ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԴԵՄԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՌՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում հաստատված նոր իշխանությունը վստահ է` մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ իրականացնել օրենսդրական դաշտում: Հենց այս պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին վերանայել գործող Ընտրական օրենսգիրքը եւ հասարակական-քաղաքական շրջանակների հետ քննարկումների արդյունքում մշակել փոփոխությունների նախագիծ: Պետք է նշել, որ փոփոխությունների մեխը լինելու է վարկանշային ընտրական համակարգի վերացումը: Մոտ երկու շաբաթ Ընտրական օրենսգրքի աշխատանքներով զբաղվող Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս հանգամանքը. «Վարկանշային համակարգի մասին խոսք գնալ չի կարող: Փոփոխությունների թիվ 1 կետն այդ համակարգը հանելն է»:

Վարկանշային համակարգի վերացմանն այս պահի դրությամբ միայն ՀՀԿ-ն է դեմ: Այդ մասին ՀՀԿ-ականները պարբերաբար նշում են: Սակայն Իոաննիսյանը վստահեցնում է` փոփոխությունները միեւնույն է իրականացվելու են: «Իրենք փորձում են ռեյտինգայինը պաշտպանել, բայց ինչ ասեմ, իրենց ասելով չի: Եթե իրենց ասելով լինի, մենք կանցկացնենք այնպիսի ընտրություններ, ինչպիսիք 2017 թվականին էին: Իսկ այդ ընտրությունների արդյունքում մենք ունեցանք խորհրդարան, որը որեւէ աղերս չուներ ժողովրդի ցանկության հետ: Իսկ ապրիլյան այս վերջին իրադարձություններից հետո որեւէ կարիք չկա դա ապացուցելու»,-ասաց նա: Իոննիսյանը արդեն հանդիպել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ` բացառությամբ ՀՀԿ-ի: Սակայն եթե այս կուսակցությունը չցանկանա մասնակցել ԸՕ-ի շուրջ քննարկումներին, ապա դրանք առանց իրեն են տեղի ունենալու: Մյուս կողմից` չի բացառվում, որ ՀՀԿ-ն փորձի ընդվզել ԸՕ-ի շուրջ կատարվող փոփոխություններին, հատկապես վարկանշային համակարգի վերացման դեմ: Այս կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Որքան կարող են, թող խոչընդոտեն: Այդ ռեյտինգայինի պատճառով մարդիկ ստիպված եղան դուրս գալ փողոց, փողոցները փակել, որպեսզի ունենան իրենց համար ցանկալի իշխանություն: Ռեյտինգային ընտրակարգն ուղղակի բանակցման ենթակա չէ»:
Սակայն ինչպես հայտնի է, խնդիրների խնդիրն է մնում ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի բաժանումը: Բացի թաղային «ակտիվիստներից», ովքեր տարիներ շարունակ տնից տուն են գնացել եւ կաշառք բաժանել, հայտնի է, որ ցուցակների հավաքագրմամբ եւ մարդկանց ուղղորդմամբ են զբաղվել նաեւ կրթական հաստատությունները` մանկապարտեզներ, դպրոցներ, բուհեր եւ այլն: Այդ հաստատությունների տնօրեններն ու ուսուցիչներն ակտիվորեն ցուցակներ են կազմել, ուղղորդել կրթօջախների աշխատակիցներին քվեարկության հարցում: Եվ ինչպես հայտնի է, նախորդ տարի հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն էր բացահայտել տնօրենների կատարած զանցանքները` հրապարակելով հայտնի ձայնագրությունները: Այս խնդիրների դեմ պայքարի հարցում էլ ԸՕ-ի միջոցով որոշակի կարգավորումներ են մտցվելու: Ընտրակաշառքի դեմ պայքարի զինանոցն է լայնացվելու, մի շարք դրույթներ են խստացվելու: Այսինքն` այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորությունից կզրկեն անբարեխիղճ մրցակիցներին ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքելու:
Բացի խորհրդարանականից Իոաննիսյանի թիմը հանդիպել է նաեւ արտախորհրդարանական ուժերի` մասնավորապես Ժառանգության եւ ՀԱԿ-ի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաեւ այլ ուժերի հետ: ԸՕ-ում փոփոխություններով նախատեսվում է նաեւ Հանրային հեռուստատեսությունում ավելացնել անվճար եթերաժամանակը քարոզարշավի ընթացքում: Սա ֆինանսական ոչ մեծ միջոցների տիրապետող ուժերին հնարավորություն կտա ավելի երկար օգտվել քարոզչական այս գործիքից: Բացի այդ, որոշակի կարգավորումներով օրինազանցների համար բավական կդժվարանա ընտրակաշառք բաժանելը: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բացի մարդկանց ընկալումներից, խնդիր է նաեւ այն, որ իրավապահները դրա դեմ չէին ուզում պայքարել: «Իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, քաղաքական կամքն այլ է, եւ երկրորդ` մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել ընտրակաշառքի եւ ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դեպքերի, հանցագործությունների բացահայտման համար»,-ասաց նա:
Նշենք, որ ընտրակարգում առկա որոշ կարգավորումներ չեն փոփոխվելու` մասնավորապես տեսախցիկները, մինչեւ քվեարկությունը մատնահետք թողնելը եւ նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու նաեւ ցուցակների մաքրմանը: Մասնավորապես, ցուցակներից հանվելու են Հայաստանից վաղուց արտագաղթած անձանց անունները: Բացի այդ, հետեւելու են, որպեսզի հանկարծ զավեշտալի, բայց երկրի վրա թանկ նստող դեպքերը չկրկնվեն, երբ պարզվում էր, որ մահացած անձինք «մասնակցել են քվեարկությանը»: ԸՕ-ում ներառվելու են նաեւ կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, ԸՕ-ն պատրաստ կլինի մինչեւ հունիսի 20-ը: Եթե որոշ ուժեր, մասնավորապես` ՀՀԿ-ն, որոշեն նոր հարցեր առաջադրել կամ առաջարկներ անել, գուցե գործընթացը երկարի: Սակայն օրենսգրքի շուրջ աշխատող խումբը ծրագրում է մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի բերել ընտրական կարեւոր այս փաստաթուղթը: Նշենք նաեւ, որ համաձայն օրենսդրության` ԸՕ-ն պետք է վերջնական ուժի մեջ մտած լինի ընտրությունների անցկացումից առնվազն 2 ամիս առաջ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ
Պարզվում է ՝ ապրիլի 9-ից Արսեն Բաբայանը այլեւս չի հանդիսանում ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ, այլ միայն զբաղեցնում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Սակայն, թերեւս, դա չի խանգարել, որպեսզի այս ընթացքում Արսեն Բաբայանը շարունակի պատասխանել լրագրողների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արսեն Բաբայանը նշեց, թե ինքն այդ պաշտոնն արդեն չի զբաղեցնում, սակայն երբ դիմում են տարբեր հարցերով, չի մերժում՝ այդ կերպ օգնելով նաեւ վարչությանը: Նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում Արսեն Բաբայանը շարունակում է ներկայացված մնալ որպես լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ: Մենք տեղեկացանք, որ այս պաշտոնում առաջիկայում նշանակվելու է այդ վարչության նախկին պետ Հրայր Զորյանը, որն այժմ արդեն իսկ փոքրիշատե զբաղվում է այդ աշխատանքներով: Սակայն նրա հնարավոր նշանակումն այնքան էլ լավ չի ընդունվել ԱԺ-ում, եւ նույնիսկ դեռ պաշտոնապես դժգոհություններ են առկա: Հետաքրքիր է՝ Բաբայանն ինչու է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնից իր ազատվելու լուրը գաղտնի պահել` զրկելով լրագրողներին ուրախանալու հնարավորությունից: Ի վերջո, Բաբայանը փայլուն կերպով կարողացավ պաշտոնավարման առաջին օրերից լրագրողական հանրությանն իր դեմ տրամադրել, նրանից շատ էին դժգոհությունները, եւ հիմա շատ-շատերը թեթեւացած շունչ են քաշելու, որ չեն ընկնի բյուրոկրատական քաշքշուկների մեջ:

 

 

ՀԱՄԱՌՈՒՄ Է
ԵՊՀ ուսանողները շարունակում են պահանջել ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը ռեկտորից փորձեց ճշտել` որքան է դիմադրելու ուսանողների ճնշումներին: «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Իրենք մի քանի բախտախնդիրներ են»,- ասաց Սիմոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ համալսարանի ուսանող, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի հետ: «Բացի բախտախնդիրներ կոչելուց նա մեզ ուրիշ որակումներ էլ է տվել: Եվ մենք միշտ ասել ենք` թող փաստարկված ասի յուրաքանչյուր բառ: Եվ այս ամենի համար էլ մենք պահանջում ենք իր հրաժարականը: Համալսարանում տիրող մթնոլորտը չի համապատասխանում նոր Հայաստանին: Մեզ համալսարանում համոզում են, որ 2 մլն 600.000 դրամով սեղան գնելը նորմալ է: Համոզում են, որ այլ ծախսերն էլ նորմալ են: Բացի այդ, ԵՊՀ-ում կա կուսակցական մթնոլորտ, ակադեմիական ազատության խնդիր: Եվ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ղեկավար կազմի փոփոխություն»,-ասաց ուսանողը: Պետրոսյանը նաեւ նկատեց. «Պետք է հավասարակշիռ մոտեցում ունենալ յուրաքանչյուրի հետ շփվելիս: Երբ մենք հացադուլ էինք անում, այդ ժամանակ ինքն ասել էր` սոված կմնան, կգնան: Դրանից հետո մենք իր արտահայտություններից այլեւս չենք զարմանում»:

 

 

 

ԿՄՆԱ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի պատրաստվում դառնալ Կոտայքի մարզպետ: «Ես մնալու եմ Ազգային ժողովում: Ընդհանուր ծրագրեր կան, ես ուզում եմ, որ կարողանանք արտահերթ ընտրությունները նորմալ անցկացնել»,-ասել է նա: Դիտարկմանը, թե շրջանառվում է այդ պաշտոնում նաեւ իր որդու անունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց կարճ` Ո՛չ: Լրագրողները հիշեցրել են, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ընտրությունները լինելու են 2022թ., Սասուն Միքայելյանն արձագանքել է. «Ես Սասուն Միքայելյանն եմ, ինքը թող 2022-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ, որ ընտրությունները կլինեն այս տարի: Իրանք պետք է գիտակցեն, որ ընտրակաշառքի արդյունքում են եկել Ազգային ժողով, ու մենք պետք է ընտրություն անենք, որ ժողովուրդը նորմալ Ազգային ժողով ընտրի»:

 

 

ՋԱՆՔԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ Է
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Բաքվում հայտարարել է, որ պաշտոնական Փարիզն ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: «Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին առավել ակտիվ ջանքեր կգործադրվեն, որոնք հնարավորություն կտան հակամարտության լուծման ուղիներ գտնել»,-ասել է նա: Վերջինիս խոսքով` Ֆրանսիայի գլխավոր նպատակը «տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումն է»: Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանային այցի շրջանակում արդեն Հայաստանում է:

 

 

ՉԻՊԸ ՀԱՆԱԾ Է
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, խոսելով իր նոր պաշտոնի մասին, նշել է, որ ցանկացած պաշտոն, որը հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է: Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Մովսես Հակոբյանն ասել է. «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»: Խոսելով կոռուպցիոն բացահայտումների մասին լրագրողների հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ դրանք հասնեն Զինված ուժեր` Մ. Հակոբյանը պատասխանել է, որ չունի, որովհետեւ «իր մոտ վախի չիպը հանած է»:

 

 

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարել է. «Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ այդ ընտրությունները տեղի են ունենալու` անկախ Հանրապետականի կամքից»: Թե ինչպես են պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այն դեպքում, երբ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն շարունակում է բացառել դրա հավանականությունը, Տ. Ավինյանն ասել է. «Ես կարծում եմ, որ հանրապետականներն իրավիճակը ճիշտ չեն գնահատում»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը: Ա. Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:




Լրահոս