ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որ ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննելու էր, սպասում էինք: Բայց որ երեք ժամ տեւած հարցաքննությունից հետո Քոչարյանին նույն օրն իսկ մեղադրանք կառաջադրեն, նաեւ կալանավորելու համար կդիմեն դատարան, իսկապես անհավատալի էր: Այնպես որ Քոչարյանին մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մի խումբ անձանց հետ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար դատարան դիմելու լուրն իսկապես շոկ էր:
Կատարվածը շոկ էր, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, այն էլ պետության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրանքով: Ավելի ուշ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում պնդում էր, թե «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է իրավական սյուրռեալիզմի ժանրից, 37 թիվն է դառնում»: Ասել է թե` նոր իշխանությունների հասցեին նույն մեղադրանքներն է հնչեցրել, ինչ ընդդիմությունն իր պաշտոնավարման տարիներին ասում էր Քոչարյանի հասցեին: «Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»,- նշել է Քոչարյանը:
Երեկ ՀՔԾ-ում նույն գործի շրջանակներում հարցաքննվել է 2008թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանը. նրանք երկուսն էլ առայժմ հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Բայց ամեն րոպե չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա. ի վերջո, մարտիմեկյան իրադարձություններին նախագահականում գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ այլք: Նրանցից միայն Մ.Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սպասվում է մյուս նախկին պաշտոնյաների հարցաքննությունը եւս: Մեկ փաստ էլ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Ընդ որում` նրանցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են:

 

 

ԱՄՆ-ում հայկական համայնքը պառակտված վիճակում է: «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ դաշնակցությունը ՀՀ-ում համաժողովրդական շարժման օրերին փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող հայտերն այնտեղ ոտքի չկանգնեն, ցույցեր չանեն: Բայց հեղափոխության հաղթանակից հետո, ընդհակառակը, փորձում են սեփականաշնորհել հաջողությունը: « Դաշնակցությունը, որը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դեմ էր շարժմանը, անվանում էին կապիկներ, սադրիչներ էին ուղարկում, որպեսզի այդ ցույցերը խափանեն, Ս. Սարգսյանի հրաժարականից հետո անցան ընդհատակ: Միայն մայիսի 8-ին, երբ հաղթանակը վերջնական էր, նրանք միացան շարժմանը: Իսկ այսօր իրենք, օգտագործելով իրենց կապերը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի միջոցով փորձում են բլոկադայի ենթարկել բոլոր քաղաքական ուժերին կամ ակտիվ ուժերին, եւ իշխանության հետ, որպես միակ կապի խողովակ, հանդիսանալ իրենք»,- պատմել է Սահակյանը:

 

 

Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից. ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միմկետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Մինչդեռ, տրանսֆորմատորի իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել: «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք: «Միկմետալ» ընկերությունից հերքեցին տրանսֆորմատոր գնելու լուրը: Իսկ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասել է, որ գործից մանրամասներ չի կարող հայտնել, բայց եւ չի հերքել մեր պատմածը:

 

 

 

Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը մեծ ծավալի պատճառով ներկայացնում ենք հատվածաբար: Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ նոյեմբերին հրավիրել է կառավարություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է: «Այդ գործը սկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։ Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։ Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի..»,- գրված է նամակում։

 

 

 

ԲՅՈՒՋԵՆ՝ ՁՈՐՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսերի համատեքստում կրկին անդրադարձել է կոռուպցիոն երեւույթներին: Հիշեցնելով, որ մշտապես խոսվել է պետության ֆինանսական սահմանափակ հնարավորությունների մասին` Փաշինյանն ասել է. «Բայց երբ ուսումնասիրում ենք, թե սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ այդքան էլ սահմանափակ չեն, որովհետեւ օգտագործվում է հնարավորությունների 30, 40, քարը տրաքի՝ 50 տոկոսը, մնացածը նետվում է ձորը, եւ մենք պետք է ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ որեւէ մեկը չնետի ոչինչ ձորը: Եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի: Ցավոք, չունենք այնպիսի իրավիճակ, որ ասենք՝ այ էստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք, տեսնենք, թե ինչ է կատարվում, հետ գանք, ասենք ոչինչ չկա, նորմալ է: Ես չեմ հիշում մի դեպք, որ ստուգող մարմինները մի տեղ մտնեն, ցնցող բացահայտում չանեն: Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք չփակենք անցքերը, այլ թեմաների մասին խոսելը լուրջ չի լինի»:
Եթե անկեղծ, ապա Նիկոլ Փաշինյանը որեւէ նոր բացահայտում չի արել: Բյուջեի միջոցների անարդունավետ ծախսերի մասին այս տարիներին շատ է խոսվել: Նման բացահայտումներ եղել են մամուլի էջերում: Բացի այդ, նման բացահայտումներ արել են նաեւ պետական մարմինները: Բավական է թերթել ՀՀ վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունները. դրանցում չարաշահումների, անարդյունավետ ծախսերի վերաբերյալ փաստերի պակաս չկա:
Եթե չեք մոռացել, 2013թ. ԱԺ ամբիոնից այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ ասել էր, թե բյուջեի մոտ 70 տոկոսը մսխվում է, ռիսկային կերպով է ծախսվում: Միայն թե այդ հայտարարությունից հետո նախկին իշխանությունը ոչ թե գնաց կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու ճանապարհով, այլ ընդհակառակը, նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել՝ բյուջեն մսխելու մասին բարձրաձայնած պաշտոնյային նախատելու համար, նույնիսկ թաքնված սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին:
Հիմա բյուջեի միջոցների հազիվ 30-40 տոկոսն արդյունավետ ծախսելու, որ նույնն է, թե բյուջեի 70 տոկոսը մսխելու մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանության, Նիկոլ Փաշինյանը ռեալ, կտրուկ քայլեր է անում կոռուպցիոն երեւույթները բացահայտելու եւ արատավոր երեւույթներին վերջ տալու համար:




Լրահոս