Արդեն մի քանի օր է՝ Երեւանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը: Ընդ որում, հակառակ հոռետեսական կանխատեսումներին` ցուցարարների թիվը գնալով ավելանում է անգամ այն բանից հետո, երբ խորհրդարանում իշխող մեծամասնությունը քվեարկությամբ Սերժ Սարգսյանին հաստատեց երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում: Հատկանշական է փաստը, որ ցուցարարների մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները: Իսկ իշխանությունները, իրենց ձեռագրին հավատարիմ, հիմա փորձում են ահաբեկել հենց նոր կյանքի պայքարի բովում հայտնված երիտասարդներին՝ փորձելով նրանց մեջ կոտրել ոգին: Երեկ ոստիկաններն ավելի քան հարյուր հոգու էին բերման ենթարկել, ավելի ուշ ազատ արձակեցին:
Ինչեւէ, երեկ ցուցարարներն իրենց գործունեությունը սկսեցին վաղ առավոտյան, ընդ որում, առաջին «կանգառը» Բաղրամյան 26-ում էր՝ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Եւ խորհրդանշական կերպով երեկվա ակցիան ավարտվեց կրկին Բաղրամյան պողոտայում: Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներով Բաղրամյան պողոտայում էր, ոստիկանները բերման էին ենթարկում Ֆրանսիայի հրապարակում փողոց փակած ցուցարարներին: Եվ մինչ Փաշինյանը վերադարձավ հավաքի վայր, այն արդեն ոստիկանների հսկողության տակ էր գտնվում եւ այդպես էլ մնաց:
Երեկ եւս Փաշինյանը շարունակեց իրականացնել փողոցների եւ շենքերի շրջափակման ծրագիրը՝ երկար ժամանակ մնալով արտաքին գործերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի շենքերի դիմաց: Երբ ակտիվիստները ԱԳՆ-ի դիմաց էին, աշխատանքային ժամն ավարտվում էր, եւ տարածքում ոստիկանների կողմից պատնեշ ստեղծվեց, որպեսզի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքերից: Ուշագրավն այն էր, որ բոլոր աշխատակիցները, դուրս գալով շենքերից, գերադասում էին հեռանալ շենքի հետեւի մասով, որպեսզի դեմ առ դեմ չհանդիպեին ցուցարարներին, թեեւ իրականում նրանցից շատերը եւս դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետությանը, համակրանք ունեն այս օրերին անցկացվող ցույցերի նկատմամբ, բայց եւ իրենց կարգավիճակից դրդված` դեռեւս քայլ չեն անում՝ միանալու բողոքի ակցիաներին:
Օրը եզրափակվեց Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքով, որտեղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հետագա պայքարին: Ռազմավարությունը նույնն է, սակայն ավելի մեծ մասշտաբներ պետք է ընդգրկի:
Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում իրենց հայտարարած թավշյա, ժողովրդավարական հեղափոխության հետ, եւ կոնկրետ ինչպես են պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան իշխանափոխության:
«Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձեւ տարածվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ողջ Սփյուռքում»,- ասաց նա եւ նշեց, որ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը եւ այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը:
Նա նշեց, որ այս գործընթացն ամեն օր նոր չափեր եւ ծավալներ պետք է ստանա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաեւ, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, եւ մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, եւ մարդիկ շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքերում, պետական բոլոր մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ սկսեն նստացույցեր անել, որպեսզի այդ մարմիններում տեղ չմնա այդ պաշտոնյաների նստելու համար:
«Հենց սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ նախարարը մտնում է իր աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի: Սա իշխանափոխություն է»,-ասաց նա: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընթացող հանրահավաքի շարքերում նկատել է պաստառներ, որոնց վրա պատկերված են Շառլ Ազնավուրի եւ Սերժ Թանկյանի դիմանկարները:
«Պարզվում է` հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սե՛րժ, մենք սպասում ենք քեզ»,- դիմեց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը ընթերցեց նաեւ Սերժ Թանկյանի գրառումներից մեկը ընթացող միջոցառումների մասին, որում Թանկյանը գրել է, որ այս պահին Հայաստանում անհավատալի բան է կատարվում՝ քաղաքացիական անհնազանդությունը թափ է առնում եւ վերածվում գործադուլի եւ դասադուլի՝ ընդդեմ անարդար, կոռումպացված իշխող էլիտայի։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երթով գնալ դեպի Բաղրամյան պողոտա, ոստիկանական ուժեր կենտրոնացրին, սակայն ամեն ինչ ավարտվեց:
Միայն թե, նկատենք, մեծ հաշվով անհասկանալի են ընդդիմության հետագա քայլերը, եթե շենքեր շրջափակելու գործողություններն իրենց արդյունքը չունենան: Ի վերջո, պետք է փաստենք, որ անկախ «շրջափակումներից»` պետական մի շարք գերատեսչություններ շարունակում են իրենց աշխատանքը: Այնպես որ, այս օրերին կատարվող իրադարձությունները գնալով պետք է շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն ստանան:
Նաիրա Հովհաննիսյան