսինքն` որ ելակետային տվյալների ոչ բավարարության պատճառով հնարավոր չէ պատասխանել որոշմամբ առաջադրված հարցերին: Դրանից 2 օր անց` 2017թ. սեպտեմբերի 22-ին, նշանակվել է թվով 3-րդ` կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննությունը, որի կատարումը հանձնարարվել է արդեն ՀՀ ԱՆ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2017թ. հոկտեմբերի 4-ին կատարվել է քննչական փորձարարություն` մեղադրյալ վարորդ Ռազմիկ Դանիելյանի եւ ուղեւոր Թագուհի Հարությունյանի մասնակցությամբ, սակայն նրանցից որեւէ մեկը նոր ելակետային տվյալ չի հայտնել եւ չի կարողացել մատնացույց անել որեւէ չափային տարածություն` փորձագետին տրամադրելու համար:

Հոկտեմբերի 13-ին ստացվել է կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` տրամադրված ելակետային տվյալները դարձյալ բավարար չեն որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու եւ վարորդի կողմից վրաերթի կանխման հնարավորությունը որոշելու համար:

Հետագա նախաքննության ընթացքում դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի հանձնարարությամբ հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու նպատակով կրկին կատարվել է քննչական փորձարարություն` պարզելու համար դեպքի վայրի հանգամանքների տարածաչափական տվյալներ:

2017թ. դեկտեմբերի 4-ին նշանակվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է նախորդ եզրակացությունները տված բոլոր երեք կազմակերպությունների փորձագետներին` նրանց տրամադրելով ինչպես գործով ձեռք բերված բոլոր տվյալները, այնպես էլ նշված քննչական փորձարարության արդյունքում ձեռք բերված ելակետային տվյալները:

2017թ. դեկտեմբերի 25-ին ստացվել է հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` առաջադրված պայմաններում «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ են տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից կհակասեին ՃԵԿ-ի պահանջներին, կպայմանավորեին տվյալ վրաերթի առաջացումը, չեն դիտվում:

Ինչ վերաբերում է ավտոմեքենան վարորդի կողմից առանց վարորդական իրավունքի վկայականի վարելուն, ապա ըստ փորձագիտական եզրակացության` դրա համար տվյալ անձը ենթարկա է վարչական պատասխանատվության, ինչը կարգավորվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Սակայն այդ փաստը տուժողի մահվան հետ պատճառական կապի մեջ չի գտնվում:

Եզրակացությունը ծանոթացվել է տուժողի իրավահաջորդին եւ մեղադրյալին ու նրա օրինական ներկայացուցչին, ովքեր առարկություններ եւ միջնորդություններ չեն հայտնել, իսկ տուժողի իրավահաջորդ Գագիկ Թորոսյանն էլ շարունակել է պնդել, որ բողոք եւ պահանջ չունի վարորդ Ռազմիկ Դանիելյանի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացվել Ռազմիկ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործով վարույթը կարճելու մասին: Այսինքն` ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այդ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ժամանակ ձեռնարկվել են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցները` քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար, այդ թվում նշանակվել են թվով 4 դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

-Այնուամենայնիվ, նրան չպաժելու հրահանգ ունեի՞ք:

-Ձեր դիտարկումն ավելի շատ սուբյեկտիվ մեկնաբանություն է, քան հարցադրում: Քրեական գործերի ընթացքի լուծման վերաբերյալ ո՛չ հրահանգ տալու կարգ եւ ո՛չ էլ պրակտիկա չկա: Ուստի կրկին անգամ նշեմ, որ վերոհիշյալ քրեական գործով իրականացվել է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն, ինչի մասին հանգամանորեն նշեցի:

-Բայց որպես դատախազ` Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ո՞վ պետք է պատասխան տա` անչափահաս տղային համայնքային ծառայողական մեքենան տրամադրելու համար:

-Թե՛ որպես մարզի դատախազ, թե՛ որպես մարդ ու քաղաքացի, չէր կարող նման հարց չառաջանալ: Ավելին` առհասարակ չէր կարող քննության առարկա չդառնալ անչափահասին համայնքային ծառայողական ավտոմեքենա տրամադրելու հարցը: Նախաքննության ընթացքում հանգամանորեն ուսումնասիրվել է նաեւ այդ հարցը, ե ձեռք բերված տվյալներով` պարզվել է, որ 2017թ. հունիսի 8-ը եղել է աշխատանքային օր, դեպքը տեղի է ունեցել ժամը 12:25-ի սահմաններում, աշխատանքային ժամին:

Ձեռք բերված փաստական հանգամանքների համաձայն` Հրազդան համայնքի ղեկավարին ամրակցված ավտոմեքենան, առանց վարորդի կամ համայնքի ղեկավարի հսկողության, գտնվել է վերջինիս տանը, ավելին` բանալիները նույնպես առանց հսկողության թողնվել են Ա. Դանիելյանի տանը, ինչը եւ պատճառ է հանդիսացել, որպեսզի վերջինիս անչափահաս որդին, ով չի ունեցել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, առանց որեւէ մեկին տեղեկացնելու` վերցնի հիշյալ ավտոմեքենան եւ դրանով երթեւեկի իր անձնական գործերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվում` տրանսպորտային միջոցը հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար, եթե դրա հետեւանքով առաջացել են ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ կամ 242-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները:

-Եւ այդ ուղղությամբ արվե՞լ են քայլեր:

-Նշածս հոդվածներով քաղաքապետին կամ որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցը դիտարկելիս պետք է մի քանի ակնհայտ փաստեր հաշվի առնել:

Առաջին` քրեական գործով տրանսպորտային միջոցը որեւէ մեկի կողմից անմիջականորեն անչափահասին հանձնելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Երկրորդ` պարզվել է, որ դեպքի օրվա դրությամբ Ռազմիկ Դանիելյանի 16 տարին լրացած է եղել. այն լրացել էր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին: Եվ երրորդ` ինչպես վերը նշեցի, կոնկրետ վարորդի արարքում չհիմնավորվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի հանցակազմի առկայությունը:

Այդուհանդերձ, թեեւ քրեաիրավական իմաստով մեղքի բացակայությունը փաստված էր, կարեւորելով պաշտոնատար անձանց կողմից ծառայողական ավտոմեքենաների շահագործման պայմանների նկատմամբ հետեւողականության, զգոնության ապահովման անհրաժեշտությունը` իմ կողմից` որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր` Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ` հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս