Մարտի 1-ից այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցի տերը Վրաստան մտնելիս պարտավոր է ապահովագրել այն: Ավտոտրանսպորտի ապահովագրություն կատարվելու է Վրաստանի Սարպի, Ցիտելի Խիդի, Սադախլո եւ Կազբեգի սահմանային անցակետերում: Առանց ապահովագրելու Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժի դեպքում վարորդը տուգանվելու է 100-200 լարիի չափով, որը մոտովորապես կազմում է 20-40 հազար դրամ: Վրաստան մտած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է մինչեւ 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի, որը մոտ 6000 դրամ է:
Ավտոտրանսպորտի ապահովագրում կատարվելու է նաեւ 30 եւ 90 օրով եւ մեկ տարով: Մարդատար ավտոմեքենայի` մեկ տարով ապահավագրության վճարը սահմանված է 295 լարի, կամ մոտ 59 հազար դրամ: Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների ապահովագրության վճարները ավելի մեծ են: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը սահմանակից է Վրաստանին: Նոյեմբերյանցի վարորդները կողմ են, որ Վրաստան մտնող իրենց ավտոմեքենաներն ապահովագրվեն, ինչը իրենց հնարավորություն կտա այդ երկրում ավտովթարների դեպքում նյութական քիչ վնասներ կրել: Սակայն վարորդները դժգոհ են, որ մեքենաների ապահովագրության վճարները Վրաստանում բարձր են: Եթե նախկինում տավուշցի վարորդներն առանց երկմտելու չնչին առիթով մտնում էին Սադախլո կամ Մառնեուլի, այսուհետ Վրաստանի տարածք ավտոմեքենայով մտնելու են միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Այն անձինք, ովքեր դեպի Վրաստան ուղեւորափոխադրումներ են կատարում կամ բիզնեսի հետ կապված գործեր ունեն այդ երկրում, հավանաբար իրենց տրանսպորտային միջոցներն ավելի երկար ժամանակով կապահովագրեն: Վրաստանում ավտոապահովագրություն մտցնելու վերաբերյալ վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով տեղեկատվական թերթիկներից մի քանիսը տարածվել են նոյեմբերյանցի տաքսիստների շրջանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ