Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Բանակցությունները տեւել են մոտ երկու ժամ եւ կողմերը գոհունակություն են հայտնել բանակցությունների արդյունքներից: Փաշինյանը նաեւ հանդիպել է ֆրանսիացի գործարաներին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս վերջին հանդիպումը ավարտվեց կեսգիշերին մոտ: Վարչապետը առիթ ունեցավ պարզաբանումներ ներկայացնել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ:
«Երբ ես առաջադրել եմ Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի թեկնածուներ եւ նշանակել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ես երկու պայման եմ դրել նրանց առաջ: Առաջինը՝ որ բոլոր գործերը պետք է 100 տոկոսով քննվեն օրենքով սահմանված կարգով, լիարժեք, առանց կիսատ- պռատությունների, առանց խնամի, ծանոթ, բարեկամների, անկախ մարդու կարգավիճակից, սոցիալական վիճակից:
Եվ երկրորդը՝ երաշխավորել եմ, որ ոչ մի գործի քննության առաջ քաղաքական խոչընդոտ չի լինի: Ես ասել եմ, որ կապ չունի, թե ով է մարդը, եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամ է, եթե նա կատարել է հանցանք, եւ քննչական մարմնի եզրակացությունն այն է, որ նա պետք է կալանավորվի՝ նա պետք է կալանավորվի: Երբ որ պետք է տեղի ունենար Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ես այդ ժամանակ գտնվում էի Սանկտ Պետերբուրգում: Ես հեռախոսազանգ ստացա ԱԱԾ տնօրենից: Նա ինձ տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն որոշել է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին: Եվ ասաց, որ նաեւ որոշակի ազդակներ է ստանում, անհանգստություններ մի շարք գործընկեր երկրներից:
Եվ ինձ խնդրում է միջամտել, միջնորդել եւ տեղյակ լինել, որ ահա այսպիսի արձագանքներ կան, եւ մտածում են, որ իմ միջամտության կարիքը կա: Որոշ ժամանակ անց նա զանգահարել է եւ ասել է, որ դատական իշխանության ներկայացուցիչը կապվել է իր հետ եւ ասել է, որ գործը «ջուր է»: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին եւ ասել եմ՝ այսպիսի մոտեցում կա, որ գործը «ջուր է», այսինքն հիմնավոր չի: Հարցրել եմ. արդյոք էս որոշումները կայացվում են մեր պայմանավորվածությունների շրջանակներո՞ւմ:
Ո՞րն է պատճառը, որ ես այս գործին խառնվել եմ: Ո՞րն է պատճառը, որ ԱԱԾ տնօրենն է խառնվել: Որովհետեւ ինքը տարբեր ազդակներ է ստացել, այդ թվում՝ արտերկրի մեր գործընկերներից, որոնք իրենց անհանգստությունն են հայտնել գործընթացի կապակցությամբ: ԱԱԾ տնօրենը այդ ազդակները ի մի բերելով, եզրակացրել է, որ սա ազգային անվտանգության հետ առնչվող խնդիր է, եւ պետք է տեղյակ պահի վարչապետին: Վարչապետը կապվել է ՀՔԾ պետի հետ: Ստանալով պարզաբանումներ, ես ՀՔԾ պետին ասել եմ հետեւյալը, որ եթե հիմա դուք պնդում եք, որ գործը հիմնավոր է եւ եկել եք այն եզրակացության, որ այդ մարդիկ պետք է կալանավորվեն, ես խնդիր չունեմ:
Ինձ համար կարեւոր է, որ ես ձեր առաջ այլ պահանջ չդնեմ եւ կատարեմ իմ խոստումը, որ քրեական որեւէ գործի քննություն քաղաքական խոչընդոտի չի հանդիպի: Որովհետեւ այդ պահին չափազանց կարեւոր է, թե վարչապետի տված խոստումը էդ պայմաններում քանի կոպեկի արժեք ունի: Եվ այդ պահին, երբ ինքը ասել է, որ այո, ես իմ տված խոստման շրջանակում եմ, որ գործը հիմնավոր է, ես ասել եմ՝ եթե դուք այդպես եք ասում, ուրեմն ես էլ ասում եմ, որ չնայած կարող է միջազգային արձագանք լինել, ես էլ մնում եմ իմ տված խոստման շրջանակներում…:
Որից հետո, ենթադրվում է, որ այդ ազդակները՝ դրսից ու ներսից, հասել են նաեւ դատական համակարգին: Եվ եկել է այդ ահազանգը, որ ինչ- որ դատավոր ասում է՝ գործը «ջուր է»: Կարո՞ղ եք ասել, ինչու է այդ դատավորը դիմում ԱԱԾ տնօրենին, վարչապետին: Տեսեք, ինձ ինչ-որ «խաբար» է ուղարկում, որ ստանա իմ որեւէ ռեակցիա, որի արդյունքում արդարացնի իր որեւէ որոշում: Ինձ համար մեծագույն խնդիրը հետեւյալն է՝ արձագանքել այնպես, որ որեւէ որոշում հնարավոր չլինի մեկնաբանել որպես վարչապետի հրահանգ: Եվ ես ի՞նչ նախադասությունով եմ դա ձեւակերպել: Ես ասել եմ հետեւյալը:
Շատ լավ, ասում եք «ջուր է»՝ «ջուր է», բայց եթե պարզվի, որ ոչ թե գործն է «ջուր» այլ ձեր պնդումն է ջուր, խնդիրներ կունենաք: Հիմա դուք որոշեք. վերցրեք պատասխանատվությունը, ինչու եք մեզ դիմում: «Ջուր» է՝ «ջուր» է, եթե «ջուր» չէ, ու դուք խաբում եք, մենք էլ ուրեմն ստիպված ենք ցամաքեցնելու աշխատանքներ կատարենք, եթե դուք մեզ խաբել եք: Սա է ամբողջ պատմությունը: Հիմա ես ուրիշ բան եմ ասում, որ այսպես աղմուկ- աղաղակ են անում, թե վաայ միջամտել են… Եթե էդքան միջամտող լինեինք, կներեք, բա ինչո՞ւ վերաքննիչ դատարանում չմիջամտեցինք:
Չէի՞նք կարող վերաքննիչ դատարանում միջամտեինք: Հիմա ընդհակառակը: Որ էդ դատական համակարգը Սաշիկ Սարգսյանի որդուն է բաց թողնում, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին է բաց թողնում, Ռոբերտ Քոչարյանին է բաց թողնում՝ դա մեր դեմ է աշխատում: Մարդիկ կարող են մտածել՝ տակից էս ինչեր են անում, մեր առաջ մի բան են խոսում, գնում են, բոլորին բաց են թողնում: Բա ինչի՞ չենք փակում էդ «բացթողնումների» ճանապարհը…:
Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած: Ուրիշ բան ասեմ: Որ մեզ մեղադրում են դատական գործերին միջամտելու մեջ… Ակզբից մի գաղափար կար, որ մենք պետության հեղինակությունից ելնելով՝ ՄԻԵԴ-ի բոլոր գործերը, որպես կառավարություն, այնպես անենք, որ հետ գա ու չդառնա դատավճիռ: Բայց հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու: Թող գնան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն Եվրադատարում, եւ էդ գործերը հետ գան: Ու այդ ժամանակ իրանք պատասխան տան: Այդ ո՞նց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացրել, ու այդ դատավորները ոչ մի պատժի չեն ենթարկվել ՀՀ-ում:
Ու ես էլի եմ ասում: Հանկարծ չփորձեն մեզ շանտաժի ենթարկել մեր հեռախոսները լսելով… Նախ ասեմ, որ էդ հեռախոսներ լսողներին մենք արմատախիլ ենք անելու: Ի՞նչ է նշանակում ԱԱԾ տնօրենին կամ ՀՔԾ պետին գաղտնալսել…: Այսինքն, իրանք ուզում են պետության մեջ պետություն պահե՞ն: Չի կարող լինել պետություն պետության մեջ: Ես դա թույլ չեմ տա: Դա մաֆիա է պետության մեջ, եւ այդ մաֆիան ջախջախվելու է: Ոմանք գալիս, ասում են՝ դե ինչ ծառայություն ժամանակին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ենք մատուցել, հիմա էլ ձեզ կմատուցենք:
Թողեք, որ մենք Երեւանում մեր մեքենաները, կալոննաները ոնց ուզենք՝ քշենք, առանց համարների, ում ուզենք տրորենք, զենքերով ման գանք, տարին մեկ- երկու անգամ մեկին գցենք ոտի տակ, սատկացնենք… բայց ձեզ ծառայենք: Մենք ասում ենք՝ ձեր ծառայությունների կարիքը չունենք: Որեւէ մեկը ՀՀ-ում, անկախ իր դրամապանակի հաստությունից, չի կարող որեւէ ուրիշ քաղաքացու նկատմամբ առավելություն ունենալ: Ես դա թույլ չեմ տա»: