«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաեւ Երեւանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս մարզադպրոցներից մեկում պահակ ընդունվելու համար դիմած քաղաքացին զարմացած հեռացել է, երբ նրան ասել են, որ մինչեւ Գոռ Վարդանյանը «դաբրո» չտա, չեն կարող նրան աշխատանքի ընդունել։
Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ նրանից։ Ի պատասխան մեր հարցադրման, Գոռ Վարդանյանը զարմացավ. «Ո՞վ է նման բաներ ասում, ո՞ր մարզադպրոցն է, ո՞ր տնօրենն է, ո՞վ է պահակ ընդունվել ցանկացողը։ Եթե դուք նման բաներ եք ասում, ուրեմն պիտի իմանաք, թե ո՞ր մարզադպրոցին է վերաբերում։Էսօր ամեն օր 20 հոգի կարող է նման բան ասել։ Ուղղակի ուզում եմ կոնկրետ հասկանալ, քանի որ նման բան չկա։
Դպրոցի տնօրենն ինքն է որոշում ում ընդունի։ «ՉԻ» երկրորդ հարցադրմանը՝ «Մարզադպրոցների աշխատակիցներին եւ՞ս դուք չեք ընդունում», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դպրոցներում կան մարզիչներ, եւ հնարավոր է ինչ-որ մի մարզիչ ընդունվի, կամ չընդունվի, եւ մենք անպայման էդ մարզիչի անձնական գործերը պետք է տեսնենք։ Հասկանանք մարզիչը սպորտային ինչ կրթություն ունի, սպորտի մեջ ինչ աստիճանի մարզիչ է։ Դա հնարավոր է նայենք, բայց աշխատանքի ընդունելու հարցը դպրոցի տնօրենն է որոշում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: