Սարգիս Մուրադյանի որմնանկարը, որը Ապագա գյուղին ծառայում է որպես սրբատեղի, նորոգման կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կա շուրջ 2500 հուշարձան, եւ դրանք այս կամ այն չափով վերականգնման, նորոգման կարիք ունեն: Այդ հուշարձաններից յուրաքանչյուրի վերականգնման համար մշակույթի նախարարության բյուջեից տարեկան հնարավոր է տրամադրել 10 հազար դրամ: Այդ է պատճառը, որ նախարարությունն աշխատում է տարբեր երկրների համապատասխան կենտրոնների հետ, ֆինանսեր գտնելու համար փնտրում է այլընտրանքային ուղիներ եւ չի սահմանափակվում սուղ բյուջեի միջոցներով:

Իտալացի մասնագետներ Արա Պաոլո Զարյանն ու Քրիստին Լամուղն, օրինակ, սեփական միջոցներով ուսումնասիրել եւ մշակել են Սարգիս Մուրադյանի՝ 1974 թվականին ստեղծված «Սասունցիներ» որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Վերականգնման աշխատանքները նրանք իրականացնելու են անվճար: Նշենք, որ «Սասունցիներ» որմնանկարը Խորհրդային Հայաստանում մոնումենտալ նկարչության բարձրարվեստ աշխատանքներից է: Այն գտնվում է Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան նախասրահում:

Մինչեւ հիմա գյուղի բնակիչներն ու գյուղապետարանն իրենց միջոցներով պահպանել են որմնանկարը, բայց, այնուամենայնիվ, այն վերոնորոգման կարիք ունի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրայում տեղի կունենա «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կնվիրաբերվի որմնանկարի վերանորոգմանը. «Ապագայի գյուղացիները եկեղեցի չունեն, որմնանկարն է իրենց սրբատեղին: Նրանք շատ կապված են «Սասունցիների» հետ եւ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց դրա»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց տիկին Մուրադյանը:

«Արվեստն օգնում է արվեստին». սա բարեգործական համերգի կարգախոսն է: «Ես չէի կարող մերժել նման գործում մասնակցություն ունենալու առաջարկը: Շատ եմ կարեւորում այս համագործակցությունը»,-իր հերթին նշեց «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:

Հավելենք, որ համերգը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի հանրային ռադիոն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս