Ինչպես հայտնի է, նախօրեին հանդիպել էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկումների առանցքային թեման եղել է օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի խորհրդարանը լուծարվի:
Եվ ահա նախօրեի հանդիպումը շատ քաղաքական ուժեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն մեկնաբանում էին այնպես, թե որոշում է կայացվել հրաժարվել սահմանադրական փոփոխություն անելու մտքից եւ հարցը կարգավորել քաղաքական համաձայնությամբ, որպեսզի երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Լենա Նազարյանը նշեց, թե այդ առուով որեւէ հստակություն ամեն դեպքում առկա չէ, եւ չենք կարող ասել, թե սահմանադրական փոփոխություններ չեն լինի: «Չի բացառվում, որ կառավարւթյունը ներկայացնի նման նախագիծ», – նշեց նա: