Ցեմենտի տեղական արտադրողները լուրջ խնդրի առջև են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Պաշտոնապես ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են, ինչի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները:

Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 23 հազար 915 տոննա ցեմենտ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 18 հազար 375 տոննա ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ վերջին երկու տարիներին է, որ Հայաստան ցեմենտի ներկրման ծավալները ավելացել են: Օրինակ՝ Իրանից 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մտել է 6852 տոննա, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 25 հազար 932 տոննա ցեմենտ: Տարբերությունը զգալի է:

Բացի այս, Հայաստան սկսել են ցեմենտ ներկրել նաեւ Վրաստանից: Ըստ ՊԵԿ-ի՝ եթե անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստան Վրաստանից ներկրվել է 0.2 տոննա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 348 տոննա ցեմենտ: Բնականաբար, այս թվերը մինչեւ տարեվերջ փոփոխություն կկրեն: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջին հերթին հենց այս բալանսը կարգավորի, որպեսզի մեր երկրում ինչ-որ բան արտադրելը դառնա եկամտաբեր: Ստացվում է, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը եկամտաբեր չէ, ընդհակառակը, ներկրումն է ձեռնտու: Եւ տեղական արտադրանքի արտահանմանը խթանելու փոխարեն ներկրման ծավալներն ենք ավելացնում:

Մինչդեռ նախկինում հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր` Վրաստան: Հիմա էլ է արտահանվում, բայց չնչին քանակությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վրաստանում հայկական ցեմենտի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչը խիստ մտահոգիչ է: Պատճառն այն է, որ Վրաստանի ցեմենտի պահանջարկը սկսել է բավարարել ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը: Այսինքն` հայկական արտադրության ցեմենտը վրացական շուկայում չի կարողանում դիմանալ ադրբեջանականի եւ թուրքականի մրցակցությանը:

Մյուս կողմից՝ Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսների ընթացքում ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում նշված ժամանակահատվածում արտադրվել է 169 հազար 400 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 104 հազար 400 տոննայի դիմաց: Այսինքն` այս տարվա հունվար-մայիս ամիսներին ցեմենտի արտադրության ծավալները 62.3 տոկոսով ավելացել են: Ճիշտ է, այս թվերը ուրախացնող են, բայց մյուս կողմից` ցեմենտ արտադրողները կանգնած են ավելի լուրջ՝ իրացման խնդրի առաջ: Իսկ արտահանելու հնարավորությունները չնչին են:
Նկատենք, որ մեր երկրում շինարարության ոլորտը թեեւ սկսել է շնչել, բայց այնուամենայնիվ շինարարների մեծ մասը նախընտրում է ձեռք բերել էժան իրանական ցեմենտը: Մեկ տոննայի դեպքում գնային տարբերությունը կազմում է ավելի քան 15 հազար դրամ: Սա է պատճառը, որ տեղական արտադրության ցեմենտի իրացման ծավալները կտրուկ նվազել են:

Նշենք, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ցեմենտ արտադրում է «Արարատցեմենտ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարանները: Ինչպես հայտնի է, «Հրազդան» ցեմենտի գործարանը սեփականատերերի փոփոխությունից հետո (այն ձեռք է բերվել հայտնի գործարար Նիկոլայ Խաչատուրովի կողմից) սկսել է աշխատել վերջին ամիսներին: Բայց չնայած սրան՝ ներկրման ծավալների ավելացման հետեւանքով հնարավոր է, որ գործարանը ժամանակավորապես դադարեցնի իր գործունեությունը: Պատճառը դարձյալ մեծ քանակությամբ ցեմենտի ներկրումն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Այդ խնդիրը մեզ մոտ էլ կա: Էժան գնով ցեմենտ է նեկրվում Հայաստան, իսկ մեր արտադրանքն էլ անմրցունակ է դառնում: Մեզ մոտ էներգակիրները թանկ են, սա է պատճառը, որ ապրանքի ինքնարժեքը բարձր է ստացվում: Բայց մեր ընկերության ղեկավարությունը զբաղվում է այս խնդրով, անգամ դիմել ենք ՊԵԿ, կառավարություն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործարանի աշխատակիցները եւս անհանգստացած են, քանի որ կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Այս խնդրի առաջ կանգնած է նաեւ «Արարատցեմենտ»-ը: Օրեր առաջ գործարանի աշխատողները բաց նամակով դիմել էին սեփականատեր Գագիկ Ծառուկյանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը: Ինչպես հայտնի է, ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության ցեմենտը թանկ է, քանի որ ինքնարժեքը բարձր է: Իսկ գործարանը աշխատում է բարձր գին ունեցող էներգակիրներով: Պարզվում է` արդյունաբերական երկու հսկաներն էլ իրենց պահեստներում բավականին զգալի քանակությամբ ցեմենտ ունեն կուտակած, որը այդպես էլ չեն կարողանում իրացնել:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ժամանակ առաջ ներկրվող ցեմենտի «հսկիչ գինը» բարձրացվել է՝ դառնալով 300 դոլար, ինչի արդյունքում փոքր-ինչ կարողացել է օգտվել ե՛ւ «Հրազդան», ե՛ւ «Արարատցեմենտ» գործարանները: Սակայն այն նորից նվազել է 150 դոլարով: Ի դեպ, տեղեկացնենք, որ կոնկրետ ցեմենտի ներկրման դեպքում երբ հսկիչ գինը բարձր է եղել, այդ ժամանակ երկու գործարանների կոմից ցեմենտի արտադրության ծավալները զգալի աճել են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս