ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԻՐԱՆՅԱՆ ԳԱՄԲԻՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Փոմփեոյի այդ կարգավիճակում առաջին հարցազրույցի հիմնական մեխը Իրանի հետ հարաբերություններն էին: Պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի նկատմամբ լայն ու խիստ ճնշումների քաղաքականություն վարել: Ըստ էության, տարածաշրջանն առաջիկայում կդառնա հակամարտ կողմերի դիրքային պայքարի թատերաբեմ՝ դրանից բխող լուրջ հետեւանքներով:

Անդրադառնալով Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը` պետքարտուղարը նկատել է, որ դա պայմանավորված էր համաձայնագրի տապալված բնույթով: Ըստ նրա՝ համաձայնագիրը որեւէ կերպ չէր երաշխավորում ամերիկացիների անվտանգությունը այն սպառնալիքներից, որոնք հարուցվում են Իրանի կողմից: Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել փաստաթղթում 12 փոփոխություններ անելու առաջարկությամբ, որոնց ընդունման պարագայում կարելի կլինի կնքել նոր համաձայնագիր: Այդ նոր 12 պայմանները, ըստ էության, ենթադրում են Իրանի կապիտուլյացիա, քանի որ դրանք ոչ թե համաձայնագրի կետեր են, այլ պարզ նախապայմաններ, որոնց հետ ոչ մի պետություն չի կարող հաշտվել: Այստեղ խնդիրն անգամ այդ կետերի իրագործելիությունը չէ, այլ այն, որ Իրանը, դրանք ընդունելով, համաշխարհային մակարդակում ստորացվելու է, ինչը նման պետության համար թերեւս կործանումից էլ վատ է:
Սակայն Փոմփեոյի մշակած ու Թրամփի համաձայնությունը վայելող այս ծրագրի հիմնական ուղղությունը նույնն է, ինչ Հյուսիսային Կորեայի դեպքում: Դա անգամ չի էլ թաքցրել ԱՄՆ պետքարտուղարը՝ նշելով, որ քաղաքականությունը պայմանականորեն կրում է «Առավելագույն ճնշում» անվանումը, որն աշխատեց Հս. Կորեայի հետ հարաբերություններում: Վերջինիս շուրջ ծավալված իրադարձություններն ու ընթացիկ հանգուցալուծումը հույս են տվել ԱՄՆ ղեկավարությանը, որ կարելի է առավելագույն ճնշում կիրառել հակառակորդի նկատմամբ եւ վերջինից կորզել ցանկալին: Ըստ պետքարտուղարի՝ քանի որ դա աշխատել է Հս. Կորեայի դեպքում, կարող է հաջողություն բերել նաեւ Իրանի հարցում: Նրա համոզմամբ պետք է իրանցի գործակալներին ու Հզբոլահի հետ կապեր ունեցողներին տապալելու գործողություններ սկսել ողջ աշխարհում, ինչպես նաեւ ամենախիստ պատժամիջոցներով խեղդել Իրանի տնտեսությունը: Իրավիճակի հանգուցալուծումը Փոմփեոն տեսնում է «հստակ լուծմամբ», եթե Իրանը չընդունի ամերիկյան պահանջները: Թեպետ նա չի մասնավորեցրել, թե ինչ լուծման մասին է խոսքը, սակայն, դատելով Թրամփի վարչակազմի բնույթից ու 1 տարի վարած քաղաքականությունից, բացառելի չէ անգամ ռազմական լուծումը: Ի դեպ, ռազմական լուծման կողմնակիցները այսօր բավականին բազմաքանակ են Թրամփի վարչակազմում: Դրանք այն մարդիկ են, որ 2003թ. Ջորջ Բուշ Կրտսերի օրոք ձեւավորում էին պետության արտաքին քաղաքականությունն ու հատկապես «չարիքի բեւեռների» տեսությունը: Վերջինս աշխարհում երեք չարիք պետություններ էր նշմարում, որոնց միայն ռազմական գործիքներով էր հնարավոր սանձել՝ Հս. Կորեա, Իրան եւ Իրաք: Վերջինիս հետ ԱՄՆ ղեկավարությունը դատաստան տեսավ հայտնի գործիքակազմով՝ հերթում թողնելով Հս. Կորեային ու Իրանին: Այսօր Թրամփի վարչակազմի ամբողջ ուշադրությունը հրավիրված է հատկապես այս երկու պետությունների վրա, ինչը թույլ է տալիս կարծելու, որ առաջիկայում մտահոգիչ զարգացումներ կարող են լինել, հատկապես, որ Թրամփն աչքի է ընկնում իր ծայրահեղականությամբ, անկանխատեսելիությամբ ու անհաշվենկատությամբ:
Թեպետ Փոմփեոն համոզված է, որ իրենց քաղաքականությունը հաջողությամբ է պսակվելու, սակայն իրականությունը լրջորեն տարբերվում է նրա ցանկություններից: Նախ որեւէ երաշխիք չկա, որ այն, ինչ աշխատել է Հս. Կորեայի դեպքում, նույն արդյունքը պետք է տա Իրանի հարցում: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ Իրանը նույնպիսի մեկուսացման մեջ չէ, ունի տնտեսական մեծ ներուժ եւ այդ առումով ինքնաբավ է: Ավելին՝ եթե Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ի դեմ գործող հիմնական շահագրգիռ կողմը Չինաստանն էր, ապա Իրանի հարցում ԱՄՆ-ն է հայտնվել իրական մեկուսացման մեջ: Ռուսաստանն ու Չինաստանն արդեն իսկ հրապարակավ քննադատել են Թրամփի՝ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալու որոշումը, իսկ եվրոպական պետությունները հայտարարել են, որ, անկախ ԱՄՆ-ի դուրս գալուց, Իրանի հետ համագործակցությունը կպահպանվի: Անգամ եվրոպական մի շարք ղեկավարներ հրապարակավ շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ նախագահին՝ Եվրոպայի աչքերը բացելու ու ԱՄՆ-ից կախվածության պատրանքները վերացնելու համար: Եվրոպան հասկացավ, որ սեփական շահերի սպասարկումը չի կարող այլեւս դնել ԱՄՆ ուսերին, ինչը նշանակում է, որ արեւմտյան միագիծ քաղաքականությունը գոնե Իրանի նկատմամբ չի շարունակվի: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հսկայական գործ էր արել` առնվազն Իրանի հարցում ապահովելով գրեթե համաշխարհային ներդաշնակություն, իսկ այժմ անգամ արեւմուտքի շրջանում է այն վերացած: Այս փաստն արձանագրել է անգամ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի պնդմամբ՝ աշխարհն այլեւս չի ընդունում, որ ԱՄՆ-ն որոշի բոլորի փոխարեն:
Իրավիճակն, այսպիսով, բավականին բարդ է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կենսական շահերը Իրանին զսպելու ու վերջնարդյունքում շարքից հանելու հարցում: Դրանք հակադրվում են Ռուսաստանի ու Չինաստանի ըմբոստությանը, եվրոպական դաշնակիցների անհամաձայնությանն ու Իրանի դիմադրական ուժեղ ռեսուրսին: Հայաստանը համաշխարհային այս խաղում բավականին նուրբ իրադրության մեջ է հայտնվել, որին պետք է չլքի շրջահայացությունը` պահպանելու սերտ ու հարեւանական հարաբերություններն իր անմիջական հարեւանի` Իրանի հետ, բայց միեւնույն ժամանակ չընդդիմանալով ԱՄՆ-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինն ակնարկեց, որ միջազգային հարթակում երկու պետությունները պետք է շարունակեն միասնական դիրքորոշում հայտնելու պրակտիկան, ինչը կարող է եւ վտանգավոր լինել ՀՀ-ի համար: Նոր իշխանությունները, արդ, բախվելու են պատասխանատու որոշումների կայացման խնդրին, որոնց հիմքում պետք է լինի շրջահայացությունը, հաշվենկատությունն ու ՀՀ-ի պետական շահը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՎՆԱՍՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ
2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարում Վ. Կարմիրաղբյուրի Մաֆլարե հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից խողովակներ ապամոնտաժելու ժամանակ եռակցողը՝ Երեւանի բնակիչ Աշոտ Եղյանը, դրսեւորել է անզգուշություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները: Այդ ամենի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վ. Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը: Եւ հիմա Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով` ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելու համար:
Դեռ 2015թ. ապրիլի 10-ին Բերդում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ: Նա վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը, ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Նա վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2016թ. մարտի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել նշված վճիռը եւ քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության: 2017թ. սեպտեմբերի 15-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է Աշոտ Եղյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել: Գործով տուժող Վազգեն Մանուչարյանն այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանից 1 կմ հեռավորությամբ գտնվող այգին իր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր, այն ներառում էր 0.7 հա կեռասենի, 0.1 հա դեղձենի, որը 2014-ի օգոստոսին այրվեց՝ բերքը դեռ չհավաքած: Նա ասաց, որ «ԵղվարդՇինը» այդտեղ աշխատանքներ կատարելու շինթույլտվություն չուներ, այն խողովակներ ապամոնտաժելու թույլտվություն Վ. Կարմիրաղբյուրի գյուղապետից ստացել է հրդեհից 15 օր հետո՝ օգոստոսի 22-ին: Վ. Մանուչարյանն ասաց, որ իրականում տեղի է ունեցել ջրագծի խողովակների գողություն, Բերդի ոստիկանությունում կատարված քննությամբ պարզվել է, որ հրդեհի պահին ապամոնտաժված էր 698 գծամետր խողովակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

53 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ` ՍԱՊԾ-ԻՆ

ՀՀ կառավարությանը ենթակա մարմին համարվող սննդամթերքի տեսչական մարմինը, որ նախկինում գործում էր ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն անվամբ, ծառայողական ավտոմեքենաների պակաս չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍԱՊԾ-ն ընդհանուր ունի 53 ծառայողական ավտոմեքենա, որից միայն 21-ը սպասարկում է գերատեսչության աշխատակազմին, այդ թվում եւ անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչություններին, իսկ 32-ը մարզերում է: Արդյոք արդարացված է այս կառույցին նման քանակությամբ ծառայողական ավտոմեքենայով ապահովելը` հաշվի առնելով նաեւ կառույցի կատարած թերի աշխատանքը. այդ մասին պարբերաբար դժգոհություններ են հնչում: Մեկ փաստ էլ` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել են ծառայողական ավտոմեքենաների մի մասից, այնինչ Սննդամթերթի տեսչական մարմնում մտադիր չեն խնայողության ռեժիմի անցնել: Այս տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանի երկու տեղակալի, աշխատակազմի ղեկավարին եւս սպասարկում են ծառայողական ավտոմեքենաներ: Անգամ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինն ունի ծառայողական ավտոմեքենա: Ի դեպ, մարզային կառույցների աշխատակիցներին հիմնականում սպասարկում են խորհրդային տարիների, հին տարեթվի արտադրության ավտոմեքենաներ: Հայտնի է, որ նման ավտոմեքենաների պահպանման եւ ավտոպահեստամասերի ձեռքբերման համար պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում: Չէ՞ որ բացի ավտոպահեստամասերից պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում նաեւ բենզինի, ապահովագրական, տեխնիկական զննման ծառայությունների համար:
Եւ զարմանալի չէ, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ ՍԱՊԾ-ն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ծախսել էր գնումների պլանով սահմանված նախահաշվից ավելի շատ գումար: ՈՒ այսքանից հետո Իշխան Կարապետյանը դեռ պաշտոնանկ չի արվել, էլ չենք խոսում պատասխանատվության ենթարկվելու մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս