Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, բացառել ընտրակաշառքը. ինչպես է Փաշինյանի կառավարությունը տեսնում արտահերթ ընտրությունների անցկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Կառավարության գործունեության հիմնական ուղենիշների մեջ նշված է.

«ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»:

Երկրորդ կետում ամրագրված է արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցը: Կետերում ամրագրված է.

«Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,
  • Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
  • Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
  • Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
  • Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
  • Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։




Լրահոս