«ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲՌԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությունը, բնավորության միայն իրեն բնորոշ գծերը:

-Լուիզա, ո՞րն է այն ամենաանմոռանալի նվերը, որ երբեւէ ստացել եք:
-Նվերի «ամենա»-ն չի լինում: Ինձ համար շատ արժեքավոր են, օրինակ, հայրիկիս նվիրած ականջօղերը՝ ինստիտուտ ընդունվելու առթիվ, առանձնահատուկ թանկ է առաջին ուսուցչուհուս նվիրած բացիկը, որտեղ նա մարգարեական մոտիվներով գրել է, թե ինչպիսին է պատկերացնում իմ ապագան եւ նշել է, որ իմ տեղը բեմն է: Ինձ համար ճակատագրի ամենամեծ նվերն ընտանիքս է: Բազմաթիվ արժեքավոր նվերներ ունեմ երկրպագուներիս կողմից ստացված, այնպես որ, դրանք շատ են:
-Մարդ, ում ամբողջ կյանքում պարտական եք:
-Ծնողներս: Հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իմ բոլոր առավելությունների համար ծնողներիս եմ պարտական:
-Որպեսզի լինել երջանիկ, հարկավոր է պարզապես…
-Սիրել երջանկությունը եւ ուզենալ երջանիկ լինել:
-Եթե ունենում եք մի փոքր ազատ ժամանակ…
-Առաջին հերթին, իհարկե, նվիրում եմ դստերս: Դա անհրաժեշտի եւ հաճելիի միքս է:
-Տղամարդուն բռի մեջ պահելու միակ ձեւը…
-Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել, հենց փորձես պահել, կգնա: Պետք է պարզապես կարողանալ համբերատար եւ անշահախնդիր սիրել: Եթե այս երկու կարեւորագույն հատկություններն ունես, քո պահանջներն էլ, շահերն էլ կբավարարվեն:
-Ո՞րն է հայ աղջիկների ամենամեծ առանձնահատկությունը:
-Նվիրումը ընտանիքին. դա իրենց մեջ գենետիկորեն է դրված, ամենաբնազդային մակարդակով: Անկախ հասարակական դիրքից, դավանած արժեքներից՝ հայ աղջկա, կնոջ համար ընտանիքը կարեւորագույն արժեք է: Նույնիսկ բարոյական փայլուն կյանքով չապրող կանանց դեպքում էլի ընտանիքը բարձրագույն տեղում է: Իսկ այլ ազգի շատ կանանց մոտ դա այդքան էլ ընդգծված չէ:
-Երազանք, որին դեռ չեք հասել:
-Մանկուց ցանկացել եմ բազմազավակ ընտանիք ունենալ, բայց դա այն երազանքը չէ, որին ափսոսանքով եմ նայում: Աստծուն փառք եմ տալիս եւ գոհանում եմ իմ ընտանիքի համար, այնպես որ, նման երազանք երեւի թե չկա:
-Ձեր կյանքի ամենադժվար պահերին ապավինում եք…
-Աստվածաշնչին: Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ամրացնում: Այն փորձությունը, որին հանդիպելով Ձեզ թվում է, թե աշխարհի վերջն է, իրականում Աստված ուղարկել է Ձեզ փորձելու համար: Եթե ապավինեք տիրոջը, նույնիսկ ամենածանր իրավիճակը կարող եք նրա շնորհիվ հարթել:
-Կոնֆլիկտի հակվա՞ծ եք, թե՞ ոչ:
-Միանշանակ ոչ:
-Մի բանի համար եք միայն զղջում, ինչի՞:
-Զուր անցկացրած ժամանակի, թեեւ պարապուրդի հազվադեպ եմ մատնվել: Մտածում եմ, որ կարելի էր կյանքն ավելի գեղեցիկ ապրել, ավելի գունավոր, կարելի էր կյանքից ավելի շատ բան վերցնել եւ ավելի շատ բարիք գործել, խաղաղություն տարածել:
-Հակառակո՞րդ, թե՞ թշնամի, ո՞րն է Ձեզ հոգեհարազատ:
-Եթե պարտադիր պետք է այս երկուսից մեկն ընտրեմ, ապա հակառակորդը: Թշնամին ցանակացած դեպքում տանում է չարության, իսկ հակառակորդն արթնացնում է մրցակցելու, առաջ գնալու մղում, խթան:
-Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:
-Հաց ու պանիր լոլիկով ու վարունգով:
-Հավատու՞մ եք տղամարդու եւ կնոջ միջեւ ընկերությանը:
-Նախկինում այս առումով կարծրատիպային պատկերացումներ ունեի, բայց հիմա այն համոզման եմ, որ, այո, հնարավոր է այդպիսի ընկերություն: Անձամբ ես լավ ընկերության կարիք ունեմ, ու այդ մտերմությունը չպետք է դրսեւորվի կենացների մեջ, այլ ազնիվ շփման:
-Հումոր, ինտելեկտ, հնարամտություն. տղամարդը սրանցից ո՞րը պետք է անպայման ունենա:
-Երեքն է, ընդ որում՝ այդ որակները սերտորեն կապված են միմյանց հետ: Օրինակ՝ ինտելեկտուալը հիմնականում նաեւ հնարամիտ է եւ հումորով:
-Կշռադատո՞ղ եք, թե՞ պահի ազդեցության տակ գործող:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Արդեն քառասունս բոլորած կին եմ, որն ունի կյանքի որոշակի փորձառություն, եւ, իհարկե, տարիների ընթացքում ձեռք եմ բերել կշռադատելու ունակություն, բայց ես նաեւ էմոցիոնալ կին եմ, որը շատ դեպքերում կարող է հավասարակշռությունից դուրս գալ:
-Եվ վերջին հարցը՝ ինքներդ Ձեզ ինչպե՞ս եք փրկում:
-Փորձում եմ այդ փուլին չհասնել, ամեն ինչ անում եմ, որ կործանման եզրին չլինեմ եւ փրկվելու կարիք չլինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ

«Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն էապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, քանի որ հիմա թեկնածուների շրջանում առկա է իրական մրցակցություն, եւ «կրկեսային» կանխատեսելի իրավիճակների անձամբ ես չեմ սպասում: Դա արդեն մեծ տարբերություն է, մեծ առաջընթաց»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում Հայկը բազմաթիվ ընկերներ ունի. «Նրանք շատ սրտացավ, քաղաքը սիրող մարդիկ են, եւ ես ողջունում եմ նրանց մասնակցությունն ընտրություններին»,-ասաց դերասանը:
Հայկը որոշ չափով ծանոթ է ավագանու թեկնածուների նախընտրական ծրագրերին, սակայն շեշտում է՝ խոստումները մի բան են, դրանք իրականացնելը՝ մեկ այլ: Դերասանը դիտել է նաեւ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական հոլովակները. «Դրանց, իհարկե, պետք չէ մեծ նշանակություն տալ, քանի որ, օրինակ, մեր երգարվեստում էլ ունենք ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս փայլուն հոլովակներով, սակայն նրանց ներկայացրած երգը գեղարվեստական առումով եւ իր էությամբ ոչինչ է, գրոշի արժեք չունի: Նույնը կարող է քաղաքապետի թեկնածուների դեպքում լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ Հայկը կցանկանա՞, որ Երեւանը կին քաղաքապետ ունենա. «Ես չեմ կարեւորում՝ քաղաքապետը կին կլինի, թե տղամարդ: Ի դեպ, ես չեմ կարող պրոֆեսիոնալ կարծիք հայտնել քաղաքական որեւէ հարցի շուրջ, ինչ ասում եմ՝ որպես քաղաքացի եմ ասում: Բայց կարող եմ մի բան հաստատ պնդել՝ Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուները թատերական սքեչերիս համար լավ նյութեր են տալիս, այնպես որ, առաջիկայում իմ ներկայացումներում կտեսնեք համապատասխան անդրադարձ»,-ծիծաղելով եզրափակեց Հայկը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ
Անգլիական «Լիվեպուլ»-ը, Չեմպիոնների լիգայի առաջին տուրում տանը 3:2 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, կրկնեց 1961-1962 թվականների մրցաշրջանի նվաճումը` 6 անընդմեջ հաղթանակ մրցաշրջանի մեկնարկում: Այս մրցաշրջանում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտության է մատնել «Վեստ Հեմին», «Քրիսթալ Փելասին», «Բրայթոն»-ին, «Լեսթեր»-ին, «Տոտենհեմ»-ին եւ ՊՍԺ-ին: Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլ»-ը 15 միավորով երկրորդ տեղում է` գոլերով զիջելով նույնքան միավոր վաստակած «Չելսի»-ին:

 

 

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՊԱՏԱՍԽԱՆ
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ից կրած պարտությունից հետո էմոցիոնալ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք չի զղջում, որ իր հետ Միլան չի տարել պաշտպաններ Թոբի Ալդերվեյրելդին ու Կիրան Տրիպյերին. «Ինչո՞ւ եք այդպես վերաբերվում այն խաղացողներին, ովքեր դաշտ դուրս չեն եկել: Դուք կարող եք ինձ ասել. «Դու սարսափելի ընտրություն էիր կատարել մեկնարկային կազմի հարցում»: Բայց խնդրում եմ` հարգեք այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղացել են, քանի որ դա իմ որոշումն էր: Մենք 25 ֆուտբոլիստ ունենք: Այնպես եք հարցնում, կարծես այն 13-14 խաղացողներն, ովքեր մեկնարկային կազմում չեն ընդգրկվում, աղբ են: Ներեցեք, բայց վշտացած եմ, քանի որ ես մարդ եմ, ով հարգում է ձեզ եւ խաղացողներին: Մեկնարկային կազմի ընտրությունն իմ որոշումն է, եւ դուք պետք է հարգեք այն, քանի որ ես գլխավոր մարզիչն եմ»,-ասել է Պոչետինոն:

 

 

ԱԶԱՏԵԼՈՒ ԵՆ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել Կառավարությանը երեք մարզիկի՝ ֆուտբոլիստ Ալբերտ Հովագիմյանին, ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանին եւ բասկետբոլի հավաքական թիմի անդամ Վիկտոր Հովսեփյանին, զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Նախարարությունը նշել է, որ Ալբերտ Հովագիմյանը հանդես է գալիս ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքական թիմում, կարեւորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի` 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։ Ֆերդինան Կարապետյանը նախապատրաստվելու եւ մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին եւ 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Վիկտոր Հովսեփյանը հանդես է գալիս «Ուրարտու» ակումբում, եւ կարեւոր է նրա մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական թիմի սպասվելիք խաղերին։




Լրահոս