Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակն ակտիվանում է. եվրոպացի պատգամավորն այցելել է Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա լուծման մեխանիզմների շուրջ հայտարարությունները կարծես թե հաճախակի են դառնում եւ հաճախ այնպիսի տեսքով, որոնք ընդունելի չեն լինում հասարակության լայն զանգվածների կողմից:

Ամեն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց, խոսեց Արցախյան հակամարտության շուրջ իր տեսլականի մասին, եւ հիմքում ընկած էր այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ մնացած բոլոր հարցերը պետք է որոշեն հենց արցախցիները: Եվ, իհարկե, այս մոտեցումը եղել է նաեւ հենց արցախցիների սրտով:

Սակայն լինում են նաեւ հայտարարություններ, որոնք ցավոտ են ընդունվում հասարակության կողմից: Այդպիսին էր նաեւ օրեր առաջ Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը` ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Նա մասնավորապես նշել էր, թե հասկանում է, որ այնպիսի իրադարձությունները, ինչպիսին էր 2016թ․-ի ապրիլյան պատերազմը, իրավիճակն ավելի են դժվարացնում հայերի համար, սակայն «դառը իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։

Եվ մինչ փորձագիտական շրջանակները, քաղաքական գործիչները փորձում էին մեկնաբանել նրա խոսքերը, երեկ լրագրողների հետ զրույցում Միլսի հայտարարություններին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում Միլսի խոսքերը որակեց իբրեւ «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»։ «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ հայտարարել ենք, եւ չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինի»,- ասաց Փաշինյանը։

Եվ մինչ վերջին օրերին բոլորը զբաղված են Միլսի խոսքերը մեկնաբանելով, Արցախ են այցելում նաեւ եվրոպացի գործիչներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր շարունակ Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարմիտ Շտետինան, ով հայտնի է իր արցախամետ գործունեությամբ: Մասնավորապես, այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Արցախի մի քանի պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։

Այդ հանդիպումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Եվրախորհրդարանի պատգամավորի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե ի սկզբանե էլ Հայաստան այցելելու նպատակ չի ունեցել, այլ Արցախ մեկնելով` ցանկացել է աջակցել վերջինիս ինքնուրույնության ձգտմանը: Մասնավորապես, նրա խոսքով` ինքն արցախցիներին փոխանցել է, որ առաջին հերթին Արցախը պետք է ճանաչվի անկախ պետություն, սակայն առաջինը ոչ թե Հայաստանի, այլ որեւէ եվրոպական երկրի կողմից: Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ դրական է համարում արցախյան հարցի կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: «Իհարկե, դա ճիշտ է, որ Արցախը պետք է որոշի իր կարգավիճակը: Ես կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի Արցախի ճանաչումը, իսկ հետո հենց արցախցին պետք է որոշի իր ճակատագիր: Բայց ինձ թվում է, որ հետագայում նրանք կցանկանան լինել Հայաստանի մաս», – նշեց նա:

Սակայն պատգամավորը հակամարտության կարգավորման հարցում համաձայն չէ Ռիչարդ Միլսի մոտեցումների հետ: Նրա խոսքով` այդ տարածքների համար արցախցիները պայքարել են, եւ դրանց վերադարձը կլինի Ստալինի քաղաքականության կրկնությունը: «Ավելի լավ է տարաձայնությունները լուծել երկու երկրների միջեւ: Հնարավոր չէ ժողովրդավար երկիր Արցախը հետ տալ մի երկրի, որը բռնապետ է ղեկավարում, եւ ոչ ժողովրդավար վիճակ է: Ոչ մի դեպքում դա թույլ տալ չի կարելի: Եվ ես կարծում եմ` նրանք դրան չեն գնա», – հավելեց պատգամավորը:

Յարոմիր Շտետինան դեռ վաղ է համարում խոսել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների մասին, քանի որ նրա խոսքով` միայն մի քանի ամիս է անցել հեղափոխությունից հետո, եւ դեռ վաղ է եզրակացություններ անել: «Ես բարձր եմ գնահատում, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ բռնի, անարյուն ճանապարհով. դա ժողովրդավար մոտեցում է: Հայերը ցույց տվեցին, թե ինչպես պետք է հեղափոխություն անել առանց արյան», – հավելեց նա:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով` Եվրոպայում շատ լավ հասկանում են Հայաստանի գեոքաղաքական իրավիճակն ու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները:

«Հայաստանը ռազմական հակամարտության մեջ է իր հարեւանի հետ եւ նա հենվում է ՌԴ-ի կողմից տրվող աջակցության վրա: Ես դա հասկանում եմ, հիմա ամեն ինչ կախված է, թե ինչպես է ՌԴ-ն քաղաքականություն վարում եւ ինչպես կարելի է համգործակցել ԵՄ-ի հետ: Ես կարծում եմ, որ պետք է ճանապարհներ գտնել, որպեսզի հետագայում Հայաստանը ընկնի ոչ վիզային ռեժիմի տակ եւ որ համագործակցի ԵՄ-ի հետ», – եզրափակեց պատգամավորը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս