Շարժման օրերին Արթուր Վանեցյանին Գեորգի Կուտոյանը հրահանգել էր մոտ 20 օր աշխատանքի չգնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նիկոլ Փաշինյանը հասցրեց երեք նշանակում կատարել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնները զբաղեցնող անձինք հայտնի են: Հետաքրքիր է, որ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԱԾ նոր տնօրեն Արթուր Վանեցյանը, մինչ նշանակվելը, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր էին. գրառումներ էին կատարում, լուսանկարներ հրապարակում:

Սակայն պաշտոն նշանակելու մասին հրամանագիրը հրապարակվելուց րոպեներ անց նրանք փակեցին սոցիալական ցանցի էջերը: Հետաքրքիր է՝ իրե՞նց ցանկությամբ է դա եղել, թե՞ նոր վարչապետի որոշումն է, ով չնայած սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աղաջանյանը 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ հանրային սննդի կազմակերպման ոլորտում, նաեւ աշխատել է որպես դիջեյ: Աղաջանյանը «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ ղեկավար Արթուր Աղաջանյանի որդին է:

Իսկ ԱԱԾ նոր պետը ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի ընկերն է. միասին են ծառայել բանակում: Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանն էլ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետն էր, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մտերիմը: Ազարյանին են պատկանում մի շարք մանկապարտեզներ, որոնց բացմանը կամ միջոցառումներին ներկա է եղել Ռ.Սարգսյանը: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների` բողոքի ցույցերի օրերին Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը հրահանգել է մոտ 20 օր աշխատանքի չգալ, քանի որ նրա մտերիմներից մեկը բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից է եղել, մինչեւ հասկանան, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Եվ ահա Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն:




Լրահոս