ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է կենդանաբանական այգում

Այս կոշիկը կենդանաբանական այգու փոքրիկ այցելուի ոտքից դուրս է եկել ու մնացել «անոթի»: Արդեն կարելի է պատկերացնել, թե կոշիկի զույգը կորցրած փոքրիկն ինչպես է հասել տուն:

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է 1-ին կուրսում: Խնդրում եմ` ասեք` 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն իրավունք ունի՞ օգտվել ուսման վարձի զեղչից, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր դեպքում, ինչպե՞ս:

Անահիտ Պողոսյան (47 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների հավաձայն` 2012թ. 1-ին կուրս ընդունվածների թիվը կազմել է 16 հազար 262: 2013-ին այն նվազել է՝ դառնալով 14 հազար 244, 2014-ին՝ 12 հազար 355, 2015-ին՝ 13 հազար 208, իսկ ահա 2016 թվականին այն դարձել է 10 հազար 995: Որքան էլ ցավալի է, բայց թվերը փաստում են, որ 1-ին կուրսեցիների թիվն այս տարի նվազել է 2213-ով:

 

 

 

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ներմուծել օգտագործված անվադողեր: Խնդրում եմ` ասեք` արդյոք գործո՞ւմ է որեւէ սահմանափակում` դրանց ներմուծման հետ կապված, թե՞ կարող եմ որքան անհրաժեշտ է, այդքան ներմուծել:

Դավիթ Մխիթարյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝ օգտագործված օդաճնշական անվադողերը եւ դողածածկերը համարվում են վտանգավոր թափոններ, եւ դրանց ներմուծումը մաքսային միության տարածք կամ տեղափոխումը եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ՀՀ արգելվում է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության տարածք թափոնների ներմուծումը եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց արտահանումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով արգելվում է: ՀՀ-ի տարածք թափոնների ներմուծումը թաղման կամ վնասազերծման նպատակով նույնպես արգելվում է: Նշենք, որ սույն որոշմամբ սահմանված ապրանքատեսակների ներմուծման եւ արտահանման լիցենզիաները տրամադրվում կամ լիցենզիաների տրամադրումը մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչեւ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:




Լրահոս