Armlur.am-ը Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային ցույցերի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ՀՅԴ-ն հանդես է եկել առաջարկով՝ կոչ անելով Արմեն Սարգսյանի հովանու ներքո սկսել երկխոսություն երկու կողմերի միջև: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Երբևէ դեմ չեկ եղել երկխոսությանը և դա կարևորել եմ, սակայն, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե որն է լինելու երկխոսության օրակարգը: Երբ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս երկխոսության կոչով, ես կարծում եմ, որ նա պետք է հստակեցնի երկխոսության օրակարգը: Իմ վստահ համոզմամբ` այս պահին քայլ պետք է անի իշխանությունը: Ինչպես ասում են՝ ջինը շշից այլևս բաց է թողնված, եւ այդ կոսմետիկ սվաղներով, կոսմետիկ փոփոխություններով, ինչ-որ իմիտացիոն հայտարարություններով, երկխոսության հրավիրելով՝ նպատակ ունենալով ժամանակ ձգել, ոչ մի հարց չի լուծվելու: Մենք ընդամենը վերջերս առաջարկում էինք Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և հանել ռեյտինգային ընտրակարգը, իշխանությունն այսօր անգամ դրան պատրաստ չէ: Այդ դեպքում ինչի՞ շուրջ պետք է երկխոսել. իրավիճակն իսկապես լարված է, եւ իշխանությունը պետք է առաջարկի քաղաքական լուծում: Այլևս քաղաքական լուծման խնդիր է դրված: Ապրիորի ասել` եկեք երկխոսենք, ես դա համարում եմ պարապ ժամանակի զրույց:
-Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մասին: Տեսակետ կա, թե հեղափոխական ճանապարհով հարց չի լուծվում: Դուք ի՞նչ տեսակետ ունեք:
-Այս շարժումը որակական առումով, այո՛, տարբերվում է բազմաթիվ եղած շարժումներից. դա միանշանակ է: Այստեղ լոկոմոտիվը և առանցքը երիտասարդությունն է: Շատ կարևոր է, թե ինչպես կավարտվի այս շարժումը, որևէ քաղաքական վերլուծաբան չի կարող կանխատեսել: Շատ դժվար է այս պահին կանխատեսել հանգուցալուծումը: Միայն մեկ բան՝ պետք է բոլորս ամեն ինչ անենք, որ հանգուցալուծումը լինի խաղաղ և արդար:
-Նաև որոշ քաղաքական կանխատեսումներ են արվում, որ հնարավոր է Գլխավոր դատախազը մտնի Ազգային ժողով՝ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դուք նման սցենար իրատեսակա՞ն եք համարում, թե՞ ոչ:
-Ամենաանհեթեթագույն սցենարն է, և դա կլինի այս իշխանության հերթական կոպտագույն սխալը: