«Ձեզ ոչ ոք չի խանգարել, հանգիստ, հանգիստ». իրավիճակը խորհրդարանում 2008 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել 2008 թվականի մարտի 2-ի նիստում պատգամավորների հնչած ելույթները.

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Համլետ Հարությունյան։

Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ուղղակի չգիտեմ ինչից սկսեմ, որովհետեւ ասելու շատ բան կա։ Բայց առաջին հերթին, պրն  Նախագահ, մենք պետք է ունենայինք ամենավերջին ինֆորմացիան համապատասխան օրգանների կողմից, որպեսզի մենք կարողանայինք կողմնորոշվել այս հարցին պատասխանելու համար։

Ես ուղիղ 2 օր է անընդհատ ոտքի վրա եմ, քաղաքում եմ եւ տեսնում եմ, որ մեր լրատվամիջոցները՝ սկսած «Հ1»-ից, վերջացրած ամենավերջին թերթիկով, ճիշտ ինֆորմացիա չեն տալիս եղած իրադարձություններին։ Եվ եթե այդ ինֆորմացիան ճիշտ լիներ եւ ունենայինք մենք ամենավերջին ինֆորմացիան, մեր ելույթներն ավելի ստուգ կլիներ, ավելի ճշգրիտ կլիներ։ Հիմա մարդիկ ասում են՝ արդյոք Նախագահը ճի՞շտ է արել այդ հրամանագիրը ստորագրելու տեսակետից, մյուսն ասում է, որ դա, ճիշտ է, պոպուլյար քայլ չէ եւ դրա հետեւանքները դեռեւս անհայտ  են, բայց ստիպված ստորագրել է, 3-րդը մեկ ուրիշ բան է ասում, որովհետեւ իմ ունեցած եւ իմ տեսած տվյալները վկայում են այն մասին, որ մենք ոչ թե սահմանադրական կարգի խախտման մասին պետք է մտածենք կամ խոսենք, դա սովորական հարց է, բոլոր երկրներում էլ կարող են ոտնձգություններ լինեն սահմանադրական կարգի նկատմամբ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք գործ ունենք պետականության կորստի վտանգի հետ։

Շատ դժվար բան եմ ասում, եւ գուցե ինձ հետ համաձայն չլինեն որոշ մարդիկ, որովհետեւ ես պատմաբան եմ եւ քիչ թե շատ ծանոթ եմ հայոց ժողովրդի, ոչ միայն ժողովրդի, այլ նաեւ պետականության պատմության հետ։ Մենք բոլոր դեպքերում մեր պետականությունը կորցրել ենք նմանատիպ քաղաքական, տնտեսական իրավիճակների պայմաններում։ Երբեք մեր պատմության մեջ մենք չունենք պետականության կորուստ օտարերկրյա ինտերվենցիաների կամ օտարերկրյա բռնացումների հետ։ Մենք մեր պետականությունը միշտ կորցրել ենք մեր թշնամու ուժերով ստեղծված մեր ժողովրդի ներսի 5-րդ շարասյան հետ։

Ինչո՞ւ եմ ես այդ մասին ասում։ Որովհետեւ ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի՛ օգտվում այս պատեհ առիթից եւ չի՛ հարձակվում Ղարաբաղի վրա։ Դուք ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք երբեւիցե։ Չէ՞ որ Ալիեւը ամեն օր հայտարարում է, որ մենք հեսա ռազմական ճանապարհով կլուծենք այդ հարցը, ու ստեղծված է մեր շնորհիվ ամենահիանալի պայմանները ռազմական ինտերվենցիայի համար։ Ինչո՞ւ չի անում, որովհետեւ միջազգային կազմակերպությունները, այսպես կոչված, եվրակառույցները, Ամերիկան, Ֆրանսիան չեն ուզում, որպեսզի մեծ ղալմաղալներ լինեն Հարավային Կովկասում։ Իրենք գիտեն եւ իրենց տեխնոլոգները հիանալի գիտեն, թե ո՞նց կարելի է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին առանց որեւիցե պատերազմական գործողությունների։ Եվ այդ պատերազմական գործողություններն այդ մարդիկ տեղափոխել են Ազատության հրապարակ, Ամիրյան փողոց, Ֆրանսիայի դեսպանատուն։ Ի՞նչ է, դա այդքան դժվար ա՞, որ չեք հասկանում։ Ո՞ր մեկը կարող է, փորձե՛ք, այսքան մարդ է այստեղ նստած, ինձ հետ հակադրվի։ Ասեք՝ այդպես չի՛։ Դուք տեսե՞լ եք այդ ցուցարարներին, խաղաղ ցուցարարներին։

Դուք բոլորդ եղել եք աշխարհի տարբեր վայրերում, ծանոթ եք քաղաքական պայքարի բոլոր տեսակներին, անգամ  դեմքին՝ ցուցարարների, քաղաքական պայքարողների, ֆիզիկական եւ մտավոր տվյալները գրված են այդ մարդկանց ճակատին։

Ես այսօր երկու անգամ հարձակման եմ ենթարկվել, տիկին Բախշյան, այդ ցուցարարների կողմից։ Ինձ համար զարմանալի է, թե ինչո՞ւ են այդքան ձեզ գրկաբաց դիմավորում, իսկ ինձ վրա հարձակվում։ Միայն մեկ բան են ասել՝ ես դժբախտություն ունեմ ղարաբաղցի լինելու։ Ես ձեզ հավատացնում եմ, երդվում եմ Ավետարանի վրա։ Չեմ տեսել այդ ցուցարարների մոտ որեւիցե մի մարդու, որ ինձ նայեր որպես հայ մարդու։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Մի՛ խանգարեք։ Ձեզ ոչ ոք չի խանգարել։

Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ես այնքան ազնիվ մարդ եմ, եւ կյանքս այնքան ազնիվ եմ անցկացրել, չգիտեմ տիկին ասեմ, թե՝ օրիորդ, ես երբեք սուտ բառեր չեմ ասում։ Չգիտեմ՝ դուք ինչպես եք ձեր կյանքն ապրել։

Ասում եմ այն, ինչ եղել է, ասում եմ այն, ինչ կլինի, որովհետեւ հայոց պետականության պատմության մեջ, դժբախտաբար, չենք ունեցել դավաճաններին պատժելու մշակույթ։ Չի՛ եղել հայոց պատմության մեջ, որ դավաճաններին պատժեն։ Այդ պատմությունը մեզ համար դաս է դառել։ Մենք կարող ենք լինել մեր պետականության, մեր ժողովրդի կործանման հեղինակները եւ անպատիժ ապրենք դարեր շարունակ։

Ահա, այս բացթողումն է, որ այսօր արել են՝ եւ ոչ միայն պետականության պատմության մեջ։ Ցանկացած դավաճանություն, երբ արժանի պատիժ չի ստանում, տարիների, դարերի ընթացքում դառնում է այդ ժողովրդի բնավորության գծերից մի մասը, եւ անպայման այդ ժողովուրդն ունենում է մի խումբ մարդիկ, որոնք կարողանում են թքած ունենալ ամեն ինչի վրա։ Առաջին հերթին, եթե մենք կորցնենք Ղարաբաղը, մենք կորցնելու ենք նաեւ մեր հայրենիքը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրված պատգամավորներից վերջինը՝ Լարիսա Ալավերդյան։ Համեցեք։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախեւառաջ, ես կցանկանայի անդրադառնալ, որ այսքան հետաքրքիր հարցեր են այսօր բարձրացվում, որոնք շատ ավելի լայն քննարկման առարկա են, մասնավորապես՝ ո՞ւմ կողմից են ֆինանսավորվում հասարակական կազմակերպությունները։ Նույն ինստիտուտների կողմից, որոնք ֆինանսավորում են Հայաստանի կառավարությունը։

Ես կոչ եմ անում զգույշ լինել ընդհանրապես, թե ո՞վ է ո՞ւմ ֆինանսավորում։ Դա նույն պետություններից եւ շատ անգամ, գրեթե, նույն ինստիտուտներից։

Լինում են եւ… (Խոսում են դահլիճից)։

Շնորհակալություն, շնորհակալություն։

Հարցը բոլորովին դրա մասին չէ այսօր։ Իմ հարցը հետեւյալն է՝ դուք պատկերացնո՞ւմ եք մի վայրկյան, թե ինչպես է իրականացվելու այս հրամանագիրը։ Ահա, այսօր, մի քիչ հետո, որ վերջանա նիստը, իրականացումը սկսվելու է, ինչ-որ մասամբ սկսվել է։ Դուք պատկերացրե՞լ եք, ինչպես դա պետք է իրականացվի, դուք տեսե՞լ եք ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը, որտեղ այսօր 70 %-ից ավելի ոչ թե այն մարադյորներն են, կներեք ռուսերեն խոսքի համար, այլ 70 %-ը դրանք այն երիտասարդներն են, որոնք մեր ապագան են, որոնց համար այդ վերաբերմունքը, որին իրենք արժանացել են առավոտը, եւ որն իրենց սպասում է այս գործողությունների մեջ դրվելուց հետո, դա մի անուն ունի։ Դա… (Աղմուկ դահլիճում)

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հանգիստ-հանգիստ։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս զուգահեռ խոսել։ Եթե դուք կարող եք, խնդրեմ, փոխարինել ինձ, ես սիրով ձեզ կզիջեմ տեղս։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ով ցանկություն ունի խոսելու, կարող եք հերթագրվել, հետո խոսել։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Այսպիսով, խոսքը գնում է նրա մասին, թե մենք արդյո՞ք այսօր պատկերացնում ենք, թե դա ինչպես պետք է լինի։ Իմ խնդրանքը հետեւյալն է։ Այստեղ հնչեցին բավականին կոնստրուկտիվ մտքեր։ Ոչ միայն նրանք, որն արդեն ուշ է իրականացնել, ինչ որ հնչեցրեց պրն Հովհաննիսյանը, որը պետք է արվեր, բայց այստեղ հնչեցին, որ մենք պետք է չխորշենք, դիմենք այն անձին, որը կարող է այդ նույն հավաքը ցրել ավելի ընդունելի ձեւերով։ Մեկ։

2-րդ՝ կա բավականին հստակ խումբ, որը շատ լավ երեւում է, այդ նույն հակաօրինական եւ հանցագործ գործողություններ անող անձինք, այն է՝ խանութների թալանը, մեքենաների վառելը, դրանց պետք էր վնասազերծել։  Դրա համար որեւէ մի արտակարգ դրություն մտցնելը չէ մինչեւ անգամ, հենց նա գործում է հանցագործություն, նրան պետք է վնասազերծել։ Եվ ոչ թե, ասենք, մենք նույն բանը, որ եթե ուզում են բռնել, Ամերիկան ուզում է բռնի տեռորիստ հ.1 եւ 2 երկիր է դրա համար քանդում։ Իմ ասածը հետեւյալն է՝ անշուշտ, ավելի դժվար է վնասազերծել կետային, հասցեական այդ խմբերը, եւ ավելի հեշտ է գնալ ու ուղղակի բոլորին այնտեղից գիշերվա կեսին սկսել ցրել տները։ Իմ ասածը պարզ է։

Ես առաջարկում եմ, որ մենք դիմենք, ովքեր պատրաստ են, դիմենք այդ նույն անձին, այդ միտինգների կազմակերպչին, ես չէ ու ձեզ չէ, որ պետք է համոզեմ, որ ես չեմ կիսել եւ՛ իշխանության ժամանակ այդ անձի, եւ՛ ոչ էլ հիմա չեմ կիսում իր մոտեցումները եւ իր քաղաքականությունը։ Բայց այսօր մենք գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք գնացել են եւ, այո՛, նրանք մե՛ր ժողովուրդն են եւ մե՛ր ապագան են։  Այսօր մենք չպետք է տեսնենք այն անձանց մեջ, ովքեր գտնվում են այսօր այդ հարթակներում կամ դրա շուրջը, մենք չպետք է տեսնենք դրանց մեջ թշնամիներ։ Ես բռնությանը դեմ եմ։

Հստակորեն պետք է ասեմ իմ կարծիքը հիմա  երեկ արդեն առավոտ ծեգին այն գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել։ Դա, բառիս բուն իմաստով, բռնություն էր։ Իշխանություններն ունեին ավելի լայն հնարավորություններ չսպառելով, այսինքն՝ սպառել դեռ այլ միջոցները, մինչեւ սկսեն այդ գործողությունները։ Որեւէ մեկը չի կարող ինձ բացատրել, թե ինչո՞ւ պետք է այդ գործողություններն անեին ժամը 6-7-ի արանքում, ոչ մեկը ինձ չի կարող բացատրել, թե ինչո՞ւ պետք է անել ոչ համաչափ գործողություններով, չնայած, թե ո՞վ է քո դեմը կանգնած՝ երիտասարդ, կին, երեխա։ Անհամաչափությունը, սա արդեն դառել է Հայաստանում, ցավոք սրտի, դաժանության սինդրոմ։ Եվ ես ձեզ պետք է ասեմ, որպես անձ, որ զբաղվում է այդ հարցով տարիներ շարունակ, անգամ պատանդը, որը գտնվում էր Ադրբեջանում, եւ ենթարկվել է դաժան վերաբերմունքի, դառնում է դաժանության սինդրոմի կրող։ Եվ այդ սինդրոմի իրականացումը նա իրականացնում է իր սեփական, շատ անգամ, երեխաների կամ ընտանիքի անձերի վրա։

Իմ ասածը հետեւյալն է։ Ես դեմ եմ, որ այս գործողությունները, որոնք այստեղ կան, այդ չափով իրականացվեն, ես դեմ եմ, որ դրանք իրականացվեն այս գիշերը, ոչ թե մենք սպասենք ցերեկը, ես դեմ եմ, որ չեն վնասազերծվում այն խուժանական եւ այն հանցագործ տարրերը, որոնք այսօր գործում են հակաօրինական եւ հանցագործ գործողություններ։

Իմ հստակ կարծիքն այն է, որ այստեղ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջվում ոստիկանությունից՝ վնասազերծել հենց այդ կոնկրետ խմբերը, քան գնալ, կրկնում եմ, եւ հնձել բոլորին միասին։ Իմ կոչն այն չէ, թե արդյո՞ք անցել է բանը բանից։ Այո՛, անցել է, որովհետեւ դա բոլորն էլ կանխատեսելի են համարել այս իրավիճակը։ Այստեղ հնչեց, որ  սա մտել է եւ՛ մի անձի, եւ՛ մի խմբի ծրագրերի մեջ։ Արդյո՞ք մենք պետք է իրականացնենք այդ անձի կամ խմբի, եթե դա եղել է, ծրագիրը։

Կրկնում եմ, այս գործողությունները, որոնք կատարվում են…

Եթե կարելի է, երկարացրեք մի երեք րոպե։ Ես կաշխատեմ ավելի քիչ…

Քանի որ ես վերջին ելույթ ունեցողն եմ, ես գտնում եմ, որ ԱԺ-ն դեռ չի սպառել եւ չի արել իրենից ակնկալվող քայլերը։ Եթե կա այդ ցանկությունը, ես կոչ եմ անում, մենք պատրաստ ենք, մենք այս նիստից հետո, այո՛, ես էլ եմ գնալու այնտեղ, որտեղ նստած են այդ մարդիկ։ Մի մասը կարող է մոլորված են, մյուս մասը կարող է ֆանատիկոս են, բայց բոլորը մեր ազգի մասն են։ Ես 20 տարի բանակցում եմ ադրբեջանական կողմի հետ, չեմ խորշել խոսել անգամ մարդասպանի հետ։ Ի՞նչն է մեզ այսօր հետ պահում, որ մենք գնանք, խոսենք մեր ազգի մասի հետ։

Ես ասել եմ մի այլ զրույցի ժամանակ, ուղղակի, 2 օր առաջ մեր ԱԺ հարգարժան նախագահին, որ 2 բան կա, որ չի կարելի անել՝ չի՛ կարելի ուժ գործածել այդ չափով, որն արդեն արվել է, դա եղել է նախքան այդ, եւ չի՛ կարելի մերժել երկխոսությունը, ընդ որում, ոչ թե ասել՝ ես ձեռս մեկնում եմ։ Ստացվում է, որ դու կանգնած ես քո տեղը եւ սպասում ես մոտենան։ Ուժեղ կողմը նրանով է ուժեղ, որ ինքը կարող է անել քայլ առաջ։ Ուժեղ կողմը նրանով է ուժեղ, որ ոչ թե միայն մկան է գործածում, այլեւ կարող է գնալ եւ առաջարկել ինչ-որ հանգուցալուծումներ, որոնք չեն բերելու մասսայական ծեծի եւ այլ բռնությունների։ Մենք ունեցել ենք այդպիսի դեպք, եւ նա եղել է ոչ ցանկալի։ Այսօր մենք, մասամբ, ճաշակում ենք դեռ 2003-2004թթ. տեղի ունեցած բռնությունների հետեւանքները։

Պե՛տք է, որ մենք կարողանանք կանխել, պե՛տք է, որ այսպիսի գործողություններն արվեն, բայց պետք է լինեն համաչափ,  եւ դրա մեջ պետք է լծվեն ԱԺ այն պատգամավորները, որոնք իրենց առանձին չեն տեսնում ժողովրդից, անգամ այն մասից, որի կարծիքը չեն կիսում։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Մենք ունենք խմբակցություններից մեկ հայտ։ ՀԿԿ խմբակցությունից՝ Մկրտիչ Մինասյան։ Համեցեք։

Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես գիտակցում եմ, որ բոլորիս նյարդերը պրկված են։ Մենք գիտակցում ենք, որ, ցավոք սրտի, արդեն 2 ամիս է առնվազն, որ տեղի են ունենում պրոցեսներ, գործընթացներ, որոնք, ինչպես կինոյի մեջ է ասվում, նշանավոր. «Եթե ճանապարհը չի տանում դեպի տաճար, տանում է ոչ մի տեղ», «Պակայանիե» կինոյի մեջ։ Փաստորեն, այդպես ստացվեց։

Փաստորեն, ստացվեց, որ, ինչպես բոլորն են պնդում կամ մեր ներքին ձայնը, որ արտաքին որոշ ուժեր Հարավային Կովկասում կոնկրետ խնդիր են լուծում։ Այսօր, իհարկե, այդ բոլորը վերլուծելու ժամանակը չի։ Այսօր կա կոնկրետ իրավիճակ, ցավոք, գարնան 1-ին օրը, 9-ն օր տեւած երկար ու ձիգ տեւած, մարդկանց նյարդերը պրկված վիճակից, փաստորեն, հասցրին նրան, որ այլեւս հնարավոր չէր։ Եվ պիտի պետությունը փրկել։ Եվ պիտի պետությունը փրկել ու փրկել ոչ միայն խաղաղ բնակչությանը, այլեւ, կարծում եմ, այս միջոցառումները նպատակ ունեն փրկելու նաեւ այս նստացույցի կամ շքերթի այն մասնակիցներին, որոնք քաղաքական նկատառումներով են ընդամենը, կամ անկեղծ նկատառումներով են ընդամենն այս իրադրության մեջ, որովհետեւ նրանց են խառնվել մարդիկ, որոնք, փաստորեն, մեր ազգին, մեր տեսակին անհարիր գործողություններով են զբաղված։ Ես էլ հիշում եմ, արդեն 4-րդ անգամ համապետական այսպիսի միջոցառում է անցկացվում, չեմ հիշում, որ երբեւէ այսպիսի վայրագություններ տեղի ունեցած լինեն։ Խոսքս խանութներ այրելու, ավտոմեքենաներ այրելու եւ այլնի մասին է։

Եվ մի խնդրանք էլ բոլորիս՝ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայր, որպես պապիկ, մեր ելույթներում, մեր խոսքերում, բոլորիս է վերաբերում, պիտի չափազանց զգույշ լինենք, որովհետեւ մեր յուրաքանչյուրի խոսքը, յուրաքանչյուրի ասած խոսքը շատերն ընկալում են այնպես, ինչպես չէինք ուզենա, որ ընկալեին։ Այսինքն՝ այս լարված պայմաններում յուրաքանչյուրս, ինչքան էլ պրկված լինեն մեր նյարդերը, պարտավոր ենք զուսպ լինել, պարտավոր ենք կանգնել պետության ու պետականության կողքին, որովհետեւ վստահ եմ, որ այս փորձությունից պիտի կարողանանք դուրս գալ։ Տա Աստված, որ կորուստները չափազանց քիչ լինեն։ Շնորհակալություն։

Մաս 1

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Մաս 6




Լրահոս