Պարտադիր և արդեն պարտադրված. ինչ խնդիրներ են թաքնված կուտակային համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, ՀՀ քաղաքացիներին բավական տհաճ անակնկալ է սպասվում:

Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ պետք է մտներ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվեց:

Նկատենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է մի շարք երկրներում: Ամեն ամիս մարդկանց ստացած աշխատավարձից պահումներ են արվում, որպեսզի ծերության օրոք կենսաթոշակի տեսքով վճարվեն քաղաքացիներին: Առաջին հայացքից թվում է, թե դրական է այն, որ այս նույն մոդելը պետք է գործի նաեւ մեր երկրում: Սակայն կա մի բայց. մեզ նման երկրների համեմատ բավական բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներով երկրներում կուտակային համակարգը բնական է, իսկ մեր քաղաքացիների համար կարող է բավական լուրջ խնդիրներ առաջ բերել:

Բանն այն է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կան բավական թվով քաղաքացիներ, որոնց աշխատավարձը զգալիորեն ցածր է այլ երկրների քաղաքացիների ստացած աշխատավարձից: Այլ խոսքով, պարզապես համեմատության եզրեր չկան: Եվ այս պայմաններում զինված ուժերի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող 1000 դրամ գումարը մի կողմից, եկամտային հարկը` մյուս կողմից, եւ շուտով նաեւ կուտակային կենսաթոշակին ուղղվող գումարը` երրորդ կողմից կարող է հանգեցնել մարդկանց եկամուտների շեշտակի նվազեցման: Իսկ ստացած չնչին աշխատավարձով օրեցօր թանկացող երկրում մարդկանց միայն չոր հացի գումար կմնա:

Թեմայի շուրջ փորձեցինք տեղեկություն ստանալ ֆինանսների նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակը հաստատեց, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է: Նա շեշտեց նաեւ, որ սա թույլ կտա քաղաքացիներին տարիներ հետո հանգիստ լինել կեցության ծախսերի հարցում, քանի որ, օրինակ, ներկայիս 30-40 հազար դրամի փոխարեն կարող են ստանալ, ասենք, 100 հազար դրամ: Բայց նկատենք, որ մարդը դեռ պետք է հասնի այդ տարիքին` ընդ որում, մինչ այդ կուտակելով անհրաժեշտ գումար:

Բացի այդ` հասարակության մեջ չկա վստահություն պետական ապարատի նկատմամբ: Այս պարագայում մարդիկ չեն վստահում այն երկու կազմակերպություններին, որոնցում պետք է կուտակվի իրենց ապագա կենսաթոշակը. մտավախություն կա, որ կուտակային ֆոնդերը կարող են լուծարվել կամ անհետանալ, իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի կուտակած գումարի հետ: Հարցականները բավական շատ են, եւ որքան էլ իշխանությունները համոզում են, թե օրենքով նման հարցերը կարգավորված են, միեւնույն է, այդ պնդումներն առ ոչինչ են, քանի որ իշխանությունները չունեն վստահության պաշար:

Մինչ այդ շեշտենք մեկ կարեւոր հանգամանք. այս որոշման կիրառման համար ընտրված ժամկետն ամենեւին պատահական չէ. արվում է այն ժամանակ, երբ իշխանության ներսում քաղաքական հիմնական վերադասավորումներն արդեն ավարտված կլինեն. այսինքն՝ ապրիլին, երբ ձեւավորվի կառավարությունը, հարցերն ավարտված կլինեն: Ու թեեւ բնակչությունը փորձեց խուսափել պարտադիր բաղադրիչից, սակայն նրան երկար չհաջողվեց հեռու մնալ պարտադրանքից: Հիմա ստիպված են համակերպվել կառավարության կողմից ընդունված հերթական որոշման հետ, որի համար հաշվի չառնվեց քաղաքացիների կարծիքը:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ 2014 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակտիվ պայքար սկսվեց` հանձին «Դեմ եմ» շարժման. հիշում եք մարդաշատ բողոքի ակցիաները, երթերն ու ցույցերը: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց շարժման անդամներից Հայկ Ավետիսյանի եւ Դավիթ Մանուկյանի հետ` հասկանալու՝ արդյո՞ք նրանք կրկին դուրս կգան փողոց: Սակայն երիտասարդները պնդեցին, որ «Դեմ եմ»-ն, ըստ էության, արդեն գոյություն չունի, եւ իրենք այլեւս չեն պայքարելու այս խնդրի դեմ. զբաղված են անձնական գործերով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս