Գարունը սկսվեց առանց հայ-թուրքական արձանագրությունների. ինչ հետևանք կունենա Սերժ Սարգսյանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ կայացվեց վերջին շրջանի թերեւս ամենակայացված որոշումներից մեկը՝ չեղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սերժ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու մատնանշել Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության մասին: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

«Արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց` արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել: «2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների: Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, եւ այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է: Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ եւս անդրադառնա հարցին», – ասել է Սարգսյանը:

Քննարկման արդյունքում, ի վերջո, անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը: «Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,-ընդգծել է Սարգսյանը։

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե լուրջ հետեւանքներ, ի դեմս ցնցումների, չեն լինի: «Իհարկե, Թուրքիայից կլինեն համապատասխան արձագանքներ, որ փորձ կարվի մեղադրելու ՀՀ-ին գործընթացը տապալելու մեջ: Բայց ինձ թվում է, որ միջազգային հանրության համար վաղուց արդեն պարզ էր, որ գործընթացը տապալվել է, եւ տապալման մեղքը Թուրքիայինն է: Բոլորը դա գիտակցում են, որովհետեւ, ըստ էության, Հայաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այդ արձանագրությունները կյանքի կոչվեն: Հայաստանը քայլեր ձեռնարկեց, Թուրքիայի համար դա ուղղակի տակտիկական, փիառական խնդիրներ լուծելու, օգուտներ քաղելու հարց էր: Ես ինչ-որ բան չեմ սպասում», – նշեց նա:

Թուրքագետի խոսքով` միեւնույն ժամանակ արձանագրությունների չեղարկումը չի կարող ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ դրանք ըստ էության չկան: «Թուրքիայի հասարակության համար ցնցում չի լինի, ոչ էլ պետական իշխանությունների: Իհարկե, ինչ-որ բան կմեկնաբանեն: Սա վաղուց ուշացած եւ լճացած պրոցես է», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ- թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Հ.Գ. Մինչ այդ արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. ի սկզբանե ակնհայտ էր, որ առանց ԼՂ խնդիրը կարգավորելու, հայ-թուրքական հարաբերությունները անհնար է բարելավել. որքան էլ խոսվի առանց նախապայմանների հայ-թուրքական երկխոսության մասին, միեւնույն է` այս երկու հարցերը կապված են իրար հետ: Այդ ամենը գիտակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն 2008-ի կեղծված ընտրություններից, մարտի 1-ից հետո միջազգային հանրությունից ինդուլգենցիա ստանալու եւ իր իշխանությունը լեգիտիմացնելու համար գնաց այդ քայլերին: Պարզվեց՝ բացարձակ անիմաստ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս