Օրերս «Լուրեր.com» լրատվական կայքը հրապարակեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ ունեցած զրույցը, որի ընթացքում վերջինս հայտնել էր իր «մտահոգությունները» կապված ԵՊՀ սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը 2015 թվականի սեպտեմբերի 16- ին «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև՝ Ընկերություն) վաճառելու կապակցությամբ:
Սույնի վերաբերյալ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության ղեկավարությունը հայտնում է, որ հրապարակված հոդվածում ապատեղեկատվության նպատակով դիտավորյալ խեղաթյուրվել են փաստերը և փորձ է կատարվել վերջերս մոդայիկ դարձած «ամեն ինչը կասկածի տակ դնելու, տեղին-անտեղի քննադատելու» եղանակով «անօրինության շղարշ» ստեղծել անգամ լիովին օրինական և իրավաչափ գործառույթների նկատմամբ, որոնք, թեպետև, կատարվել են նախկին վարչակարգի ժամանակ, սակայն իրականացվել են բաց և հրապարակային ընթացակարգերով՝ զերծ մնալով պետության, հասարակության կամ այլոց շահերը ոտնահարելուց:
Համաքաղաքացիների մտահոգությունները փարատելու նպատակով «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն ներկայացրեց նաև հստակ փաստեր՝ ԵՊՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի հյուրատունը (այսուհետ նաև՝ Հյուրերի տուն) ձեռք է բերվել Համբարձումյանների ընտանիքի կողմից: Այդ նպատակով հիմնադրվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ընկերությունը, որը հետագայում մասնակցել է Հյուրերի տան օտարման մրցույթին, որը մեկնարկել է
2015թ. օգոստոսի 5-ին:
Նշված հրապարակային մրցույթի 07.09.2015թ. թիվ 1 արձանագրության համաձայն (կցվում է) «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է գնային առաջարկ 2.160.000.000 դրամի չափով (որը 2015թ.-ին ՀՀ ԿԲ փոխարժեքով կազմել է մոտ 4.6 միլիոն ԱՄՆ դոլար), որն, ինչպես հետագայում պարզվեց, եղել է ոչ միայն ամենաբարձր գնային առաջարկը, այլև՝ միակն այդ մրցույթում:
«ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը կածում է, որ «Լուրեր.com»-ին հարցազրույց տված Ալեքսանդր Սիրունյանը կամ հոդվածի հեղինակ Սոնա Թադևոսյանը հոդվածում հայտարարություն անելով, թե՝ «… շենքը գրոշներով է վաճառվել», իրականում մտացածին, մերկապարանոց և պոպուլիստական հայտարարություններով ճանաչում ստանալու էժանագին փորձեր են կատարել, կամ էլ ցույց տալ իրենց պատվիրատուներին, որ գործ են
արել՝ ոչ ավելին:
Նշենք, որ մրցույթով Հյուրերի տան սահմանված նվազագույն (մեկնարկային) գինը կազմել է 2.143.800.000 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական գույքի գույքագրման և արժեքի գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատման ակտի, որն իրականում վաճառվող շենքի իրական շուկայական արժեքից
ավելի բարձր էր, քանի որ ԵՊՀ Հյուրերի տունը տասնամյակներ շարունակ չի վերանորոգվել և գտնվել է անմխիթար վիճակում՝ բաղդադե առաստաղները փտած, սանհանգույցները անսարքին և ժանգոտած, շահագործման համար ոչ պիտանի վիճակում, իսկ շենքի նկուղը բազմիցս լցվել է ջրով և մշտապես գտնվել խոնավ վիճակում, պարզ ասած շենքը ներսից դարձել էր շահագործման համար ոչ պիտանի: Շենքը գնելով՝ Ընկերությունը հաշվի է
առել այն հանգամանքը, որ ներքին մասը պետք է հիմնովին վերանորոգվի:
Ուստի միանգամայն հասկանալի է՝ թե մրցույթին ինչու մասնակիցներ չեղան, որոնք թերևս, կցանկանայի՜ն «գրոշներով» գույք գնել: Չնայած դրան, «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կողմից որոշում կայացվեց կյանքի կոչել մի նախագիծ, որի համաձայն 2017թ. սեպտեմբերից Հյուրերի տան շենքը հիմնովին վերակառուցվում է և 2019թ.-ին շահագործման կհանձնվի 5-աստղանի բարձրակարգ հյուրանոց («Ինտերկոնտինենտալ Հոթել Գրուպ» համաշխարհային ապրանքային նշանի ներքո), որը ոչ միայն կապահովի ՀՀ քաղաքացիներին բարձր վարձատրվող հարյուրավոր նոր աշխատատեղերով, այլև կհամալրի Հայաստանի բարձրակարգ հյուրանոցների շարքը, ինչը, վստահ ենք, կխթանի զբոսաշրջության ավելացումը մայրաքաղաքում:
Մրցույթի անցկացման մասին Ընկերությունը տեղեկացել է «azdarar.am» հրապարակային ծանուցումների կայքից (ծանուցումը կցվում է՝
https://www.azdarar.am/announcments/org/131/00107063/ Համապատասխան հայտը ներկայացրել է 03.09.2015թ.: Մրցույթում հաղթող ճանաչվելով՝ Ընկերության հետ ԵՊՀ հիմնադրամը 16.09.2015թ.-ին կնքել է առուվաճառքի պայմանագիր, որին դեռ մրցույթի անցկացման ժամանակ նախորդել է Ընկերության կողմից կատարված 107.2 միլիոն դրամ նախավճարի բանկային փոխանցումը՝ որպես մրցույթին մասնակցելու նախապահանջ:
Հետագա 5 ամիսների ընթացքում հավասար չափաբաժիններով՝ 410.5 միլիոն դրամի ամսական փոխանցումներով, 2016թ. փետրվարին ամբողջությամբ
վճարվել է շենքի վաճառքի արժեքը: Դեռ ավելին, առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվել է մինչև 2019թ.-ը կատարել 2.4 միլիարդ դրամի ներդրումներ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն նախագծի ավարտին դրանց չափը զգալիորեն ավել կլինի /կամ՝ դրանց չափը կգերազանցի 3.5 միլիարդ դրամը/: Նշենք, որ շենքի վերակառուցման շրջանակում առ այսօր արդեն իսկ կատարվել է մոտ 1 միլիարդ դրամի ներդրում:
Վերոգրյալ պայմաններում հոդվածի ընթերցողներին ուզում ենք տեղեկացնել, որ հոդվածում վկայակոչված՝ Հյուրերի տան տակի պետական «տարածքը զբաղեցրած գարեջրատունը» իրականում Հյուրերի տան նկուղը զբաղեցրել է օրենքին հակասող՝ «Գույքի ԱՆՀԱՏՈՒՅՑ օգտագործման պայմանագրով» (կցվում է), որը 16.05.2003թ. ստորագրվել է ԵՊՀ նախկին ներկայացուցչի և գարեջրատան տնօրեն Հարութ Ղազարյանի կողմից: Նշված պայմանագրով ԵՊՀ-ին պատկանող պետական տարածքը բոլորովին անհատույց տրամադրվել է «Շանտան» ՍՊԸ-ին (գարեջրատանը) 20 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում «Շանտան» ՍՊԸ-ի փայատեր-մասնակիցներ են հանդիսացել վերը նշված Հարութ Ղազարյանը և Արթուր Մարտիրոսյանը:
Հարկ է նշել, որ 2015թ. սեպտեմբերին գնելով Հյուրերի տունը՝ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել գարեջրատան սեփականատերերի հետ առ այն, որ «Շանտան» ՍՊԸ-ից վարձավճար չի գանձվելու և Ընկերությունը չի խոչնդոտելու գարեջրատան գործունեությանը մինչև
շինարարական աշխատանքների սկիզբը, որի դիմաց Ընկերությունն ակնկալում էր, որ շինարարական աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ «Շանտան» ՍՊԸ-ն կազատի տարածքը: Չնայած Ընկերությունը պահեց իր խոստումը և մինչ շին.թույլտվությամբ սահմանված աշխատանքների սկիզբը՝ 15.08.2017թ.-ը, որևէ կերպ չխոչնդոտեց գարեջրատան աշխատանքներին, ի թիվս այլի տնտեսելով գարեջրատան համար 2 տարվա վարձավճարի գումարը, որն ամենացածր շուկայական արժեքով կկազմեր մոտ 20 միլիոն դրամ, սակայն «Շանտան» ՍՊԸ-ն չպահեց իր խոստումը. տարբեր տեսակի բողոքներով և հայցերով փորձեց և մինչ օրս էլ փորձում է խոչնդոտել «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կառուցապատման աշխատանքներին:
Ամիսներ առաջ «Շանտան» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան իրեն չվերաբերող շին.թույլտվությունը վիճարկելու հայցով, որն, ի դեպ, ՀՀ վարչական դատարանի կողմից մերժվել է: Ներկայումս «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, «Շանտան» ՍՊԸ-ից
անցած 2 տարիների վարձավճարի գումարը բռնագանձելու պահանջով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գարեջրատան ներկայացուցիչ Ա.Սիրունյանը քաջատեղյակ է իր վստահորդի և «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության միջև ներկայումս ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության մասին, ուստի մեջբերելով հենց Ա.Սիրունյանի հարցազրույցից մի թևավոր արտահայտություն, կարծում ենք, ստույգ կբնորոշենք «Լուրեր.com»-ին տրված վերջինիս հարցազրույցի նպատակը:
Պատասխանելով լրագրողի հարցին կապված մի պաշտոնատար անձի առնչությանն իր կողմից վարած դատավարությանը՝ Ա.Սիրունյանը մասնավորապես նշեց, որ «փորձում են օրենքով ընթացող դատավարությունը պարզապես վերածել շոուի, վերածել անձնական հարաբերությունների» տես՝ https://www.youtube.com/watch?time_continue=19&v=VEoZtbiIL50 «Լուրեր.com»-ին տրված հարցազրույցում անդրադառնալով «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության հիմնադրին և նրա ազգականներին, ինչպես նաև ԵՊՀ ներկայիս ռեկտորին՝ Ա. Սիրունյանը և իր զրույցը
միակողմանի լուսաբանող լրատվամիջոցը, փորձ են կատարել գարեջրատան և «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության միջև «օրենքով ընթացող դատավարությունը պարզապես վերածել շոուի, վերածել անձնական հարաբերությունների»՝ անշուշտ փորձելով ներկայիս խառը ժամանակներում որոշակի շահեկան իրավիճակներ առաջացնել իրենց և իրենց պատվիրատուների համար, մինչդեռ նկարագրված գործողությունների հիմքում ընկած է պարզունակ շահադիտական նկատառումը, որին, հետամուտ լինելով, քայլեր են ձեռնարկվել «պղտոր ջրում ձուկ որսալու»:
«ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը հույս է հայտնում, որ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: