«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու այն փաստին, որ մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ում երկու պատգամավորներ առանց խմբակցության թույլտվության կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ՀՀԿ-ն մինչեւ խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկը խմբակցության նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է, որ Ֆելիքս Ցոլակյանը նկատողություն կստանա, նաեւ քննարկում են մյուս կողմ քվեարկած պատգամավորին` Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, ինչո՞ւ Դուք չեք մասնակցել երեկ մինչեւ Ազգային ժողովի նիստի մեկնարկը տեղի ունեցած խմբակցության նիստին:
-Այո՛, խմբակցության նիստ է եղել, որին ես չեմ մասնակցել, քանի որ չեմ հասցրել: Ուշ եմ տեղեկացվել դրա մասին:
-Տեղեկություններ կան, որ նիստի ժամանակ ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչել Ձեր հասցեին: ՀՀԿ-ական Ձեր գործընկերներն ասել են, որ Դուք «երկրորդ կռիսն» եք Ֆելիքս Ցոլակյանից հետո, քանի որ նախապես եղած պայմանավորվածությունը խախտել եք եւ այլ կերպ քվեարկել:
-Տեղյակ եմ, որ քննարկում եղել է, բայց այդպիսի արտահայտությունների տեղյակ չեմ: Եթե լիներ, տեղյակ կլինեի: Կարծում եմ` դա բանսարկություն է: Չեմ կարծում, որ նման արտահայտություն լիներ: Եվ բացի այդ ես ասել եմ արդեն, որ բացի նրանից, որ ես շեղվել եմ խմբակցության տեսակետից, ինձնից բացի, եղել են առնվազն 4 հոգի, որոնք շեղվել են` նրանցից երկուսը քվեարկությանը չմասնակցելով եւ երկուսը կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանին, ինչպես ես: Եվ, հետեւաբար, ես կարծում եմ, որ եթե խմբակցությունն ունի այդ խնդիրները այդ մարդկանց քվեարկության հետ կապված, ապա կարծում եմ, որ պետք է քննարկի այդ խնդիրները: Եվ այդ խնդիրների քննարկումը պետք է տեղի ունենա այդ մարդկանց ներկայությամբ: Եթե ես ներկա չեմ եղել, ապա կարծում եմ` դժվար թե որեւէ լուրջ եւ ռեալ քննարկում եղած լինի: Ինձ այդպես էլ ասել են, որ ռեալ քննարկում չի եղել, քանի որ ես ներկա չեմ եղել նիստին:
-Տեղեկություն կա նաեւ, որ առաջիկայում որոշում է կայացվելու Ձեզ խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ:
-Ես կուսակցության անդամ չեմ եւ ինձ չեն կարող կուսակցությունից հեռացնել, իսկ խմբակցությունից` ուրիշ բան: Բայց ես կարծում եմ` ՀՀԿ խմբակցությունը շատ ավելի կարեւոր գործեր ունի քննարկելու, իմ հաստատ համոզմամբ, շատ ավելի լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, քան նման հարցեր քննարկելը: Կարծում եմ, որ լուրջ կուսակցության համբավ ունեցող քաղաքական ուժը այլ հարցերի պետք է անդրադառնա: Եվ եթե պիտի անդրադառնա նաեւ այդ խնդիրներին, ապա համապատասխան մարդկանց ներկայությամբ:
-Դուք ինքներդ խնդիր տեսնո՞ւմ եք խմբակցությունից դուրս գալու հարցում:
-Իմ խնդիրը խղճի մտոք քվեարկությունն է: Դա իմ սկզբունքն է, եւ ես հայտարարել եմ, որ պետք է քվեարկեմ իմ խղճի մտոք եւ նաեւ ապագայում ու մնացած բոլոր դեպքերում այդպես եմ քվեարկելու: Դա իմ գլխավոր սկզբունքն է, որն ամենեւին էլ կապ չունի այն հարցի հետ, որ ասում են` կմնամ, թե չեմ մնա: Եթե իմ այդ սկզբունքը հարգվելու է խմբակցության կողմից, ապա խմբակցությունում իմ մնալ-չմնալու հարցն ինձ համար քննարկելի չէ: Իսկ եթե դա չի հարգվելու, այդ դեպքում արդեն խմբակցությունը կասի իր տեսակետը, ես կասեմ իմ տեսակետը, եւ մենք կփորձենք ընդհանուր հայտարարի գալ: Իմ քվեարկությունը որոշ դեպքերում կարող է համընկնել խմբակցության տեսակետի հետ, որոշ դեպքերում կարող է չհամընկնել: Եվ դա իմ մոտեցումն է: Ես առաջնորդվելու եմ խղճով, ինչպես որ նախատեսված է սահմանադրությամբ, եւ հաշվի եմ առնելու իմ հազարավոր ընտրողների տրամադրությունները:
-Եթե այլեւս ՀՀԿ խմբակցության պատգամավոր չլինեք, այլ որպես անկախ պատգամավոր աշխատեք, դա անարդար չի լինի՞ Ձեզ համար:
-Ես պատմաբան եմ եւ եթե բառը չեմ սիրում: Կարծում եմ, որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: Կոնկրետ ես նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Եթե դուրս գալու լինեի, մինչեւ հիմա դիմում գրած կլինեի:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմից ի՞նչ առաջարկ կամ աջակցություն եք ստացել այս ամենի համատեքստում:
-Որեւէ աջակցություն ես չեմ ստացել: Եվ ասեմ, որ աջակցության առաջարկ չեմ ակնկալել, որովհետեւ ես կատարել եմ իմ քայլը` ելնելով իմ մոտեցումներից: Եվ ես որեւէ ակնկալիք չեմ ունեցել, որովհետեւ գիտեմ, որ ցանկացած քայլ ենթադրում է հետեւանք, եւ որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ ես այդպես վարվել եմ` գիտակցելով բոլոր հետեւանքները:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱԶԱՐ ՎԵՑ ՀԱՐՅՈՒՐ ԳՈՒՅՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցներն ավագանու նիստում նրան «անվստահություն» են հայտնել, սակայն հետո քննարկումների ժամանակ պաշտպանեցին Բալասանյանին` վերահաստատելով այդ պաշտոնին: Սա արվել է մեկ նպատակով, որպեսզի ՏԻՄ օրենքի համաձայն մեկ տարվա ընթացքում այլեւս ավագանին հնարավորություն չունենա քննարկելու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ինչը ցանկանում էին անել ընդդիմադիրները: Գյումրիում տեղի ունեցած այս պատմության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ տպավորություն եք ստացել Գյումրու քաղաքապետարանում ավագանու հայտնի նիստից:
-Գիտեք ինչ, դա Բալասանյանի կողմից այլասերվածության հերթական քայլն էր: Ամբողջ քաղաքը զարմացած է: Դա, էն որ ասում են, տարօրինակ արարած, այ էդպիսին է: Երեւի վարկեր է կերել, հիմա որոշել է մնալ, որ այդ ամենը չբացահայտվի: Թե չէ ինչի՞ է այդպես խառնվել իրար: Քաղաքը խոսում է, որ ինքը 300.000 դրամ է բաժանել ավագանու անդամներին, որ այդպես անեն: Ժողովուրդը գիտե՞ք` ինչ է ասում, ասում է` դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ ավելի հեշտ ենք մտնում, քան քաղաքապետարան: Մեր Հայաստանի գաղութներն ավելի հեշտ է ներս մտնելը, քան քաղաքապետարան: Այ դրա նմանների արգասիքն այսօրվա իրավիճակն է: Երբ այդպիսիններին թողնեն, էս վիճակն է լինում: Պետք է թողնեն, որ ժողովրդի կողմից նշանակվի քաղաքապետը: Գիտեք, մի խոսք կա, գյումրեցիք ասում են` գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Այ իր մասին է դա: Երկերեսանի մարդ է նա: Մեկը որ 1600 գույն ունենա, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրված, որ ինքը մաքուր է, էլ ինչ…
-Այսինքն` իրականում գյումրեցին չի՞ ընտրել Բալասանյանին:
-Ինչ ընտրություն, դա փողով ընտրություն էր: Դրա համար պետք է ազատվել նմանատիպ փալասանյաններից: Ամբողջ քաղաքը դա է խոսում: Եթե առանց միկրոֆոնի խոսեցնեք պատահական մարդկանց Գյումրիում, ոչ թե իր գործարանի աշխատակիցներին, որոնք վախից մի երկու բան կասեն, որպեսզի գործից չազատեն խեղճերին, մարդիկ կհայհոյեն: Ամբողջ ժողովուրդը զզվում է: Իրեն ոչ մի անգամ չեն ընտրել, կեղծիքներով, խաբեբայությամբ ընտրվել է քաղաքապետ: Ատելի մարդ է ինքը, իրոք այդ կերպարը չեն սիրում, դրա համար ժողովուրդն այդքան զայրույթ հայտնեց: Պետք է թողնենք` ժողովուրդն ընտրի, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ այդ մարդը ժողովրդի կարիքները կհոգա: Իր ուշք ու միտքը պաշտոնն է, որովհետեւ ինքը պաշտոնից այն կողմ ուրիշ բան չի սիրում` աթոռ, պաշտոն: Հետո այդպիսի մարդկանց Գյումրիում չպիտի բերեն, դնեն: Դա հո գյումրեցի չի, դա կիրովաբաթցի է: Բերել, կապել են գյումրեցոնց գլխին, այդպես հո չի կարելի: Էդ ինչ գյումրեցի, ինչ Պոլոզ Մուկուչ: Խայտառակություն է դա: Իրա արձանն էլ դրել է, յանի գարեջուրն ինքն է ստեղծել: Գյումրիում իր անունը դրել են քավոր Պետրոս: Կնունքին խաչի տեղը պղինձ է տարել: Այդ մարդուց ի՞նչ մարդ: Ժամանակին գործարանի տնօրենն էլ ինքն է եղել, Մարգարյան Հովհաննեսի գլխին էլ ինքն է սարքել կաթի փոշու գործով: Ինքը մարդկանց գլխին լավ կարողանում է սարքել:
-Կարծում եք` Գյումրին պետք է ազատվի՞ նման քաղաքապետից:
-Ինչքան Գյումրին շուտ ազատվի նման մարդկանցից, այնքան ամեն ինչ նորմալ կլինի: Պետք է հպատակներից ազատվել: Ոչ մեկին դա օգուտ չի տալիս` ոչ ՕԵԿ-ին, ոչ ՀՀԿ-ին: Ինքը եղել է ե՛ւ կոմունիստ, ե՛ւ ՀՀՇ… ինչ ասես` եղել է:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ` ՄԱՐՏԻՆ
Չնայած, որ Հայաստանում Ամանորը չորս ու կես ամիս առաջ է նշվել, բայց Արարատի մարզպետարանի համար այն կարծես թե մարտին է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մարզպետարանը մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Էլեկտրիկ» ընկերության հետ` ձեռք բերելով լուսային էֆեկտներով ամանորյա զարդարանք: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 հազար դրամ: Արարատի մարզպետարանը մեկ այլ պայմանագրով մարտի 16-ին ձեռք է բերել 100 հատ տարբեր չափսերի ամանորյա բացիկներ` յուրաքանչյուրը 500 դրամ արժողությամբ: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է, երբ Արարատի մարզպետարանը Ամանորից չորսուկես ամիս հետո է ամանորյա զարդարանք ու շնորհավորական բացիկներ գնում: Կամ էլ Ամանորին գնել է, բայց պայմանագիրը ավելի ուշ կնքել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ԳԱԶ ՔԻՉ Է ՆԵՐԿՐՎԵԼ
Պաշտոնապես այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան գազի ներկրման ծավալները զգալի նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 16.7 տոկոսի չափով նվազում: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 3 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել է: Ասել է, թե բարենպաստ ձմեռը, որից ուրախացել էին ՀՀ քաղաքացիները, իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա:
ՄԻՊ-Ը ՍԹԱՓՎԵԼ Է
Երեկ ԱԺ-ում 2017 թ. տարեկան հաղորդումը ներկայացնելիս ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններին, շեշտել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին: «Արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Արձանագրել ենք հանրային ծառայողների, այդ թվում նաեւ դպրոցների աշխատակիցներին ճնշելու դեպքեր, որոշ դեպքերում էլ ընտրողներին վախեցրել են կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով»,-հայտարարել է պաշտպանը: Հատկանշական է փաստը` ՄԻՊ-ն այս մասին խոսում է միայն թավշյա հեղափոխության հաղթանակից հետո: Մինչդեռ Սերժ Սարգսյանի օրոք Թաթոյանը մշտապես խուսափել է նման կտրուկ արտահայտություններից: Հիմա, փաստորեն, փորձում է ցույց տալ, թե ինքն իրոք պաշտպան է, այլ ոչ թե կիսապաշտպան: