«Երբ նկարում է երեխան, նայում ես, մտածում ես՝ որքան պարզ է պատկերել, մաքուր, արտացոլել է այն, ինչ կա իր ենթագիտակցության շերտերում: Այդպիսին է նաեւ աբստրակտ նկարիչը: Թեեւ ես ինձ որեւէ «իզմի» մեջ չեմ տեղավորում, բայց պետք է ներքուստ մաքուր լինես, որ կարողանաս վերարտադրել զգացածդ: Հեշտ բան չէ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նկարիչ Աշոտ Հարությունյանը: Նա իր կտավները ներկայացրել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում օրերս կայացած 4-րդ միջազգային «Արվեստ Էքսպո-18» ցուցահանդեսում:
Մեր զրուցակիցը նախորդ տարի եղել է Փարիզում եւ կտավներից երկուսում արտացոլել է իր տպավորությունները սիրո եւ արվեստի քաղաքից. «Նկարչի համար շատ կարեւոր է շփումը օտար երկրների, օտար ազգերի ներկայացուցիչների հետ: Ես Փարիզը ներկայացրել եմ հեքիաթի նման՝ ցորենի դաշտ, արմավենիներ, փողոցներ, տներ, գույներ… Պետք չէ Էյֆելյան աշտարակը պատկերել կամ Սենայի ափը, որպեսզի տպավորություն ստեղծես, թե դա Փարիզն է: Ես նախընտրում եմ էքսպերիմենտներ անել»,-մեկնաբանեց Աշոտը:
Նկարներից մեկում էլ նա պատկերել է Ալավերդին՝ նախկին գործարանային քաղաքը. «Լքված գործարանը սիմվոլիկա է պարունակում իր մեջ. սովետը չկա, գործարանը կա»,-նկատեց արվեստագետը:
Հարցին, թե ինքը ֆինանսական հնարավորություններ ունենում է արդյոք հաճախակի անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու համար, Աշոտը պատասխանեց. «Ցուցահանդես կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված: Չես կարող ինքնանպատակ որեւէ բան կազմակերպել, պետք է տեսնես աշխատանքիդ արդյունքը: Հայաստանում իմ նկարներն ունեն գնորդներ, բայց միայն նկարչությամբ զբաղվելով ապրելն, իհարկե, դժվար է: Համենայն դեպս պայքարում եմ: Պետք է անմնացորդ նվիրվել արվեստին եւ չհանձնվել՝ չնայած բոլոր դժվարություններին»:
Նշենք, որ Աշոտ Հարությունյանը Երեւանում մասնակցել է բազում խմբակային ցուցահանդեսների: Նրա կտավները ներկայացվել են ԱՄՆ դեսպանատանը, Ֆրանսիայի դեսպանատանը, Գաֆեսճյան թանգարան հիմնադրամում, ՆՓԱԿ-ում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, «Դալան» պատկերասրահում, Ամերիկյան համալսարանում: Նա նաեւ ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես եւ Իսպանիայի Գրանադա քաղաքներում:
Աննա Բաբաջանյան