ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան եւ այսպես շարունակ:

 

 

 

«Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռեւս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ եւ այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել: Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, եւ որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չի տվել Սարգսյանին եւ Մարուքյանին: Բայց ՔՊ ներսում մեծամասնությունը շարունակում է դեմ արտահայտվել ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին` համարելով, որ այդ ուժերն իրենց հաշվին ցանկանում են հետագա կարիերան ապահովել:

 

 

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների վերաբերյալ 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պատկերն առավել քան ուշագրավ է: Պարզվել է, որ 2014-2017թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր: Այդ պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերեւույթ բախում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Ըստ էթիկայի հանձնաժողովի` թեեւ պայմանագրերում բացակայել են կոնկրետ պաշտոնյաների ստորագրությունները, բայց մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չի բացառվում: Ու, բնականաբար, խոսքը ՀՀԿ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների մասին է:

 

 

 

«Արմավիր» ՔԿՀ մի խումբ դատապարտյալներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` տեղեկացնելով, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում` հայտնելով, թե հանձնաժողովը Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո լուծարվել է, իսկ վարչապետին կից նոր հանձնաժողով դեռ չի ձեւավորվել, ուստի դատապարտյալները պետք է սպասեն: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այս կապակցությամբ նոր օրենք է ընդունվել, այն ուժի մեջ է մտել, հարցերն էլ կկարգավորվեն: «Օրենքը նախորդ շաբաթ օրը արդեն ուժի մեջ է մտել, մենք արդեն խորհրդակցություններ ենք անցկացրել քրեակատարողական վարչության եւ պրոբացիայի հետ, իրենք արդեն տեղեկացված են, խնդիրները լուծված են: Կարծում ենք, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` 15 օրվա ընթացքում, բոլոր այն անձանց դիմումները, որոնց իրավունքը ծագել է, պարտավոր է քրեակատարողականը նրանց գործերը ներկայացնել դատարան, եթե իրենք իրենց համաձայնությունը կտան»,- պնդել է փոխնախարարը:

 

 

 

ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի արդեն նախկին իշխանությունների հասցեին ամենաշատ ու ամենակոշտ քննադատություն հնչեցրած միջազգային կառույցն է: Եթե հիշում եք, Հայաստանը տեւական ժամանակ գտնվում էր ԵԽԽՎ հատուկ ռեժիմով մշտադիտարկման ներքո, ընդունվեցին չորս բանաձեւեր` բավական կոշտ տոնայնությամբ, մի պահ անգամ կասկածի տակ էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետագա գործունեությունը: Եւ այս ամենը 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած մարտի մեկի սպանդի, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության, երկրում ժողովրդավարական արժեքների խեղման պատճառով: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է. նոր գործադիր իշխանությունը կարծես ձեռնամուխ է եղել հերթով լուծելու այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով մեր երկիրը հայտնվել էր ԵԽԽՎ «սեւ ցուցակում»:
Նման իրավիճակում տրամաբանությունը հուշում է, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամների առաջնահերթ խնդիրը պետք է լիներ ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակի հավուր պատշաճի ներկայացնելը, մանավանդ այն անդամների, որոնց կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս է կազմում: Այս ամենը պետք է արվեր` հարեւան Ադրբեջանի հետ զուգահեռներ անցկացնելով, այդ համեմատության մեջ ՀՀ առավելություններն ընդգծելու համար: Ի վերջո ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անվտանգության բաղադրիչներից մեկն է:
Բայց արի ու տես, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Ավելի ճիշտ, գրեթե ոչինչ չի արվում: Միայն պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է քաղաքական ելույթ ունեցել` ճիշտ շեշտադրումներով ասելով, որ երկրում քաղաքական տրամադրությունները փոխվելուց հետո նախկին վարչապետը հրաժարական տվեց` հանձնելով իշխանությունը: «Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է», նաեւ հավելել. « Ես հասկանում եմ, որ այս երեւույթն անհավանական է թվում ժողովրդավարության «ալիեւյան» ընկալման համար»:
Մինչդեռ պատվիրակության անդամները պարզապես զբաղված են Ադրբեջանի իշխանությունների եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմնակիցների հասցեին հայհոյախոսություններով, էժանագին շոուներով` այդպես ոչ թե բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը, այլ հակառակ տպավորություն ստեղծելով. մի գործելաոճ, որը վաղուց արդեն հոգնեցրել է ամենքին, առաջին հերթին` ԵԽԽՎ պատվիրակներին:




Լրահոս