Ծառուկյան խմբակցության բոլոր պատգամավորները ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն է, իրենց խոսքը կատարելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասի վստահեցրեց նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Մեր ողջ թիմն այստեղ է: Արտերկրից է մարդ եկել, կնոջը թողել է դրսում: Բոլորն էլ թող տեսնեն, որ ուրիշի սարքածը մեզ չվերագրեն: Մեր խոսքը միշտ գործ է եղել: Մեզնից ինչ կախված է, որը պետք է ժողովրդին, մենք պատրաստ ենք անել: 31 պատգամավորով այստեղ ենք, մենք կատարել ենք մեր պարտքը»,-ասաց Ծառուկյանը:
Խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասի խոսելով՝ Ծառուկյանը նշեց, որ այն կախված է ժողովրդից: Ինչքան կվստահեն, այնքան էլ կտան: «Մենք հետևողական ենք լինելու, մեր ասածներն անելու ենք: Մենք քաղաքականությամբ չենք ապրում, որ դրա հաշվի հեղինակություն ձեռք բերենք»,- ասաց նա ու վստահեցրեց, որ ինքը դուրս է եկել սովորական ընտանիքից և գիտի բոլորի խնդիրները:
Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ: