Պարզվում է` թավշյա հեխափոխությունը դեռ չի հասել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարան, քանի որ Ստեփանավանի ՀՀԿ-ական հավերժ համարվող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:
-Պարո՛ն Ղարաքեշիշյան, իշխանափոխությունից հետո` վերջին օրերին, ՀՀ մի քանի քաղաքապետեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել… Հնարավո՞ր է` Դուք էլ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Ձեզ պե՞տք է, որ հրաժարական տամ (ծիծաղում է-Ս.Հ.): Վերջին օրերին տեղի ունեցող բոլոր իրադարձությունները համարում եմ օրինաչափ: Իսկ եթե կառավարությունը, ժողովուրդը որոշի, որ ես իրենց պետք չեմ, խնդիր չկա… հրաժարական կտամ: Ճիշտ կլինի Դուք ուսումնասիրունթյուն անեք հրաժարական տվողների ու չտվողների մասով ու հաստատ կհասկանաք, թե ինչու են հրաժարական տվել:
-Դուք պատրա՞ստ եք աշխատել նորանշանակ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ:
-Ես ե՛ւ մարզպետի, ե՛ւ նախարարի հետ էլ աշխատում եմ: Անգամ հասցրել եմ հանդիպել ե՛ւ նախարարի, ե՛ւ մարզպետի հետ: Բացի այդ` նախարարն էլ է եկել մեզ մոտ: Ես իմ առօրյա աշխատանքի մեջ եմ: Ես բացի աշխատանքից ոչ մի բանով չեմ զբաղվում: Ես միայն աշխատանքով եմ զբաղվում:
-Մարզպետի եւ նախարարի հետ հանդիպմանը ի՞նչ եք քննարկել:
-Աշխատանքային քննարկումներ են եղել: Գործնական բնույթի հանդիպում է եղել:
-Պարո՛ն Ղարաքեշիշյան, մարզպետի հանձնարարականով Ստեփանավանի քաղաքապետարանում ստուգումներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ…
Ընդհանուր աուդիտորական աշխատանքներ իրականացվում են:
-Արտահե՞րթ…
-Այո՛, բայց վարչական հսկողական այդ աշխատանքները միշտ էլ կատարվել են: Սովորական երեւույթ է: Աշխատանքային գործընթաց է:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ խախտումներ, չարաշահումներ կհայտնաբերվեն… Չէ՞ որ արդեն 6 տարի է, ինչ Դուք Ստեփանավանի քաղաքապետն եք:
-Աշխատող մարդը խախտում ունի, իսկ չաշխատողը` չունի (ծիծաղում է-Ս.Հ.): Եթե խախտումները օրենքի սահմաններից չափից շատ կլինի, դա արդեն այլ որոշելու հարց է: Ինձ թվում է` ես նման խախտումներ թույլ չեմ տվել: Ես անթերի չեմ, բոլորն էլ կարող են թերություններ թույլ տալ: Բայց ես հաստատ այնպիսի բան արած չեմ, որ ինձ բռնեն, նեղացնեն:
-Դուք ՀՀԿ-ական եք, հնարավո՞ր է` առաջիկայում կուսակցությունից դուրս գալու դիմում գրեք:
-Ես միանշանակ կուսակցություն չեմ փոխի: Թե կուսակցությունը կփակվի, ես էլ իրեն հետ կփակվեմ, ինչ խնդիր: Բայց կուսակցությունը չեմ փոխի: Դուրս գալն էլ է բացառվում: Դուրս գալու իմաստ չկա էլ, եթե իմ աշխատանքի ոճը հարմարվում է այսօրվա իշխաննությունների պայմաններին, կուսակցությունում մնալը ինչի՞ն պետք է խանգարի: Ոչնչին:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը