Կինը սեքսուալ է, երբ սիրված է. Լուիզա Ղամբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց նվիրված միամսյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կանացի թեմաներով զրույցներ շոու-բիզնեսի հայտնի կանանց հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է։ Նա խոսել է կնոջ երջանիկ լինելու գրավականների, նրա ուժեղ եւ թույլ կողմերի, իր համար կնոջ հետաքրքիր կերպարի մասին։ Դերասանուհին խոստովանել է, որ կինը կարող է ուժեղ լինել բոլոր պարագաներում, բացի մեկից՝ երբ մայր է։

-Լուիզա՛, ո?վ կամ ի՞նչն է կնոջը դարձնում կին՝ գենե՞րը, միջավա՞յրը, դաստիարակությու՞նը։

-Կանացի հատկություններն, իհարկե, փոխանցվում են ժառանգաբար, հետո արդեն իր մեծ դերն է ունենում ընտանեկան դաստիարակությունը, հատկապես՝ մոր ազդեցությունը, շատ կարեւոր է նաեւ այն միջավայրը, որտեղ երեխան զարգանում է։ Բայց կնոջը կին դարձնողը տղամարդն է։ Սա անվիճելի փաստ է։

-Շարունակեք միտքը. «Կինը երջանիկ է, երբ…»:

-Երբ մայր է։ Կինը ծնվում է ծնելու համար, թերեւս մնացած ամեն ինչ անցողիկ է։ Կինը թույլ է միայն այն ժամանակ, երբ մայր է, մնացած բոլոր պարագաներում նա կարող է շատ ուժեղ լինել, անգամ կարող է նետվել մարտի դաշտ, հաղթահարել միջանձնային հարաբերությունների դժվարությունները։ Կարճ ասած՝ ամենամեծ առաքելությունն ու պատասխանատվությունը մայրությունն է։

-Հայ մայր լինելն էլ առանձնահատուկ երեւույթ է…

-Այո՛, նա իսկապես տարբերվում է իր ուժով։ Իհարկե, աշխարհի բոլոր կանայք են այդպիսին, բայց հայ կինը մի տիեզերական մղումով է ուժեղ։ Պատմությունը ցույց է տվել, որ նա հաճախ դոմինանտ է եղել հարաբերություններում, հաճախ էլ մեկտեղել է հնազանդությունն ու ուժը։ Ի տարբերություն շատ երկրների կանանց, որտեղ ֆեմինիզմը բավական տարածված է, հայ ամենասովորական կինը հաճախ շատ ավելի ուժեղ է իրեն զգում։

-Իսկ կինը, որը Հայաստանում ընտրում է բեմի մարդ լինելու ուղին, դառնո՞ւմ է խոցելի, թե՞ արդեն ոչ։

-Արդեն ոչ։ Ժամանակները փոխվել են, թեկուզ 20 տարի առաջվա հետ համեմատած` հսկայական փոփոխություններ են նկատվում այդ առումով։

-Կրկին շարունակեք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»:

-Երբ սիրված է, որովհետեւ արտաքին բոլոր գործոնները ոչինչ են, եթե նա չունի սիրված լինելու վստահությունը։

-Կանացի ի՞նչ դերի մասին եք երազում։

-Ես ժամանակ չեմ ունեցել երազելու. այդ իմաստով շատ հաջողակ եմ։ Գրեթե միշտ խաղացել եմ կերպարներ, որոնք ցանկացած դերասանուհու կենսագրության համար կարեւոր կետեր են։ Ես, իհարկե, կառանձնացնեի Այծեմնիկի դերը Վ. Չալդրանյանի «Ձայն լռության, կամ վեցերորդ պատվիրանը» ֆիլմում, եւ Բլանշի դերը «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ։

-Իսկ հայտնի կանանցից ո՞վ է Ձեզ առավելապես տպավորել։

-Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն՝ շատ տաղանդավոր, հակասական կերպար՝ սկսած իր գաղափարական, վերջացրած սեռական կողմնորոշումներով։ Իմ հետաքրքրությունը ծագեց «Ֆրիդա» ֆիլմը դիտելուց հետո, ապա ավելի խորացավ, երբ սկսեցի մանրամասն ուսումնասիրել նրա կյանքն ու գործունեությունը։

-Մի բան, որին կինը պետք է անպայման տիրապետի։

-Ճիշտ ժամանակին լռելը։ Սա շատ էական է։

-Մի բան, որ կինն իրեն երբեք չպետք է թույլ տա։

-Տղամարդու ֆունկցիան վերցնել իր վրա։ Նա երբեք չպետք է դադարի կին լինելուց։ Կա այսպիսի արտահայտություն՝ տղամարդ-կին։ Փոքրուց չեմ սիրել այն։ Հայրս ասում էր, որ դա անոմալիա է։ Կինը պետք է մնա կին, տղամարդուն պետք է ճիշտ ժամանակին հենարան լինի։

-Անձնական տիրույթում Ձեր կանացի ամենամեծ երազանքը։

-Երազում եմ, որ պահպանեմ այն, ինչ ունեմ։ Ունեցածը պահպանելը մեծ արվեստ է՝ լռելը, զիջելը, ներելը… Այն, ինչ տրվում է մարդուն, ճակատագրի գործոն է, Աստծո կամք կամ պատահականություն. ով ինչ ուզում է, թող ասի, իսկ հարաբերությունները պահպանելը ամենօրյա աշխատանքի արդյունք է։

Անի Անտոնյան




Լրահոս