Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման հարցով հոկտեմբերի 22-ին կայացած ԱԺ արտահերթ նիստին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը չմասնակցեց: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Վարդան Ղուկասյանը Գյումրիում է եղել ու քվեարկության ժամին Երեւան չէր կարող հասնել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում 56 կողմ, 3 դեմ ձայներով չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» խմբակցությունները ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք սկսեցին: Արտահերթ նիստը նախատեսվում է գումարել հոկտեմբերի 29-ին: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Բայց ինչպես պարզվում է, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի մասնակցել ստորագրահավաքին: Նա դեմ է ռեյտինգային ընտրակարգի փոփոխությանը եւ հայտարարեց, որ եթե նույնիսկ ինքը ներկա լիներ, դեմ էր քվեարկելու: Ավելին` պատգամավորը նույնիսկ դեմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց պարոն Ղուկասյանին, թե ըստ նրա, ո՞րն է ընտրությունները անցկացնելու ամենաճիշտ ժամանակահատվածը: Նա իր պատասխանով, ըստ էության, հաստատեց, որ կողմ է «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը այս հարցի շուրջ:
«Չգիտե՞ք` որն է ճիշտ ժամկետը: Ամեն ինչ լավ գիտեք: «Ծառուկյան» դաշինքը իր կարծիքը ասել է: Բան չունեմ ավելացնելու»,-մասնավորապես ասաց նա:
Թե ինչու պատգամավորը օրերի ընթացքում փոխեց իր կարծիքը, այդպես էլ մնաց անհասկանալի:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ԱԺ-ն մերժեց ընտրական օրենսգրքում բարեփոխումների, լրացումների մասին օրենքի նախագիծը: Դուք այդպես էլ չքվեարկեցիք, ինչո՞ւ:
-Դեպք էր պատահել: Այդ ժամանակ դուրս եմ եկել:
-Միայն դա՞ էր խնդիրը: Այսինքն` դուք կո՞ղմ եք նախագծի ընդունմանը:
-Ես ուզում եմ էնտեղ տեսնել փոփոխություններ ՏԻՄ-ի հետ կապված: Գյումրիի եւ Վանաձորի վերաբերյալ այնտեղ փոփոխություններ չեն արվել: Ճիշտ է, քուանշային մասը վերացվել է, բայց քաղաքապետին ընտրում է ավագանին: Ես կարծում եմ` քաղաքապետը չպետք է ավագանուց կախված լինի: Եթե քաղաքապետը ավագանուց կախված է լինում, ապա դառնում է ավագանու կամակատարը:
Հիմա մեկը կասի, թե ավագանուն ընտրել է ժողովուրդը, բայց ինչի հենց ուղիղ քաղաքապետին չընտրի ժողովուրդը: Շատ է խոսվել այն մասին, որ Գյումրիում քաղաքապետը ավագանու անդամներին 300-ից 500 հազար դրամ փող է տվել: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ մի բան կա, դա փաստ է:
-Դրա՞ համար դուրս եկաք ԱԺ-ից:
-Միայն դրա համար չէ: Ես կողմ չեմ, որ ռեյտինգայինը հանվի: 1996 թվականից ես կուսակցական պատկանելիություն չեմ ունեցել, մասնակցել եմ ընտրություններին եւ Աստծո ողորմածությամբ ժողովուրդը ինձ է քվեարկել: Եղել է մի պահ, որ կուսակցությունները բոլորը իրար հետ են եղել, պետությունն էլ իրենց օգնել է, ես հաղթել եմ ժողովրդով: Ժողովուրդը հաղթել է` ինձ առաջ տանելով: Հիմա ինչի՞ եք էդպիսի մարդու ճանապարհը փակում: Եթե ասում ենք փող ունեցող մարդիկ կգան, գումար կտան, կընտրվեն, ավելի լավ է ճանապարհը փակել, իրավապահ մարմիններ գոյություն ունեն դրա համար, իսկ եթե մարդը ռեյտինգ ունի, թող անցնի: Եթե պետք է Պողոսը ձայն հավաքի, եւ Երվանդը անցնի, դրան կողմնակից չեմ: Ասեն` գիտեք, էս կուսակցությունը որոշել է, որ դուք լավ տղերք եք, մենք պիտի հավաքվենք, ասենք, որ այ սա պիտի անցնի, ես դեմ եմ սրան: Այս հարցի հետ կապված ես հիմա իմ կուսակցության հետ չեմ քայլում: Ռեյտինգայինի մեջ կան էնպիսի մարդիկ, ովքեր առանց կեղծիքի անցել են, օրինակ, ես:
-Այսինքն` եթե ռեյտինգայինը չլինի, դուք չե՞ք անցնի:
-Ես ուզում եմ, որ ռեյտինգայինը լինի:
-Եթե չլինի,չե՞ք անցնի:
-Չեմ ասի, թե չեմ անցնի: Հիմա դա չեմ կարող ասել: Իմ շանսերը, փառք Աստծո…:Ես էնքան բան եմ արել քաղաքի համար, որ չեմ էլ ուզում խոսել: Ե՛վ արյուն եմ թափել, ե՛ւ կյանք եմ դրել, ե՛ւ ամեն ինչ արել եմ: Ժողովուրդը գիտի, ժողովուրդը տեսել է:
-Մոտ ապագայի հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունեք: Հնարավո՞ր է, որ ժողովուրդը նորից ոտքի կանգնի, եւ հոկտեմբերի 2-ը կրկնվի:
-Ուրեմն մենք ամեն 2-3 ամիսը մեկ պետք է ընտրությունների գնա՞նք: Դրա համար թողնեինք մի քիչ աշխատեին: Օրինակ, որ դեկտեմբերին պետք է ընտրություններ լինեն, ես դրան կողմնակից չեմ: Թող լիներ տարվա վերջ, որ հասկանայինք` ինչ է կատարվում: Օրինակ` ես այսքան ժամանակ քաղաքականության մեջ եմ, բայց ես էլ չգիտեմ` ինչ է կատարվում: Թողնենք, թող ժողովուրդը հասկանա: Ամեն տարի ընտրություն անե՞նք: Հավաքվենք, ասենք` սա դուրըս չի գալիս, ուրեմն պիտի փոխե՞նք: Այնպես է` ես ուրախ եմ, որ ժողովուրդը հավաքվում է, ես դրա մի մասն եմ: Առաջիններից մեկն եմ եղել, որ միտինգներին եմ մասնակցել եւ ամեն ինչին էլ մասնակցել եմ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան