Որտե՞ղ է հարցաքննվում Ռոբերտ Քոչարյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր նախատեսված է անցկացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը` մարտի 1-ի գործով: Արդեն տևական ժամանակ է` բարձրացվում է նրա հարցաքննության պահանջը: Վաղուց սպասված այդ հարցաքննությանը զանգվածային լրատվության միջոցները երկար են նախապատրաստվել: Լրագրողներն այսօր առավոտից գտնվում են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց` սպասելով երկրորդ նախագահի հարցաքննության ավարտին:

Առավոտյան ՀՀ Կառավարության նիստից առաջ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց Քոչարյանի հարցաքննվելու փաստը` հրաժարվելով բացահայտել` կոնկրետ ո՞ր քննիչն է անցկացնելու այն:

Եվ ահա, իրավապահ մարմիններին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները նոր հանգամանքներ գաղտնզերծեցին: Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով ՀՀ երկրորդ նախագահին հասանելի անձեռնմխելիությունից, կարող է անձամբ ընտրել հարցաքննության վայրը:

ArmLur.am-ի աղբյուրները չբացառեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ չի ներկայացել ու չի էլ ներկայանա: Նա կարող է հարցաքննվել իր նախընտրած վայրում: Իսկ թե որն է այն՝ Քոչարյանի առանձնատո՞ւնը, գրասենյա՞կը, թե՞ այլ չեզոք վայր, հայտնի չէ: Այդուհանդերձ, հիշեցնենք` հարցաքննությունը Ռոբերտ Քոչարյանի պահանջով պետք է տեսանկարահանվի: Այն, ըստ երևույթին, կհրապարակվի նախաքննության ավարտից հետո միայն:




Լրահոս