Լոռու նորանշանակ փոխմարզպետն առաջին աշխատանքային օրը անակնկալի է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջին աշխատանքային օրը անակնկալի է եկել` իր նոր աշխատասենյակը դատարկ տեսնելով: Նա սոցիալական ցանցում տեղադրել է դատարկ աշխատասենյակի լուսանկարը` տեղեկացնելով, որ ո՛չ սեղան կա, ո՛չ աթոռ:

Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի հետ բոլոր բաժիններով շրջայց կատարելուց եւ ծանոթանալուց հետո մտել է այն աշխատասենյակը, որը ժառանգել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանից. «բացեցինք, տեսանք, որ, կարելի է ասել, դատարկ է՝ 2 բազկաթոռ էր ընդամենը, հարցը աշխատասենյակի դատարկությունը չէ, այլ վերաբերմունքը: Դատարկ աշխատասենյակը մանր տեխնիկական խնդիր է: Շատ տհաճ է, երբ առաջին օրը գնում ես աշխատանքի եւ նման իրավիճակի ես հանդիպում, ֆեյսբուքյան իմ էջում ընդամենը փաստն եմ արձանագրել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանն ասում է, թե աշխատասենյակից սեղանն ու համակարգիչն է հանվել, որը իր սեփական գույքն է եղել, եւ տեղափոխել է իր անձնական գրասենյակ. «Նախապես տեղյակ պահելով աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին եւ գույքագրումով զբաղվող մարզպետարանի համապատասխան աշխատակացին` իրենց ներկայությամբ գույքագրումն արվել է, այն, ինչ որ մարզպետարանի հիմնական միջոցն ու գույքն է եղել, մնացել է: Իմ գույքը դուրս գալու պահին իրանց ներկայությամբ իմ հետ տարել եմ»: Հարցին, թե ինչու է սեփական միջոցներով գնել գույքը, այլ ոչ թե պահանջել մարզպետարանից, նա մանրամասնեց. «ժամանակին, երբ ես մտել եմ այդ աշխատասենյակ եւ նույն ձեւով եմ ընդունել, երբ որ ստանձնել եմ այդ պաշտոնը, աշխատասեղան չի եղել: Պահանջել եմ, պատասխանել են, որ հնարավորություններ չկան, այսքանն է: դրա համար ես իմ անձնական միջոցներով եմ գնել, որ սեղան լինի, վրեն աշխատեմ: Հիմա էլ տարել եմ»:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասում է` գույքը մաշված է, չկա, նորը չենք ստացել, գալիս խնդրում են, թե կարող ենք մեր միջոցներով կահավորել, ինչի պիտի արգելենք «Գույքագրման որեւէ փաստաթուղթ չկա, ինչ փաստաթուղթ պիտի լինի: Մարդն իր գույքը բերել է, ինքն էլ տարել է, ես ինչի պետք է մարդու գույքը հաշվառեմ: ճիշտ է, դա պետության խնդիրն է, բայց եթե դու իրան չես տալիս, ինչ կապ ունի` ինչպես է կահավորում: Եթե ես ունենամ, տրամադրեմ, կասեմ` էսա, բայց մարդ կա, ասենք ողնաշարի խնդիր ունի, էդ աթոռն իրեն հարմար չէ, ինքն իր տանից բերում է կամ գնում է: Իրանն է, նաեւ պիտի հետ տանի»:

Հ.Գ. Որ համապատասխան բաժիններում գույքի խնդիր կա, երեւում է նաեւ ավագանու նիստերին: Վերջերս կահավորված ավագանու նիստերի դահլիճում աթոռները բավականացնում էին միայն ավագանու անդամների եւ զեկուցող աշխատակզմի անդամների համար:

Նելլի Դավթյան
Լոռի




Լրահոս