Հունիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ բալետային փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Փառատոնի շրջանակում ներկայացվեցին Խաչատրյանի երեք հայտնի բալետները` «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես»: Փառատոնին մասնակցած առաջատար պարողներից Գրիգոր Գրիգորյանը միակն է, որ 3 բալետներում էլ ունեցել է դերապարեր` «Սպարտակ»-ում` Կրասոս, «Գայանե»-ում` Գիքո, «Դիմակահանդես»-ում` անհայտ: «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորի հետ զրուցել է թատրոնի իր դերապարերի, ոլորտում առկա խնդիրների, մասնագիտական առանձնահատկությունների եւ այլ թեմաների շուրջ:
-Գրիգոր, այս երեք ներկայացումներին մասնակցությունը Ձեզ ի՞նչ լիցքեր տվեց, որքանո՞վ էր այդ ամենը ոգեւորիչ:
-Իսկապես երեք ներկայացումներին էլ շատ մեծ ոգեւորությամբ մասնակցեցի` գիտակցելով պատասխանատվության աստիճանը: Դրանք հեռարձակվում էին օպերային թատրոնի պաշտոնական կայքով եւ մեզ ամբողջ աշխարհն էր դիտում: Իհարկե, միեւնույն ժամանակ, բավական բարդ էր օրումեջ նման գերպատասխանատու դերեր ստանձնելը: Այդ օրերին ինձ հոգեբանական մեծ աջակցություն էր ցուցաբերում կինս, ով, ի դեպ, եւս մեր ոլորտից է՝ բալետի պարուհի է, այս փառատոնի մասնակիցներից մեկը: Իսկ ֆիզիկական պատրաստվածության համար չեմ կարող շնորհակալություն չհայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին:
-Փառատոնի վերջին ներկայացումն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, ով բալետի մեծ սիրահար է: Գիտեմ, որ Ձեր մեջ երկխոսություն է եղել, կպատմե՞ք:
-Այո, նա ներկայացման ավարտին հիացմունքի խոսքեր հղեց ինձ: Դա ինձ համար իսկապես մեծ պատիվ էր: Այդ հանդիպման համար էլ շնորհակալ եմ Կոնստանտին Օրբելյանին:
-Գրիգոր, այսօր մեր օպերային թատրոնին ի՞նչն է պակասում, ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:
-Նախ` խաղացանկային ներկայացումները քիչ են, բավարար չեն մեզ: Կցանկանայի, որ վերականգնվեին եւ բեմադրվեին համաշխարհային գանձարանին պատկանող այնպիսի բալետներ, ինչպիսիք են «Կարապի լիճ»-ը, «Շչելկունչիկ»-ը եւ այլն: Շարքը կարելի է երկար թվել: Մի խնդիր էլ կա` բալետի պարողի աշխատավարձը բավական քիչ է` համեմատած, ասենք, արտասահմանցի պարողների աշխատավարձի հետ: Միայն բալետի պարողի աշխատավարձով ապրել հնարավոր չէ, կարելի է լոկ գոյատեւել:
-Իսկ դրսից առաջարկներ լինու՞մ են: Վստահ եմ, որ գայթակղիչ հրավերներ ստանում եք:
-Տարիներ առաջ, օրինակ, երբ Բորիս Էյֆմանի բալետախումբը հյուրախաղերով գտնվում էր Հայաստանում, խնդրեցի մասնակցել իրենց դասական պարի մարզումներին, որից հետո ինձ մոտեցավ իրենց փորձավարը եւ ասաց, որ եթե իրենց հետ աշխատելու ցանկություն ունեմ, ապա կարող եմ դիմել: Այնպես որ առաջարկներ պարբերաբար լինում են, բայց հայրենիքում ապրելու եւ աշխատելու ցանկությունը մեծ է: Խնդիրներ բոլոր ոլորտներում էլ լինում են, աշխատում եմ հնարավորինս շրջանցել դրանք, չնկատել՝ չբարդացնելով կյանքս:
-Մեր երկրում դեռ լուծված չէ նաեւ բալետի պարողի՝ թոշակի անցնելուց հետո ապահով կյանքով ապրելու հարցը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Աշխարհում կան երկրներ, որտեղ բալետի պարողները ստեղծագործական կյանքի 20 տարին բոլորելուց հետո լքում են բեմը եւ պետությունից ստանում են որոշակի գումար, որը կարող են կիրառել նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ այլ նպատակներով: Սա այն դեպքում, երբ բեմադրություններ անելու կամ փորձավարությամբ զբաղվելու հնարավորություն չկա: Իսկ մեր երկրում այդ հարցն իսկապես լուծված չէ. պարողները 40-45 տարեկանից հետո բեմը թողնում են եւ հաճախ դեմ են առնում փակուղու, կամ էլ պետք է փորձեն սեփական միջոցներով ինչ-որ բան ձեռնարկել: Մեր բնագավառի խնդիրները բազմաթիվ են, հուսով եմ՝ մոտ ապագայում կքննարկվեն դրանք լուծելու տարբերակներ:
Աննա Բաբաջանյան