Հունիսի 28-ին բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին: Այնուհետև վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն` իրականացրել են հակառակորդի թիրախների խոցում, հակագրոհի կազմակերպում, որի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդի նկատմամբ իրականացրել հետապնդում՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:
Նշենք նաև, որ զորավարժությունն անց է կացվել համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ պաշտպանության կազմակերպման, և թե՛ հակառակորդի մտադրությունները ձախողելու գործում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն